Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում՝ ներկայացնել իրական մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը». Նատալի Լուազո

Հուլիս 20,2021 16:52

Հուլիսի 20-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:

Ողջունելով հյուրին՝ հայ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ֆրանսիացի բարեկամներին տարբեր նախաձեռնություններում մշտապես Հայաստանին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրին իրավիճակը տարածաշրջանում՝ այն գնահատելով լարված: «Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ծայրահեղ ագրեսիվ հայտարարությունների եւ գործողությունների: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն հանդես է եկել ՀՀ տարածքների հանդեպ նկրտումներով»,-ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Նշվեց, որ մի քանի օր առաջ Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակահերթեր արձակել հայկական զորամիավորումների ուղղությամբ, ինչի հետեւանքով ունենք զոհ ու վիրավոր:

Այս համատեքստում կարեւորվեց միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա՝ խուսափելու հետագա զարգացումներից:

Նատալի Լուազոն մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա էսկալացիայի, բոլոր հայ ռազմագերիների վերադարձման, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի վերաբերյալ:

«Այսօր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ ֆրանսիացին գիտի՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ֆրանսիացի գիտի՝ որքան է տառապել հայ ազգը նախկինում եւ սգում է այսօրվա կորուստները: Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում, այն է՝ ներկայացնել եվրոպացի գործընկերներին իրական մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը»,-նշեց Լուազոն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հայ խորհրդարանականները կարեւորեցին եվրոպացի գործընկերների աջակցությունը:

Նշվեց, որ բարեփոխումների լիարժեք իրականացումը հնարավոր կդառնա միմիայն տարածաշրջանում կայունություն ապահովելու պարագայում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031