Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՎԻԴ-ի շրջանում մեծ թվով գործազուրկներ ունեցանք, կային մարդիկ էլ, որոնք պարզեցին, որ գրանցված աշխատող չեն. ինչու պետք է փոփոխվի Աշխատանքային օրենսդրությունը

Հուլիս 20,2021 16:00

ՔՈՎԻԴ-19-ի շրջանում գործազրկության մեծ թիվ ունեցանք եւ շատերը չկարողացան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, քանի որ աշխատանքային հարաբերությունների իրավական հիմքեր չունեին եւ օրենքով պաշտպանված չէին: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը: Առցանց քննարկման թեման էր «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում»:

Ըստ տիկին Առաքելյանի, ներկայումս Աշխատանքային օրենսգրքում իրականացվում են բարեփոխումներ եւ իրենց կազմակերպությունը այդ առիթով մի շարք առաջարկություններ ունի:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանի խոսքով, միայն օրենսդրության բարելավումը բավարար չէ, որպեսզի իրավիճակը փոխվի: Կան չգրանցված աշխատողներ սպասարկման, ծառայությունների մատուցման ոլորտում, ամենատարածված խնդիրներից է նաեւ վերջնահաշվարկների վճարումը. իսկ անվտանգության պայմանների ապահովման հարցը ոչ միայն հակահամաճարակային խնդրի տեսանկյունից է, այլ առհասարակ աշխատանքային ոլորտում՝ առողջապահության, արդյունաբերության եւ այլ տեղերում:

«Բոլոր այն նորմերն ու կարգերը, որոնք վերաբերում են անվտանգության կանոններին՝ խիստ կանոնակարգման եւ վերանայման կարիք ունեն»,-ասաց Վիոլետա Զոփունյանը: Ըստ նրա խնդիրներ ունեն նաեւ գործատուները եւ ՔՈՎԻԴ-ի շրջանում նրանց համար էլ դժվար էր ապահովել ու պահպանել աշխատատեղերը եւ մնացած բոլոր պայմանները:

Աշխատակիցների իրավունքների առնչությամբ էլ ասաց, որ խնդիր կա իրազեկված լինելու: Տիկին Զոփունյանի խոսքով, շատ աշխատակիցներ ՔՈՎԻԴ-ի ժամանակ են պարզել, որ իրենց հետ ոչ թե աշխատանքային պայմանագրեր են կնքված, այլ ծառայության մատուցման. «ՔՈՎԻԴ-ի շրջանում մարդիկ կային, որոնք պարզեցին, որ գրանցված չեն եւ չեն համարվում աշխատող»:

Նրա խոսքով, իրազեկվածության պակաս ունեն ոչ միայն աշխատակիցները, այլ նաեւ գործատուները. «Կան ՓՄՁ ոլորտի կազմակերպիչներ, որոնք ոչ այնքան մանրամասն են ուսումնասիրում կարգավորող օրենսդրությունը եւ չեն կարող հասկանալ՝ որ դեպքում՝ ինչ իրավահարաբերություն պետք է ստեղծեն իրենց աշխատակիցների հետ: Լինում են դեպքեր, որ հենց աշխատակիցները չեն ուզում, որ իրենց հետ պայմանագիր կնքեն, օրինակ՝ ստանում են պետությունից նպաստ եւ չեն ուզում, որ գրանցվեն»:

Ըստ Նաիրա Առաքելյանի, երբ ոտնահարվում են աշխատակիցների իրավունքները շատ քիչ դեպքերում են, որ դրանք լուծում են ստանում դատական կարգով, ուստի տեսչական մարմնի լիազորությունների ավելացումը հնարավորություն կտա արտադատարանական կարգով վեճերը լուծել եւ նաեւ զգոնությունը պահպանել. «Մեր նպատակը ոչ միայն աշխատողների իրավունքները պաշտպանելն է, այլ նաեւ գործատուների իրավունքները: Մենք ուզում ենք այնպիսի կարգավորում լինի, որ երկուստեք այդ իրավահարաբերությունները կարողանան կարգավորել ի շահ երկուսի, որովհետեւ լինում են դեպքեր, երբ գործատուներն էլ են խնդիրների առաջ կանգնում: Կան դեպքեր, որ փոքր գործատուները հնարավորություն չունեն տիպային պայմանագրեր կնքելու, դրա համար հավելյալ աշխատողներ են պետք եւ մենք ստեղծելու ենք հարթակ, որտեղ լինելու են տիպային պայմանագրեր, որտեղից կարող են գործատուները եւ աշխատողներն օգտվեն այդ պայմանագրերից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031