Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի «Րաֆֆի» համալիրը 40 տարեկան է. լույս է տեսել հոբելյանական գիրք

Հուլիս 20,2021 18:22

Իրանում լույս է տեսել Հայ Մարզա-Մշակութային «Րաֆֆի» համալիրի 40-ամյա պատմությունը ներկայացնող գիրք: Գիրքը խմբագրել և հրատարակել է դոկտ Ռուբիկ Սարդարյանը. Նա եղել է համալիրի վարչության անդամ՝ նախագահ, փոխնախագահ, սկաուտական բաժնի պատասխանատու, իսկ հիմա Կիլիկիո կաթողիկոսության եկեղեցական թեմի պատգամավորական ժողովի անդամ է:

Գիրքը բաղկացած է 386 էջից և իր մեջ ներառում է 592 լուսանկար:

Ռ. Սարդարյանն առանձին բաժիններով ներկայացրել է Թեհրանի հայկական թաղերի մարզական կյանքը, սկզբնական խմբերի ձևավորումն ու ֆուտբոլի զարգացումը: Թեհրանի հայերը մինչ երկրի իսլամական հեղափոխությունը՝ 1979 թվական, ունեին միայն մեկ ֆուտբոլի դաշտ՝ «Արարատ» մարզավանում. Թեհրանը մեծ քաղաք է և որոշ թաղերի հայ պատանի-երիտասարդների համար դժվար էր «Արարատ» մարզավան հասնելը, ուստի և Նարմաք-Զարքեշ-Վահիդիե թաղերի հայերը քաղաքամասի պետական մարմինների օգնությամբ իրենց մոտ տարածքում վերցրեցին քարքարոտ և լքված մի հողամաս՝ 6.000 քմ, տարիների ընթացքում դա մաքրեցին, սկզբնական շրջանում օգտագործեցին որպես ֆուտբոլի դաշտ, հետո ժողովրդի նվիրատվությունների շնորհիվ շենք-շինություն կառուցեցին: Ապա հիմնադրեցին մարզական, մշակութային և սկաուտական զանազան խմբեր: Ահա այս հետևողական և արգասաբեր աշխատանքի պատմությունն է, որ խնամքով ի մի է բերել հեղինակը:

Գրքում մանրամասն կերպով ներկայացված են մարզական բոլոր խմբերի հիմնադրման պատմությունը, զարգացումն ու ձեռքբերումները. դրանք են՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թեթև ատլետիկա, կարատե, լեռնագնացություն, ժայռամագլցում, քիք բոքսինգ, շախմատ և սեղանի թենիս: Հաջորդ բաժնում ներկայացված են արվեստի խմբերը՝ թատրոն, ասմունք, երգչախումբ, պարախումբ, գործիքային խմբեր, գրական խմբակներ, ապա նաև սկաուտական՝ մանկական՝ կանանց ու երեցների բաժանմունք:

Գրքից տեղեկանում ենք, որ «Րաֆֆի» համալիրը համագործակցել է նաև հայրենիքի և սփյուռքի տարբեր կառույցների հետ, անգամներ պատվիրակություն է ուղարկել Արցախ, նվիրահավաք է կազմակերպել և սկաուտական խմբեր է ուղարկել Հայաստան կամ Արցախ: Համալիրի հարկի տակ հյուրընկալվել են հայրենի անվանի մտավորականներ, գրողներ ու խմբագիրներ, պետական այրեր, կազմակերպվել են գրքերի շնորհանդեսներ: Համալիրում ընթացել են մարզական և մշակութային համաքաղաքային ու համահայկական մեծ միջոցառումներ: Համալիրի վարչությունը կազմակերպել է Ամանորի դիմավորման հանդես, Սբ Զատիկ, Բյուրավոր նահատակաց օր, Տյառնընդառաջ, Մայրերի Օր, Մայիսի 1, Համբարձման տոն և Իրանի ու Հայաստանի Ազգային տոներ: Գրքի բոլոր լուսանկարները ներկայացված են դասակարգված, Թեհրանի հայ համայնքի պատմությունն ուսումնասիրելու համար հարուստ աղբյուր են:

Համալիրի վարչական գործերը հասարակական հիմունքներով իրենց վրա են վերցրել անդամները, կազմել են վարչություն, որը փոխվում է երկու տարին մեկ: Վարչությունը կապ է պահում նաև հայ եկեղեցական և համայնքային մարմինների, երկրի խորհրդարանի հայ պատգամավորների, քաղաքի մարզական պատասխանատուների և քաղաքապետարանի հետ: Վարչությունը հետամուտ է նաև, որպեսզի պետական և համայնքային միջոցներով համալիրի շենք-շինության տակի հողամասը գնել:

«Րաֆֆի» համալիրն ակտիվորեն մասնակցում է նաև պետական և հայկական համայնքային ընտրություններին: Իրանում դեռ չի գործում կուսակցությունների մասին օրենք և դրա համար հայերը զանազան ընտրություններին՝ թեմի պատգամավորական ժողով, խորհրդարանի հայ պատգամավորներ, երկրի նախագահի և քաղաքային խորհրդի ընտրություններին, մասնակցում են հասարակական միավորումների միջոցով: Այս մասին ևս բավարար տեղեկատվություն կա գրքում:

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031