Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահեցնում եմ, որ թեեւ իրենք պնդում են, թե սիրողական մակարդակի խաղացող են, նրանց մեջ կան շատ լուրջ շախմատիստներ»

Հուլիս 20,2021 16:43

Այսօր շախմատի միջազգային օրն է: Այդ առիթով Զինվորի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ ուժերով երկրորդ անգամ անցկացվեց շախմատի մրցաշար՝ այստեղ վերականգնողական շրջան անցնող զինվորների եւ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների միջեւ:

Թե որ թիմը հաղթեց, էական չէ: Մասնակիցներին եւ ներկաներին հաշիվն առանձնապես չէր էլ հետաքրքրում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը. որ մասնակցեց մրցաշարին, ասաց. «Սպորտում առաջնային էմոցիան հաղթանակն է ու մենք փորձում էինք ազնիվ պայքարում մեր թիմի համար ապահովել այդ հաղթանակը: Ես Ավետիս Զարգարյանի հետ խաղում կրեցի մեկ պարտություն եւ տարա մեկ հաղթանակ: Բայց կարեւորն այն էր, որ տղաներն ամբողջովին նվիրվել էին իրենց առջեւ դրված խնդիրները լուծելուն: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը՝ Զինվորի տանը շախմատի մրցաշար կազմակերպելը, արդեն բարի ավանդույթ է դարձել: Տղաները բավարարվածության խորը զգացում ունեն, որ ուշադրության կենտրոնում են, եւ նրանց մի մասը կարողացավ հաղթական միավորներ բերել ր թիմին:

Տպավորություն կար, թե ես խաղում էի պատգամավորների թիմից, սակայն ավելի ճիշտ ձեւակերպումն է, որ ես խաղում էի զինվորների հետ, խաղում էի Զինվորի տանը: Միանշանակ մեծագույն պատիվ է, որ կարողացա ոչ-ոքի անել հերոսի հետ խաղում»:

ԱԺ իմքայլական պատգամավոր, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը կրկին հանդիպեց Եղիշե Ավագյանի հետ, որին անցած տարի պարտվել էր: Պատգամավորը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտական է տրամադրված եւ որ ռևանշի հնարավորություն է ընձեռվել իրեն: Այսօր «վաղեմի մրցակիցների» միջեւ գրանցվեց 1:1 հաշիվ, սակայն ընդհանուր առավելությունը մնաց Եղիշեի օգտին՝ 2:1: «Այսօր լրագրողները հարց հնչեցրին, թե ինչ էմոցիաներ էին տիրում մրցաշարում: Որքան հասցրեցի տեղեկանալ, բոլոր պարտիաներում էլ թեժ պայքար էր ծավալվել: Ո՞ր թիմն է հաղթել, դեռ չգիտեմ: Բայց դա կարեւոր էլ չէ: Այս նախաձեռնության նպատակը շախմատի տարածումն է, մասսայականացումը, որպեսզի Հայաստանում շախմատը լինի ավելի սիրված, որ բոլորը խաղան շախմատ: Եվ այն, որ,թերեւա, առաջնայինն է այսօրվա համար, որպեսզի պատերազմում վիրավորում ստացած մեր զինվորների առօրյան ինչ-որ առումով կարողանանք փոխել, լցնել հետաքրքրություններով եւ, ինչու ոչ, բացահայտել նաեւ տաղանդներին: Վստահեցնում եմ, որ թեեւ իրենք պնդում են, թե սիրողական մակարդակի խաղացող են, նրանց մեջ կան շատ լուրջ շախմատիստներ»:

 

Aravot.am-ը Մխիթար Հայրապետյանից, որ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր չի լինելու, հետաքրքրվեց, թե մտադի՞ր է շարունակել գլխավորել Երեւանի շախմատի ֆեդերացիան: Պատասխանը դրական էր:

Իսկ հնչած հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, պատասխանեց. «Աշխատանքային հարաբերություններ ունենք: Նորմալ հարաբերություններ են: Կարծում եմ՝ ժամանակն էլ ցույց տվեց, որ կառուցողական մթնոլորտում աշխատելու պարագայում ամբողջ ոլորտն է դրանից շահելու»: Սակայն նա հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ պատճառով են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը այսուհետեւ ԱՄՆ-ում խաղալու որոշում կայացրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031