«Անկանոն օդ են կրակել մի երկու հատվածում։ Հիմա նորմալ է, գյուղը իր առօրյա կյանքով ապրում է։ Ասեմ, որ նպատակաուղղված կրակոցներ չեն եղել։ Օդ են կրակել ուղղակի, հավայի իրենց համար»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ անդրադառնալով անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Տեղ համայնքի հատվածում հնչած կրակոցներին։
Անկանոն կրակոցները մոտ երեք ժամ են տեւել։ Ներսես Շադունցը չի հիշում նման դեպք, որ այսպես ինտեսիվ կրակեն։ «Հատուկենտ կրակոցներ լսվել են, բայց ինտեսիվ անընդհատ չեն կրակել։ Ոգեւորվել են, իրենց մոտ Բայրամի տոնն է»,–ասում է համայնքի ղեկավարը։
Ներսես Շադունցի խոսքով՝ նման միջադեպեր սահմանամերձ համայնքներում երբեք չպիտի բացառել։ «Հիմա ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց արտերում են, բերք են հավաքում, խոտ են հնձում, ի՞նչ է եղել որ։ Նորմալ է»,–ասում է նա։
Հակառակորդի առաջխաղացում չի եղել՝ իրենք իրենց դիրքերում կանգնած են։ «Կամ ով է թողնում, որ առաջ գան։ Ուղղակի էն օրը մտան մեր տարածք, երբ գյուղի կոմբայնավարը մտել էր իրենց տարածքը ու դուրս եկել; կոմբայնավարին մեր տարածքում հանդիպեցին, հարցուփորձ արեցին, թե ինչու մտավ, ինչ արեց»,–ասում է համայնքի ղեկավարը՝ նշելով, որ բանակցությունների արդյունքում միջադեպը հարթվել է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, հուլիսի 19-ին Տեղի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Տեղ գյուղի լուսանկարը՝ Սաթենիկ Իսունցի