Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք տեղյա՞կ եք, որ մի հատ տղա վերջերս մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում եւ ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդեմ, վրեժ». Վազգեն Մանուկյանը բարկացավ

Հուլիս 20,2021 17:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր. «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Դա որակվում է որպես իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ ու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:

Լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ այդ արտահայտությունները քաղաքական են: Նա բարկացավ լրագրողներից մեկի այն ձեւակերպումից, որ քաղաքական հայտարարության մեջ հնչել է կոչ, որը, ըստ մեղադրողի, Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք է եւ հարցրեց. «Դուք տեղյա՞կ եք, որ մի հատ տղա վերջերս մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում եւ ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդեմ, վրեժ, պողպատյա մանդատ…եւ այլն: Երբ որ այդ հարցը Սահմանադրական դատարանում բացվեց, դատախազը հայտարարեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի հայտարարություններ անելու: Իմ արտահայտությունը անհամեմատ ավելի մեղմ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031