«Երբ ստատուս քվոն կոտրվեց, ծագեցին ռազմական գործողությունների այլ ուղղություններ, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտությունից դուրս սահմանազատված եւ սահմանագծված չեն սահմանները, եւ բնական է, որ ծագում է որոշակի ցանկություն եւ գայթակղություն իրավիճակը տաք-տաք վերցնել։ Եւ այստեղից էլ առաջանում է այն խնդիրը, որ կա հիմա, եւ որը կար մայիսին Հայաստանի հարավային մասում»,-այսօր «Հոդված 3» ակումբում այս գիշեր Երասխում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը՝ սահմանային միջադեպերին չմիջամտելու մասին, պարոն Մարկեդոնովն ասաց՝ ՀԱՊԿ-ի մեկուսացումը նորություն չէ, դա բացահայտ էր անցյալ տարվա նոյեմբերին, քառօրյա պատերազմի ժամանակ նաեւ 2018-ին․ «ՀԱՊԿ-ում ընդգրկված են տարբեր պետություններ եւ նրանք տարբեր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ ՀԱՊԿ-ի կառուցվածքն է, որտեղ կոնկրետ շահերն ունեն՝ տարածարջանային առանձնահատկությամբ։ Հայաստանին էլ չի հետաքրքրում Տաջիկստանի եւ Ղրղըզստանի միջեւ հակամարտությունը, եւ դժվար թե Հայաստանն այնտեղ մտնի, եւ դժվար թե Հայաստանը ՌԴ-ի ե Ուկրաինայի սահմանային վեճի մեջ մտնի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ձգտումներին, դա չի կարող լինել միանշանակ ադրբեջանամետ կամ հայաստանամետ։ Եթե ես հիմա շփվեի ադրբեջանցի գործընկերների հետ, ես կլսեի մեղադրանքներ, թե՝ ՌԴ-ն խանգարել է Ադրբեջանի հաղթանակին, Ստեփանակերտը չենք վերցրել, խաղաղարարներ են կանգնած Ադրբեջանի սուվերեն տարածքում։ Երկու կողմերն էլ իրենց պնդումներն ունեն։ Իսկ ՌԴ-ի շահն այն է, որ այնտեղ դադարեն կրակել, որովհետեւ որքան շատ կրակեն, այնքան ավելի շատ տարբեր արտաքին միջամտություններ կլինեն, որը ՌԴ-ին պետք չէ, եւ որը տանում է նրան, որ նրա շահերն ու հնարավորությունները Հարավային Կովկասում նվազեն»։
Քաղաքագետն անդրադառնալով Մեղրիի միջանցքին, ասաց՝ այստեղ Ռուսաստանի տրամաբանությունն այն է, որ հայ-ադրբեջանական նախկին բոլոր մոտեցումները չեն աշխատում, ուրեմն փորձենք տնտեսական շահերի միջոցով՝ ապաշրջափակման միջոցով կողմերին ստիպենք պրագմատիկ լինել եւ գուցե դա անցնի։
«Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման եւ սահմանագծմամբ գործընթացում ՌԴ-ի դերը բացառիկ է, եւ համաձայն է ՌԴ-ի առաջարկների հետ։ Հիմա նա վերընտրվել է, ՍԴ-ն էլ, որի կազմի մի մասը դեռ Քոչարյանի ժամանակից են, լեգիտիմ համարեց ընտրության արդյունքները, հիմա այս գործչն ընտրվել է ու ՌԴ-ի դիրքորոշումը ընդունելի է համարում»,-ասաց քաղաքագետը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել տարածաշրջանում արտաքին խաղացողների հետ․ «Ինչպե՞ս հաշվի չնստել 80 միլիոնանոց երկրի հետ, որի ռազմական հնարավորությունները ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում են եւ այս պետությունը (նկատի ունի Թուրքիան, Ն․Բ․ ) ՆԱՏՕ-ից դուրս չի գալիս եւ այս պետության հետ լարվածությունը հեռանկարում հնարավոր է, hղի է սպառնալիքներով, այդ թվում՝ այդ բլոկի հետ բախումներով։ Սա է իրականությունը։ Ի հայտ է եկել նոր ստատուս քվո, ի հայտ են եկել նոր խաղացողների եւ նոր պնդումներ այս տարածաշրջանում եւ այդ խաղացողի հետ ՌԴ-ն բարդ հարաբերություններ ունի Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, եւ այս ամենը պահանջում է շահերի լուրջ կշռում»։
Մարկեդոնովն անդրադառնալով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներին, ասաց․ «Ես չեմ կարծում Ֆրանսիայի դիտարկումները լուրջ են, Մակրոնը կարող է գեղեցիկ խոսքեր ասել, առջեւում նախագահի ընտրություններ են, նրան պետք է ցույց տալ, որ պայքարում է իսլամական սպառնալիքի դեմ, մի քանի հայտարարություն կանի, խորհրդարանում Ղարաբաղը ճանաչելու մի երկու բանաձեւ կընդունեն, բայց դա իրավիճակի վրա չի ազդի։ Արտաքին իրական խաղացողները, որոնք տարածաշրջանում աշխատում են՝ Ռուսաստանն է, Թուրքիան եւ ես ԱՄՆ-ին էլ հաշվի կառնեի, որովհետեւ նա ուշադիր հետեւում էն իրավիճակին։ Այն, որ տարածաշրջանում իրավիճակը խաղացվում է Եվրասիական հսկաների մասնակցությամբ՝ ՌԴ, Թուրքիա եւ Իրան, առանց ԱՄՆ-ի օրհնությամբ եւ աջակցությամբ, Վաշինգտոնն այնքան էլ գոհ չէ։ Այս ուղղությունը Վաշինգտոնի համար դեռեւս կրիտիկական կարեւոր չէ․ «Ցանկացած պարագայում, այս խաղացողները բոլորն իրենց շահերից ելնելով են գործելու։ Որեւէ երկիր չի անի որոշիչ ընտրություն մեկի կամ մյուսի կողմը։ Եւ ի վերջո, Մոսկվան կարող է իրեն թույլ տալ սպասել, նա ներքաշված է տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների մեջ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ