Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Գնում է Մոսկվա ու ՌԴ նախագահի մոտ չի բարձրաձայնում Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարությունների ու ռազմական գործողությունների վտանգի մասին, դա անում է ԵՄ պաշտոնյայի մոտ. «Հրապարակ»

Հուլիս 20,2021 11:21

Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է շատ մեծ ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության վերականգնման համար՝ 2․6 միլիարդ եվրոյի չափով։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ եւ «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին անդամ Արմեն Աշոտյանն ասում է․ «Չմոռանանք, որ Արեւմուտքը Հայաստանին պարտք է 44 օրվա լռության, երկակի ստանդարտների, ծայրահեղ ցինիզմի եւ պրագմատիզմի համար, որը դրսեւորեց ողջ պատերազմի ընթացքում՝ «չտարանջատելով ագրեսորին զոհից, չմատնանշելով թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար իրավունքի համատարած խախտումները, ոճիրները մարդկության դեմ, քաղաքացիական բնակչության ու դպրոցների, հիվանդանոցների ու կրոնական օբյեկտների ռմբակոծությունները եւ այլն»։ Ավելին՝ Աշոտյանը հիշեցնում է, որ ԵՄ-ն պատերազմի ընթացքում ավարտին հասցրեց «Հարավային գազային» միջանցքը, եւ ադրբեջանական գազը պատերազմի ավարտից հետո անմիջապես սկսեց հոսել ԵՄ երկրներ։

Իհարկե, ասելով, որ ԵՄ-ն պարտք է Հայաստանին, նա նկատի չունի, որ այդ պարտքը պետք է մարել փողով, որովհետեւ գումարը երկրորդական է, եւ ակնկալիքը ԵՄ-ից նախեւառաջ արժեհամակարգային ու բարոյական է։ «Որը պետք է փաթեթավորվեր հստակ քաղաքական դիրքորոշումների մեջ, եւ այդ դիրքորոշումների մեջ չի կարելի խաղարկել ՀՀ-ի համար այսօր օրհասական խնդիրները, եւ այդ դիրքորոշումները չի կարելի ծառայեցնել որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ հակադրելով Հայաստանում ԵՄ-ն ու Ռուսաստանը, որի դերակատարումն Արցախի ու Հայաստանի համար այսօր կենսականից անդին է անգամ։ Հաշվի առնելով, որ մեր ֆիզիկական անվտանգության երաշխավորն այսօր, ցավոք, ոչ թե հայոց պետականությունն է կամ հայկական բանակը, այլ՝ Ռուսաստանը»,-հավելեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Շառլ Միշելի այցին, նա նշեց՝ պատերազմի ընթացքում ԵՄ ինստիտուտների կողմից որդեգրված կեցվածքի համար, ավաղ, չլսեցինք ափսոսանքի խոսքեր, խոստովանություններ եւ պատրաստակամություն՝ աջակցելու Հայաստանին, հետաքննելու 44-օրյա պատերազմի հանգամանքները եւ պարզելու ագրեսորին ու նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու։ Բայց աշխարհը, Եվրոպան հետպատերազմյան իրողություններն ընդունեցին այնպես, ինչպես որ կա․ «ինչ եղել՝ եղել է» սկզբունքով։

Իսկ Հայաստանին տրամադրված ինվեստիցիոն փաթեթի ծավալն Աշոտյանին չի գայթակղում։ Նախ՝ որովհետեւ փաթեթի տեխնիկական բնութագրերը բավականին բազմաբաղադրիչ են, եւ 1․6 միլիարդն աջակցություն չէ, այլ արտաքին պարտք եւ մասնավոր ներդրումներ, որոնց ծագումնաբանությունը դեռ պետք է պարզել։ «Այս՝ կապիտուլյանտների կառավարությունը բացարձակ չի հետապնդում ազգային օրակարգ եւ շահեր եւ ավելացվող արտաքին պարտքը չի կարողանալու կառավարել, այլ մսխելու է պոպուլիստական սոցիալական ծրագրերի վրա։ Եվ ամենակարեւորը՝ չի հետեւելու, թե ինչ փողեր են գալիս այստեղ՝ ավստրիակա՞ն, թե՞, օրինակ, թուրքական։ Նույն այս կառավարությունը 3 տարիների ընթացքում երկիրը հանում էր ՌԴ-ի հետ համագործակցության ուղենիշից եւ տանում դեպի Արեւմուտք, եւ պատերազմի ընթացքում փաստացի կորցնելով Արցախը՝ կապիտուլյանտի համար այսօր շատ ավելի հեշտ է կատարել այդ գեոպոլիտիկ մանյովրը»,- ասում է Աշոտյանը։ Մինչդեռ տարածաշրջանում ԵՄ-ն կամ որեւէ գերտերություն, ՌԴ-ից բացի, անվտանգային բաղադրիչի կոնկրետ առաջարկ չունի։ «Այս գեոպոլիտիկ շրջադարձը կապիտուլյանտ Նիկոլը հետեւողականորեն իրականացնում է։ Եվ, հատկապես, զավեշտալի է, որ Հայաստանը ներկայացնող էակը գնում է Մոսկվա ու ՌԴ նախագահի մոտ չի բարձրաձայնում Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարությունների ու ռազմական գործողությունների վտանգի մասին, դա անում է ԵՄ պաշտոնյայի մոտ»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031