«Եթե ասում ես, որ բախումների հավանականություն կա, ապա դա ենթադրում է երկիրը նվազագույնը նախապատրաստական աշխատանքների մեջ տեղափոխում։ Անգամ եթե լայնածավալ բախումներ չլինեն, տեղային էսկալացիայի ռիսկի պարագայում գործողություններ պետք է արվեին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում հակառակորդի կողմից լարվածությանը նախորդած՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը բախումներ է պատրաստում Նախիջեւանի հետ հատվածում՝ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ նման բան ասելուց հետո քայլեր կան, որոնք հանրության համար պետք է տեսանելի լինեին։
«Հակված եմ կարծելու, որ իշխանությունը քաղաքական, ռազմական տեսանկյունից քայլեր չի անում։ Մտահոգություն է առաջանում, որ սա գծված խաղի տրամաբանության ներքո է։ ՀՀ-ին պարտադրված նոր զիջումները չեն կարող լինել խաղաղ պայմաններում, ուստի իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ, ուռճացված սպառնալիքներ փոխանցելով՝ հետագայում փորձելու է արդարացնել իր զիջումները։ Նույն հիմնավորմամբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի իննի փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնումը պատճառաբանում էր պատերազմի սպառնալիքով։ Հիմա մտավախություն կա, որ այդ սցենարը կկրկնվի։ Պատերազմի վախն ուռճացված ձեւով հանրությանը փոխանցելով՝ իշխանությունը կգնա զիջումների եւ դա կներկայացնի որպես երկիրը պատերազմից փրկելու միջոց»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն ունակ չէ ապահովել երկրի անվտանգությունը․ «Առաջիկայում ավելի ծանր իրավիճակներ ենք ունենալու։ Շատերը կարծում են, թե նոյեմբերի իննի հայտարարությամբ վերջ է դրվել Ադրբեջանի հետ հնարավոր բախումներին կամ պատերազմին, բայց այս իրավիճակում, ցավոք, շատերը չեն հասկանում, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարժվելու են երկու ճանապարհով՝ կամ փափուկ ուժի միջոցով հասնել ՀՀ-ի քաղաքական, ռազմական, տնտեսական վերահսկմանը, կամ ուղիղ ռազմական ճանապարհով են լուծելու իրենց օրակարգի խնդիրները, մասնավորապես՝ ՀՀ ռազմավարական օբյեկտների, կարեւոր հանգույց համարվող Սյունիքի հանդեպ վերահսկողությունը։ Սա մեր պետության համար նշանակում է դանդաղ մահ, առանց ապագա ՀՀ եւ Արցախ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ