Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրադարանում պետք է այնպիսի պայմաններ լինեն, որտեղ ընթերցողն ապրի, ժամանակ անցկացնի». Վահրամ Դումանյան

Հուլիս 20,2021 15:01

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Ժամանակակից արվեստի, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունների աշխատակիցների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտային առանձնահատկություններին, պետական քաղաքականության մշակմանը, մշակույթի միջոցով հասարակական միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր:

«Մեր նպատակն է մշակույթի և կրթության ճիշտ համադրմամբ և հստակ քայլերով լրացնել հասարակության մշակութային պահանջմունքը, որն այսօր բաց է»,- ասել է նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍՆ մշակույթի ոլորտը համակարգող վարչությունների աշխատակիցները ներկայացրել են իրենց ոլորտների խնդիրները, հուզող հարցերն ու առաջարկները: Քննարկման առանցքում գրադարանային և թանգարանային միջավայրերի բարելավումն էր, արդիականացումն ու դրանք «հասարակական առողջացման» կենտրոններ դարձնելը:

«Գրադարանում պետք է այնպիսի պայմաններ լինեն, որտեղ ընթերցողն ապրի, ժամանակ անցկացնի, իսկ թանգարանն այնտեղ պահվող ժառանգությամբ պետք է սոցիալ-կրթական միջավայր դառնա»,- ընդգծել է Վ. Դումանյանը:

Առանձնակի քննարկվել են թանգարաններում նախատեսված կրթական ծրագրերի պատշաճ իրականացումն ու շարունակականության ապահովումը՝ թիրախավորելով նաև մարզային կենտրոնների ներգրավումը, հուշարձանների պահպանությանն ու դրանց վերականգնմանն առնչվող հարցերը:

Նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել մեր պատմությունն ամբողջականացնող ցաքուցրիվ քանդակների հավաքագրումը և դրանց՝ մեկ վայրում տեղակայումը՝ որպես մշակութային ժառանգություն. «Այսօր անհայտ է, թե որտեղ է գտնվում Բանվորի արձանը, մինչդեռ այն մի ամբողջ պատմական ժամանակաշրջան է բնորոշել և մշակութային արժեք էր: Ու թեև արձանը չկա, բայց տեղանքը շարունակում է նույն կերպ կոչվել. սա էլ է մշակույթ»:

Անդրադառնալով արվեստի ոլորտին և մատնանշելով արվեստագետների, մտավորականների դերը հասարակության կյանքում՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունեն հոգևոր սննդի: Այս համատեքստում քննարկվել են նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, Պատանի հանդիսատեսի թատրոնը ԿԳՄՍ համակարգման ոլորտ ներառելու, թատերարվեստի որակը բարելավելու, դերասանական կազմի ընտրությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031