Նիդերլանդական CIP. Nl Քրիստոնեական տեղեկատվական հարթակը, բավական հետաքրքիր հոդված է հրապարակել Հայաստանի, նրա մշակութային հարուստ ժառանգության, Նիդերլանդների հետ ունեցած հարաբերությունների ու ներկա մարտահրավերների մասին:
Մշակութային-քաղաքական ուղղվածությամբ հագեցված այս հոդվածը ծնվել է թղթակից Գերտեն վան Բրյուգելի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի զրույցի արդյունքում:
Հոդվածում համադրվել են աշխարհի հնագույն ու առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի պատմական իրողությունները, որի անգամ լեզուն է աստվածային ծագմամբ, մի երկիր, որ գոյատևել ու պատմություն է կերտել նաև եկեղեցու շնորհիվ: Թղթակցի հարցին` թե քրիստոնեությունը ի՞նչ է տվել երկրին, դեսպանն ասել է, որ դա մեր ինքնության մի մասն է, ու այդ հարցի շուրջ երկար կարող է խոսել. Հայաստանը մի երկիր է, որն ունի հատուկ անցյալ: Դեսպանը խոսել է լեզվի և եկեղեցու սերտ կապի մասին. «Մեր այբուբենը գրվել է 405 թվականին, և այն ունի 39 տառ: Եզակի լեզու, որտեղ յուրաքանչյուր հնչյունի համար մենք ունենք տարբեր տառեր»-ասել է նա ու խոսել խորհրդանշական տառերի, գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի մասին:
Այնուհետև դեսպանը զրուցել է Արարատ լեռան, Խոր Վիրապի մասին, Արարատի, որ մի ժամանակ Հայաստանի տարածքում էր ու Խորհրդային երկրի անարդար վճռով որոշվել է Արաքսի մյուս ափը հանձնել հարևանին:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն առնչվել են հայ-նիդերլանդական կապերին` օրինակ, Նիդերլանդներում կրոնական գործունեություն ծավալած Սուրբ Սերվատիուսին (4-րդ դար): Նա Նիդերլանդների առաջին եպիսկոպոսն էր, որ ըստ վկայության «այստեղ բերեց քրիստոնեությունը»: Մաստրիխտում է գտնվում նրա անվամբ տաճարը, իսկ դամբարանում, առանձին պահանակում ամփոփված են նրա մասունքները:
Այնուհետև Տիգրան Բալայանը պատմել է 18-րդ դարի հայ-հոլանդական ջերմ կապերի ու առևտրային հարաբերությունների մասին: «1714 թվականին կառուցվեց Արևմտյան Եվրոպայի առաջին հայկական եկեղեցին` հայկական միջավայրում, որտեղ ապրում էին բազմաթիվ վաճառականներ: Եկեղեցին հիմա էլ գործում է և առկա են հայատառ արձանագրություններ»: Ամստերդամում է տպագրվել հայերեն առաջին Աստվածաշունչը: «Քահանան, որը եկել էր Նիդերլանդներ և տպել այն, Ռեմբրանդտ վան Ռայնի ընկերն էր: Նա նրան օգնեց այդ հարցում» (Խոսքը Ոսկան Երևանցու մասին է.-ծանոթ. Նիդ.օրագիր):
Հոդվածում ծավալուն արծարծվել են Արցախի խնդիրը, հայատյացությունը ու այն ճնշումները, որոնք գործադրում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Տպավորիչ է դեսպանի մեջբերումը Ֆրանցիսկոս պապի 5 տարի առաջ Հայաստանում արտասանած խոսքից` Դա ոչ թե տուրիստական այց էր, այլ ուխտագնացություն: Իր հերթին հայ դեսպանի այս ուղերձով CIP.nl-ը եզրափակել է հոդվածը` «Գնացեք ուխտագնացություն դեպի աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր»:
CIP կայքում հրապարակված հոդվածը նիդերլանդերեն:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»