Լրահոս
Օրվա լրահոսը

Ակումբում մասնակիցներին նախօրոք հանձնարարվում են գրքեր, որոնց շուրջ` ընթերցումից հետո ընթանում է քննարկում

Հուլիս 20,2021 16:10

«Զանգակ» գրատունն արդեն 9 տարեկան է, այն առաջին անգամ բացվել է 2012 թվականին Կոմիտաս 49 հասցեում, որից հետո ընդլայնվել է ու այսօր ունի մի շարք մասնաճյուղեր։ Առաջիկայում «Զանգակ»-ի հերթական մասնաճյուղը կբացվի։ «Զանգակը» դարձավ մեծ գրատների ցանց, նպատակ ունենալով խթանել ընթերցանությունը, գրքի տարածումը, իսկ այդ նպատակին հասնելու համար իրականացրել ու իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ, հանդես ենք գալիս մի շարք խոշոր ծրագրերով։ Պատրաստվում ենք «Գրքի երեւանյան փառատոն»-ին։ Այս տարվա մեր ծննդյան տոնն էլ խորհրդանշական էր նրանով, որ ընթերցողին հանձնեցինք մեր կայքը` zangakbookstore.am, որը մեծ բազա է` լի հնարավորություններով գոհացնելու ցանկացած ընթերցողի, գտնելու իր նախընտրած գիրքը, ստանալու ինֆորմացիա եւ պատվիրելու։ Շեշտակի հետեւելու ենք կայքին, դրա բարելավմանն ու առաջընթացին, քանի որ նախատեսում ենք այդտեղ ներդնել այնպիսի համակարգեր, որոնք նմանը չունեն Հայաստանում ու դրանց միջոցով էլ ավելի ժամանակակից դարձնել գրքի գնման պրոցեսն ու շարժվել ժամանակին համընթաց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Զանգակ» գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը։

«Զանգակը» վերջին շրջանում հանդես է եկել մի հետաքրքիր ծրագրով, որը կոչվում է «Տարբեր ակումբ», սա ակումբ է փոքրիկ ընթերցողների համար, որոնց հետ ամեն շաբաթ կազմակերպվում է հանդիպում։ Ակումբը վարում է Սերգեյ Սարգսյանը։ Ակումբում մասնակիցներին նախօրոք հանձնարարվում են գրքեր, որոնց շուրջ` ընթերցումից հետո  ընթանում է քննարկում։

«Ունենում ենք նաեւ բազմաթիվ հանդիպումներ, գրքի շնորհանդեսներ, որոնք մարդկանց ավելի մոտ են դարձնում գրականությանը։ 2 շաբաթ հետո Երեւանում շատ մեծ շուքով նշվելու է «Գրքի երեւանյան փառատոնը», ինչին մասնակցում է նաեւ «Զանգակ» գրատունը։ Այս ամենից զատ, նշեմ, որ ամռանը մեզ մոտ շատ ակտիվ է մանկական գրքերի վաճառքը ու մենք աշխատում ենք ավելի հետաքրքիր, գեղեցիկ գրքեր ներկայացնել ընթերցողներին, որովհետեւ հիմա երեխաներին գրավելու ու դեպի գիրքը բերելու համար բավարար չէ միայն բովանդակությունը, շատ կարեւոր են նաեւ տպագրական աշխատանքն ու տեսքը»,- ասաց Աստղիկ Օհանյանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031