1998 թվականին Հայաստանում դրվեց քրեաօլիգարխիկ համակարգի հիմքը: Իհարկե, դրանից առաջ էլ կային քրեական տարրեր եւ օլիգարխներ, որոնք, այսպես թե այնպես, ազդում էին քաղաքականության վրա, բայց Քոչարյանն այդ հարցի նկատմամբ դրսեւորեց համակարգային, ինստիտուցիոնալ մոտեցում, եւ հետագա 20 տարիների ընթացքում այդ համակարգի մեխանիզմները կատարելագործվեցին եւ «յուղվեցին»: Այդ շենքի ամբողջ ճարտարապետությունն ամփոփվեց 2015 թվականի սահմանադրության մեջ, որը ձեւով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ միապետական:
Դա շատ հեշտ է ցույց տալ այն լիազորությունների օրինակով, որոնք տրվել են վարչապետին: Ինչպե՞ս է պատահել, որ վարչապետը մեղավոր չէ ռազմական խայտառակ պարտության համար, բայց կարող է հեշտությամբ հանել-նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Ստացվում է, որ «անմեղը», որի գործառույթը լավագույն դեպքում «մոդերացիան» է, նշանակում է «մեղավորին» ու մի կողմ քաշվում: Հրաշալի աշխատանք է՝ կարելի է տասնամյակներով վայելել, առանց մատը մատին խփելու: «Նախկինների» գրած սահմանադրությամբ, վարչապետի լիազորությունները թագավորական են, իսկ պատասխանատվությունը՝ զրո:
Այսօրվա իշխանությունն իբր պայքարում է «նախկինների» դեմ, բայց այդ պայքարն արտահայտվում է ցանկացած ընդդիմախոսին «նախկինի» պիտակ կպցնելու եւ այդ պատրվակով հետապնդելու մեջ: Քրեաօլիգարխիկ համակարգը ինչպես կա, այնպես էլ հիմնականում մնացել է՝ ընդհուպ մինչեւ նույն օլիգարխիայի ներկայացուցիչների սանձարձակ վարքը փողոցներում: Իրականում, կարծում եմ, հոգու խորքում, այսօրվա իշխանավորները ամեն առավոտ շնորհակալություն են հայտնում նախկիններին՝ իրենց պարգեւած սահմանադրության համար, որը զուտ տեսականորեն, եթե չլինեն խոշոր ցնցումներ եւ հեղափոխություններ, հնարավորություն է ստեղծում հավերժ իշխելու: Մասնավորապես, ինչպես նախորդ տասնամյակներում, այնպես էլ հիմա՝ իշխանությունը չի կարող փոխվել ընտրությունների միջոցով:
Համակարգի կազմաքանդումը իշխանությունները, ինչպես նաեւ իշխանամետ հ/կ-ները, ներկայացնում են բացառապես որպես դատավորների «վեթինգ»: Իբր ամեն ինչ արդեն բարեփոխվել է, բոլոր արատները վերացվել են, եւ միայն վատ դատավորներն են խանգարում լիակատար երջանկությանը: Իրականում դա քայլ է ճիշտ հակառակ՝ դատարանները քաղաքական հաշվեհարդարի հլու-հնազանդ գործիք դարձնելու ուղղությամբ: Քանի որ բոլոր մնացած իրավապահ կառույցները՝ դատախազությունից սկսած Քննչական կոմիտեով վերջացած, արդեն բավականաչափ «բարեփոխված են» եւ կատարում են գործադիր իշխանության հրահանգները, մնացին միայն դատարանները: Դա քայլ է քրեաօլիգարխիկ համակարգն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի ժողովուրդ, բայց ոչ ազգ, որը չի կարողացել և չի ցանկացել կառուցել ինքնիշխան պետություն (սկսած ղեկավարներից, կատարողներից ու վերջացրած չարչիներով ու մուրացկաններով) երեսուն տարվա ընթացքում, ի՞նչ սահման դնելուց (սահմանադրությունից) պիտի խոսի:
Խաչ ա տուրներին
«ՕՐՀՆՎԻ՛ ԷՆ ՍՀԱԹԸ, ՈՐ ՌՍԻ ՕՐՀՆԱԾ ՈՏԸ ՀԱՅՈՑ ԼԻՍ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱՎ Ու ՂԶԼԲԱՇԻ ԱՆԻԾԱԾ, ՉԱՐ ՇՈւՆՉԸ ՄԵՐ ԵՐԿՐԻՑԸ ՀԱԼԱԾԵՑ։»