«Նախեւառաջ պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա: Դրանից հետո կառաջանա բազմաթիվ ճանապարհներ, այդ ճանապարհների մեջ արդեն քաղաքական վեճեր կլինեն՝ ո՞ր ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով իր քաղաքական առաջիկա ծրագրերի մասին:
Անդրադառնալով Երասխում ստեղծված իրավիճակին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են մի ուրիշ տեղ: Հիմա ես չմտնեմ այդ զինվորական ենթադրությունների, մանրամասնությունների մեջ: Բայց մի բան շատ հստակ է՝ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվի հարց էր ու իրենք լուծում են այդ հարցը, իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա: Եվ իրենց համար դա ստրատեգիական նշանակություն ունի: Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվա առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ