«Խնդրում եմ հաջորդ անգամ հարցը ձեւակերպելիս օգտագործել բոլոր այն եզրույթները, որոնք օգտագործվել են հունիսի 7-ից մինչեւ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն էր: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր. «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Արամ Վարդեւանյանն ասաց. «Խնդրում եմ, մի հատ վարժություն կատարենք: Եթե պարոն Մանուկյանը իր հայտարարություններն անելիս իր ձեռքին ունենար մուրճ, բայց անպայման նշեր, որ այդ մուրճը ՀՀ անվտանգության վերականգնման, կապիտուլյացիոն փաստաթղթից հրաժարվելու մուրճի սիմվոլն է, այդ մուրճը, օրինակ, պետք է բոլորի գլխին ջարդվի, ովքեր առնչություն ունեն կապիտուլյացիոն փաստաթղթի հետ, կարող եք նույնիսկ այդ վարժության շրջանակներում տեսնել դատախազության արձագանքը ՍԴ-ում…: Կարծում եմ, դրանից հետո հաշվի առնելով, որ ՀՀ դատախազությունը որեւէ երկակի ստանդարտ չընդունող մարմին է, համոզված եմ, որ այդ նույն տրամաբանությունը իրենք կիրառելու են նաեւ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործին: Նրանք ՍԴ-ում հայտարարում էին, որ եթե անձը քաղաքական գործիչ է, իր հայտարարություններում պետք է ունենա չափազանց մեծ ճկունություն, ընդհուպ մինչև գլուխներին ջարդելը դա գլուխներին ջարդել չէ: Ես կարծում եմ, դատախազությունը նույն վարքագիծն է դրսեւորելու: Վստահ եմ, դու էլ եք այդ կարծիքին, որովհետեւ այս 3 տարիների ընթացքում մենք տեսել ենք դատախազությունն ինչ աստիճան միասնական պրակտիկա է ձեւավորել եւ ոչ մի տարբերակում չի դրել ՔՊ-ի հետ առնչություն ունեցող անձանց եւ ընդդիմադիր ուժերի միջեւ»,- հեգնեց Վարդեւանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ