Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին». Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 20,2021 22:11

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

Նիկոլ   Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ: «Կարևոր եմ  համարում բանաձևում ընդգրկված կոչը Թուրքիային՝ ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար ոչ միայն պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր է, այլև  մեր ընթացիկ իրադրության ճիշտ գնահատման և մեկնաբանության շատ կարևոր բաղադրիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքից և հավելել, որ դրանք ստացել են դինամիկ բնույթ: «Հունիսին ես Բրյուսելում հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որից հետո տեղի ունեցավ Օլիվեր Վարհեի այցը Հայաստան, որտեղ, ըստ էության, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան, որի ընթացքում ավելի կոնկրետացրեցինք մեր համագործակցության ծրագրերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն առանձնահատուկ ընդգծել է նաև Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը: «Մենք հպարտանում ենք այդ հարաբերություններով, և ասում ենք, որ ֆրանս-հայկական հարաբերություններն ունեն առանձնաշնորհյալ բնույթ: Հունիսի 1-ին շատ կարևոր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և, իհարկե, կարծում ենք, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը պիտի առաջնահերթություն լինի մեր օրակարգում: Բարձր եմ գնահատում նաև այն դերակատարումը և շահագրգիռ մասնակցությունը, որ Ֆրանսիայի նախագահն ունենում է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերի կառուցողական լուծման գործում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Դուք ցույց տվեցիք, որ ժողովրդավարությունը ձեր կարևորագույն  արժեքն է: Սա առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը: Ես այստեղ գալիս եմ, որպես Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ, մասնավորապես՝ խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, բայց նաև ինչպես ֆրանսուհի, նախագահ Մակրոնի կառավարության անդամ, որը, բնականաբար, տեղյակ է իմ այցի մասին: Շատ եմ պայքարել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հիշեցնի Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ապագան կառուցել, եթե չենք ճանաչում անցյալը: Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ինչպես շատ այլ ֆրանսիացի խորհրդարանականներ»,- ասել է տիկին Լուազոն:

Նա նշել է, որ որպես Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ՝ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ կարող է ավելին անել Եվրամիությունն օգնելու, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա և լիցքաթափվի: «Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք, արդյոք հնարավոր է շարունակել ականազերծման աշխատանքները, արդյոք հնարավոր է շարունակել օգնել տեղահանված անձանց, ինչն արդեն իսկ անում է Եվրամիության պատվիրակությունը և ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին, վերջինն ընդամենը երեկ էր տեղի ունեցել»,- նշել է տիկին Լուազոն:

Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը: «Կուզեի այս հարցով էլ իմանալ՝ արդյոք կան  բաներ, որ կարող ենք անել, որպեսզի դյուրացնենք այդ մուտքը և ապահովենք ժառանգության պահպանումը: Քիչ առաջ հիշատակեցիք հանձնաժողովի նախագահի այցը, փաստորեն Դուք ընդունեցիք նրան, հանձնակատարին և հիմա արդեն խորհրդարանի պատվիրակությանն եք ընդունում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը գտնվում է Եվրամիության ուշադրության կենտրոնում: Կուզեի իմանալ՝ որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք Եվրամիությունն ավելի մեծ ներկայություն ունենար, որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք ավելի շատ ֆրանսիական ներկայություն տեսնել»,- նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:  

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տիկին Լուազոն համարվում է Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամը և նշել. «Դուք պաշտպանում եք ճշմարտությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինչն առանձնակի կշիռ է տալիս Ձեր գործունեությանը:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031