Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան․ «Առանց ՀՀ-ի մասնակցության ենթակառուցվածքների բացման եւ սահմանազատման հարցերում ՌԴ-ի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են»

Հուլիս 20,2021 21:44

Այսօր «Հոդված 3» ակումբում սահմանային լարվածության մասին քննարկման ժամանակ , Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսելով այս գիշեր Երասխում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցների մասին, ասաց, որ Ադրբեջանը փորձում է քաղել պատերազմի արդյունքները, շտապում է հնարավորինս արագ պայմանագիր կնքել, միջանցք ստանալ։

Նա ասաց, որ Երասխում հայ-ադրբեջանական սահմանն, ի տարբերություն Սյունիքի եւ Գեղարքունիքի, որոնք կահավորված չեն, բավարար սահմանապահներ չկան, Երասխում սահմանը բավականին լավ է կահավորված, մեր զորքերն այնտեղ շատ վաղուց են։ Իսկ սահմանին այսպիսի լարվածություն ստեղծելու Ադրբեջանի նպատակը, ըստ պարոն Իսկանդարյանի, Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, սեղմել ցավոտ տեղերին, իսկ դրանք մարդիկ են, տարածքներն են եւ դա Ալիեւի հայտարարության դիսկուրսն է․«Ալիեւը չի երդվել, որ Նախիջեւանի ուղղությամբ հայերին ձեռք չի տա»։

Քննարկմանը մյուս մասնակից «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ ասաց՝ Ադրբեջանը շտապում է, քանի որ հասկանում է, որ ամեն ինչ կարող է փոխվել եւ միջազգային հանրությունը կարող է ռազմական հանցագործությունների համար պատասխան պահանջել, եւ հիմա իրավիճակի արհեստական լարվածությամբ նրա գլխավոր պահանջն է սահմանազատումն ու սահմանագծումը, որպեսզի ինչ-որ բան պոկի Հայաստանից, այդ թվում միջանցքի հարցը լուծի․«Իրենք են ասում միջանցք։Նրանք ուզում են հնարավորինս արագ լուծել այդ հարցերը»։

Պարոն Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ լարվածության օջախը Տավուշն է լինելու, սա դժվար չէ պատկերացնել որ նրանք այնտեղ ճնշում են գործադրելու, կախված նրանից, թե դրան որքանով կտրվի Հայաստանը․«Այստեղ Ադրբեջանի խթանն այն է, որ անվտանգության իմաստով Հայաստանն անտեր է։ Պարզվեց, որ այն անվտանգությունը, որը կառուցում էր Հայաստանը նվազագույնը 25 տարի, չկա։, ՀԱՊԿ-ը հայտարարություն է արել, որն անհասկանալի է, եւ պարզ է, որ այս ամենը ոգեւորում է Ադրբեջանին, եւ կարող է այս քաղաքականությունը շարունակել, որպեսզի ստիպի Հայաստանին գնալ զիջումների։ Ես կասեի պատերազմից անմիջապես հետո նրան հաջողվեց փաթաթել մեզ համար շատ վատ պայմանագիրը՝ եռակողմ հայտարարությունը։ Հիմա նրանց նման մի բան ավելի բարդ է անել, որովհետեւ ոչ միայն Հայաստանն է ուշքի գալիս, նաեւ միջազգային հանրությունն է տարածաշրջան գալիս, ուստի նրանք շտապում են, որ զիջումների գնանք իրանց ասած միջանցքի հարցում, իսկ ես կասեի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, առանց Հայաստանի մասնակցության, այսինքն Հայաստանը բացի ճանապարհը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ Ռուսաստանի աջակցությամբ։ Մենք տեսնում ենք, որ այստեղ համընկնում են նրանց շահերը ՌԴ-ի եւ Ադրբեջանի։ ՌԴ-ի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են նաեւ սահմանազատման հարցերում։ Անկեղծ ասած՝ ես լավ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերը հետաքրքրված այս միջանցքի բացմամբ»։

Քննարկմանը մասնակցում էր նաեւ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը մեկնաբանեց, թե այս հարցում որն է ՌԴ-ի տրամաբանությունը։ Նրա մեկնաբանությամբ, ՌԴ-ն չի կարող հաշվի չնստել Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորություններով երկրորդ պետությունն է։ Նա նաեւ նշեց, որ ՀԱՊԿ-ի՝ այս խնդիրին չմասնակցելը սպասելի էր եւ պարզ, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները տարբեր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։

Ստեփան Գրիգորյանն էլ ասաց, որ ցանկացած գիտակից մարդ կողմնակից խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հաղորդակցման ճանապարհների բացմանը, բայց Թուրքիան միշտ հայտարարում էր, որ եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներն ազատվեն, սահմանը կբացի, տարածքներն ազատված են, բայց Թուրքիան սահմանը չի բացում։

«Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց չի վերադարձնում եւ ես դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանի որեւէ ղեկավար, թեկուզ ամենալեգիտիմը, կհամաձայնվի ռազմագերիների առկայության պարագայում ստորագրել որեւէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ, նույնիսկ լինելով թույլ կամ առանց ռեսուրսների»,-ասաց պարոն Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ հաջորդ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է, բանակցություններում միշտ կարեւոր դեր է խաղացել Ռուսաստանը, համանախագահ մյուս պետությունները՝ նույնպես․ «Երեսուն տարի այս մարդիկ ասում էին՝ վերադարձրեք տարածքները եւ սկսենք կարգավիճակի հարցը քննարկել։ Հիմա մոռացե՞լ են։ Ընդ որում` ՌԴ-ն միշտ ասում էր, որ հիմա չէ, կարգավիճակի հարցը հետո կքննարկենք։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, պետք է մյուս կողմի շահերն էլ հաշվի առնեն, եւ չեմ տեսնում այստեղ մեր ռազմավարական գործընկերոջ չեզոք դիրքորոշումը, որովհետեւ ռազմագերիների վերադարձը ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ, եւ այնտեղ չկա ԱՄՆ կամ Չինաստան, այնտեղ միայն ՌԴ-ն է։ Ադրբեջանը չի վերադարձնում, հարց է ծագում՝ գուցե Ադրբեջանը կասկածի տակ է դնում ՌԴ-ի հեղինակությունը»։

Պարոն Գրիգորյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ եղավ հիմա, որ մեր ռազմավարական գործընկերն ասում է՝ կարգավիճակը հարցը հիմա կարեւոր չէ, իսկ գուցե պետք էր մեր ռազմավարական շահերը ավելի շուտ փոխեինք, երբ ՄԱԿ-ում Հայաստանը բոլոր քվեարկությունները ՌԴ-ի հետ համաձայնեցնում էր․ «Գուցե այն ժամանակ Ռուսաստանը մեզ ասեր՝ քվեարկում եք ի շահ մեզ, բայց մի նեղացեք, դուք այլեւս ռազմավարական գործընկեր չեք, եւ այս պատերազմի ժամանակ մեզ դնել փաստի առաջ, թե՝ մենք այլ շահեր էլ ունենք։ Իհարկե, պետությունը պետք է իր շահերից ելնելով։ Մենք Սիրիա խաղաղապահ փոքր խումբ ուղարկեցինք, որպեսզի դրանով լեգիտիմացնենք ՌԴ-ի -ի ներկայությունն այնտեղ եւ դա գիտակցված ենք արել, հույս ունենալով, որ դժվար պահին ՌԴ-ն կաջակցի։ Ես չեմ ասում, որ ընդհանրապես աջակցություն չկա»։ Ապա` պարոն Գրիգորյանը հիշեցրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկությունն ու դիրքորոշումներն ՌԴ շահերին համահունչ, դա ռազմավարական գործընկերության տրամաբանության շրջանակներում է․ «ԵԽԽՎ-ում Թուրքիան ՌԴ-ի դեմ քվեարկեց Ուկրաինայի հարցում, ի՞նչ է, Մոսկվան ա՞չք է փակում դրա վրա»։

Պարոն Գրիգորյանը նկատեց՝ երբ Ռուսաստանը մտնում էր Աբխազիա կամ Հարավային Օսիա, հիմնավորում էր, թե այնտեղի բնակիչներ կյանքի անվտանգությանը սպառնալիք կա, դրա համար մտանք, իսկ Ղարաբաղում ապրող հայերի կյանքը վտանգի տա՞կ չէր, երբ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր էին թափում բնակիչների վրա, երբ քաղաքացիական օբյեկտներ էին ռմբակոծում։ Ապա` դիմելով պարոն Մարկեդոնովին, պարոն Գրիգորյանն ասաց․ «Մոռացե՞լ եք այս մասին։ Մեր հանրությունը մտածում է այս ամենի շուրջ, վերլուծում։ Ես, իհարկե, կարծում եմ, որ պետք է հանգիստ աշխատենք Ռուսաստանի հետ, բայց նաեւ այլ խաղացողների հետ էլ պիտի աշխատենք։ Երեւի մեր նախկին իշխանությունների սխալն է եղել, որ միայն մեկ խաղացողի հետ են հույս կապել։ Հիմա մեզ պետք է բազմաբեւեռ քաղաքականություն վարել»։

Սերգեյ Մարկեդոնովն էլ նշեց, որ Հայաստանը պետք է զգույշ լինի եւ այլ ծայրահեղությունների չտրվի, ասելով՝ ՌԴ-ն մի բան այն չի անում, մտածի, որ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կանեն այնպես ինչպես որ պետք է։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031