Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը ՝ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար

Հուլիս 20,2021 12:15

Վերջերս Վերապատվելի Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ՝ համալսարանի ռեկտորի կողմից, նաև՝ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ խորհրդակցությամբ:

Ստորև ներկայացվում է համալսարանի կայքի համար անցկացված հարցազրույցը դոկտոր Լեոնյանի հետ։

 

-Դոկտոր Լեոնյան, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Ձեզ:

-Ես Ռընե Լեոնյանն եմ, Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել եմ Մարսելում: Ե՛վ հայրական, և մո՛րս կողմից պապերս ու տատերս 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերապրողներ են եղել՝ ծագումով Կիլիկիայից:

Ո՞րն է ձեր մասնագիտական ​​ուղին:

-Աստվածաբանական կրթությունս ստացել եմ Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում: Լիոնում իմ առաջին հոգևոր ծառայությունն անցկացրի ինը տարի: Առիթից օգտվելով, դոկտորական թեզս շարունակեցի գրել Լիոնի կաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրեցի Հայ ավետարանական եկեղեցու ծագման վերաբերյալ իմ թեզը: Գիտական խորհրդականս պրոֆեսոր Գրիգոր Բելեդյանն էր, որն այդ ժամանակ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն էր:

Ավարտել եմ նաև Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան և Փարիզ – Սորբոն արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել եմ նաև գիտության և կրթության գծով ասպիրանտ:

Իմ ծառայության ողջ ընթացքում ապրել եմ բազմաթիվ երկրներում։

Նախ` Հայաստանում, որտեղ տասնյոթ տարի եղել եմ Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչը։

Եղել եմ նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Հայաստանի ավետարանական աստվածաբանության ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:

Որպես հոգևոր հովիվ ծառայել եմ նաև Ուրուգվայում, Հունաստանում, Կանադայում, նաև Ֆրանսիա, Լիոն, Փարիզ և Վալանս քաղաքներում:

Եղել եմ Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերակցության Գլխավոր քարտուղար, նաև՝ բանտերի հոգևոր հովիվ: Աշխատել եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն գրասենյակի վարիչ։ Լիոնի քրիստոնեական Ռադիո-Ֆուրվիերի համահիմնադիր եմ:

Ներկայումս Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն եմ:

Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնեությունը Հայաստանում ներկայացված լինի ակադեմիական աշխարհին:

-Քրիստոնեությունը Հայաստանում ծագել է ամենաառաջիններից մեկը աշխարհում։

Դրա հավատը, պատմությունը, ավանդույթները և նահատակությունը հարգանքի առարկա են: Ակադեմիական աշխարհի համար առիթ և պատիվ է Հայ եկեղեցուն առանձնահատուկ տեղ հատկացնելը:

Հիշեցնե՛նք, որ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը ստեղծվել է 1987 թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու Լիոնի՝ այն ժամանակ հոգևոր առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի նախաձեռնությամբ:

Որո՞նք են Ձեր նպատակները, երբ ստանձնեք այս պաշտոնը:

-Նպատակս է հարատև դարձնել հայագիտական այս ամբիոնը: Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել իմ բոլոր նախորդներին, ովքեր հիացմունքի արժանի գործ են կատարել: Ուրախ կլինեմ կրկին տեսնել այս դասընթացների կանոնավոր մասնակիցներին: Հուսով եմ` նորեկներին նույնպես կգրավեմ:

Ապագայում ուշադիր կլինեմ մասնակիցների և ապագա մասնակիցների առաջարկների նկատմամբ: Միասին մենք կփորձենք ավելի մեծ լսարանի համար ավելի մատչելի դարձնել Հայաստանը, հայերին և հայկական քրիստոնեությունը:

Ո՞րն է լինելու այս տարի հայագիտության ամբիոնի կողմից առաջարկվող դասընթացի թեման:

-2021-2022 թվականների համար մենք ընտրել ենք հետևյալ թեմաները.

  • Հայաստանի և հայերի պատմությունը ծագումից մինչև մեր օրերը։
  • Հայկական եկեղեցիները (առաքելական, կաթոլիկ, ավետարանական). պատմություն, աստվածաբանություն և հոգևոր արժեքներ:
  • Եկեղեցիների միջև փոխհարաբերությունների հեռանկարներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031