Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ-ն խուսափեց սահմանադրական արդարադատությունից, խիզախություն չդրսևորեց՝ նկատի ունենալով, հավանաբար, այն մթնոլորտը, որն ունենք. Արամ Վարդևանյան. «Հրապարակ»

Հուլիս 20,2021 12:03

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը՝ մերժելով քաղաքական 4 ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։ Զրուցել ենք «Հայաստան» դաշինքի անդամ, ՍԴ-ում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի հետ։

– Ինչո՞ւ այդպես եղավ։

– Թույլ տվեք այսպես բնորոշեմ՝ ՍԴ-ն չունեցավ խիզախություն՝ արձանագրելու մեր ներկայացրած հիմքերը, փաստերը, բայց փաստերն անհերքելի են, վարչական դատարանի կողմից ընդունված վճիռն անհերքելի է, ԿԸՀ նիստի ընթացքում մեր հիմնավորումներն ընդունելն անհերքելի են՝ ՍԴ որոշումը որեւէ բան չի կարող փոխել։

– Այդուհանդերձ, փաստ է, որ իշխող թիմը կունենա մանդատների 3/5-ը եւ ինչ նախագիծ ուզենա, կընդունի՝ առանց ընդդիմության, հիմա ընդդիմության մանդատները վերցնելու հարցն է կարեւոր։

– ՍԴ որոշմանը նույնիսկ այդ կոնտեքստում պետք է մոտենալ խիզախության, Սահմանադրության գերակայության ապահովման կամքի բացակայության լույսի ներքո, այլ տրամաբանություն չկա։ 3/5-ի վերաբերյալ դուք հիշո՞ւմ եք՝ մեր հիմնավորումը հենց Սահմանադրության նախագծի հիմնավորումն էր, ոչ թե մեր մեկնաբանումը, որի գերակայության ապահովման պարտականությունը ՍԴ-ինն է։ Ի դեպ, դա մեր պահանջներից էր, մյուսների մասով եւս կարող եմ ասել, որ իրականում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն այնպիսի ծավալի խոցելիություն ուներ, այնպիսի զանգվածային ընտրախախտումներ կային, որ ողջամիտ ելքն այն էր, որ ընտրությունների արդյունքները պետք էր անվավեր ճանաչել։ Բայց ՍԴ-ն խուսափեց սահմանադրական արդարադատությունից, խիզախություն չդրսեւորեց՝ նկատի ունենալով, հավանաբար, այն մթնոլորտը, որն ունենք՝ վենդետաներ, մատներ կտրել, ձեռքեր կտրել։

– Դուք տպավորություն ունեք, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումնե՞ր են գործադրվել։

– Մթնոլորտն ինքնին այնպիսին էր, որ ճնշումներից զերծ մնալը մեծ խիզախություն էր պահանջում։ Չմոռանանք, որ ՔՊ-ին ներկայացնում էր արդարադատության նախարարը, այն նույն նախարարը, որը ՍԴ կազմը փոխելու նախաձեռնություն էր ներկայացրել եւ հաջողել այդ հարցում։ Կարծում եմ՝ սա եւս հոգեբանական մակարդակում պետք է գնահատականի առարկա դառնար։

– Կարո՞ղ ենք այլեւս փակված համարել սահմանադրական ճանապարհով պայքարի էջը, որը, փաստորեն, չհանգեցրեց իշխանափոխության, եւ ձեր հաջորդ քայլերը, գործողություններն այլ տիրույթում են լինելու։

– Կարող եմ հետեւյալն ասել՝ ՍԴ-ում գործի քննությունը, այո, ավարտվեց, բայց դա ցույց տվեց մի բան՝ այս իշխանությունը ժողովրդից այն ծավալի վստահություն, որը ցույց է տրվում, չի ստացել, որ այս ընտրությունների կեղծիքների մակարդակն այնպիսին է, որ ԿԸՀ որոշումը պետք է անվավեր ճանաչվեր, եւ այս պրոցեսն ի ցույց դրեց այդ հիմքերը, եւ հանրությունը տեսավ դա։ Այլ գործողությունների, մոտեցումների մասին, կրկին պետք է ասեմ՝ դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031