Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վահե Միսակյան) տեղի ունեցավ պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը քննեց Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը: Դատական նիստին մասնակցում է Արմեն Չարչյանը: Նիստին ներկա էր նաև Արմեն Չարչյանը:
Նրան դատարանի դահլիճում դիմավորեցին ծափողջյուններով:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվեց։
Հունիսի 24-ին Արմեն Չարչյանի պաշտպանները ներկայացրին վերաքննիչ բողոք: Այն մերժվեց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու էր, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչ Էրիկ Ալեքսանյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել այն պատճառով, որ ոչ միայն առկա չեն կալանավորման հիմքերը, այլև առկա չէ կալանավորման պայմանի հիմնավոր կասկած»: Նա փաստեց՝ պարոն Չարչյանի և որևէ վկայի միջև առերեսում չի կատարվել ու նշեց. «Դատախազն ասում էր՝ գործ ունենք 280 վկայի հետ: Հնարավոր է՝ այս փաստարկը ձևական է, ինքնանպատակ այն տեսանկյունից, որ դատախազությունը չի հարցաքննել բոլոր այդ վկաներին: Մեղադրական եզրակացության մեջ դատակոչված է ընդամենը 49 վկա»: Ամփոփելով Էրիկ Ալեքսանյանը պնդեց՝ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով:
Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը պահպանելու հիմքեր առհասարակ առկա չեն, խափանման միջոցի անհրաժեշտություն առկա չէ:
Մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանն առարկեց պաշտպանների միջնորդությանը և դատարանին հորդորեց մերժել այն: Ու հայտարարեց. «Արմեն Չարչյանի պաշտպանները փորձում են տպավորություն ստեղծել, թե խափանման միջոցի մասին կայացված որոշումներն անհիմն են: Չեմ կարծում, որ դրա համար նրանք բերում են հիմնավոր փաստարկներ: Պաշտպանական կողմի պնդումները վերացական են: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված փաստարկները հիմնավոր են, ձեռք չեն բերվել նոր հանգամանքներ, որոնք հերքում են կասկածը, այլ էլ ավելի են հիմնավորվում հիմնավոր կասկածը»:
Դատախազը նշեց՝ որևէ կերպ չի նվազել առկա ռիսկը, որը դատարանների կողմից արձանագրվել էր, որ Արմեն Չարչյանը կարող է ազդեցություն գործել: Դատախազն ասաց՝ հաշվի առնելով Արմեն Չարչյանի բոլոր դրական հատկանիշները, արժանիքները, հենց դա էլ նրան թույլ է տալիս նման եզրակացություն անել:
Դատական նիստի ընթացքում Արմեն Չարչյանը հայտարարեց. «Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և չմնալու: Չմնալու գերակա շահը ՀՀ քաղաքացիների առողջությունն է, որովհետև ես ամեն ամիս անձամբ կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսներն անել չեն կարողանում, կամ չեն կարողանում անել այդ մակարդակով: Յուրաքանչյուր ամիս ես հսկում եմ 200-250 վիրահատություններ տարբեր հիվանդանոցներում, որտեղ իմ աշակերտներն են աշխատում: Մեկ ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել»:
Կողմերի դիրքորոշումները լսելով՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 21-ին՝ ժամը 12:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ