Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը երկրից չի կարող գնալ. դատարանը նրա գործով խափանման միջոցը թողեց անփոփոխ

Հուլիս 20,2021 16:59

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր. «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Դա որակվում է որպես իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով ու որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Այսօրվա նիստում Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը միջնորդություն ներկայացրեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված այդ խափանման միջոցը վերացնել: Ըստ նրա, հիմք չկա այդպիսի միջոց կիրառելու՝ ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ մինչ օրս Վազգեն Մանուկյանը դրսեւորել է պատշաճ վարքագիծ:

Պաշտպանական կողմը գտնում է, որ այդ խափանման միջոցն ընտրվել է՝ ենթադրությունների հիմքով, ենթադրել են, թե կխուսափի Վազգեն Մանուկյանը ներկայանալ գործի քննությանը:

Մեղադրող կողմը պնդեց միջնորդությունը՝ ասելով. «Որպես այդ խափանման միջոց կիրառելու հիմք նշվել է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Վազգեն Մանուկյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով կարող է խոչընդոտել միջդատական վարույթում գործի քննությանը, մեղադրանքի բովանդակության մեջ նշված հայտարարության նման կամ այլ գործողություններ կարող է անել՝ Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքներ: Այս հիմքերը դեռեւս չեն վերացել, ուստի միջնորդությունը պետք է մերժել»:

Վարդեւանյանը զարմացավ՝ Վազգեն Մանուկյանի ստորագրությունը չհեռանալու մասին ինչպե՞ս պետք է զսպեր նոր արարքներ կատարելուն եւ խոչընդոտեր ռիսկը:

Դատական գործին ներգրավվեց նաև երկրորդ պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը: Դատարանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այնուհետեւ հրապարակվեց որոշումը՝ միջնորդությունը մերժվեց, այսինքն, Վազգեն Մանուկյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին ընտրված խափանման միջոցն ուժի մեջ է:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031