Հրանտ Բալասանյանը 83 տարեկան հասակում չի կարող վերադառնալ Արցախ, խնդրում է, որ Խնայբանկի իր ավանդը Հայաստանում վճարեն:
Արցախյան վերջին պատերազմում 83 տարեկան հասակում տուն-տեղ, ունեցվածք, անգամ գումար ու փաստաթղթեր թողել՝ Հադրութի Այգեստան գյուղից տեղահանվել է նաեւ Հրանտ Բալասանյանը, որն արդեն 8 ամիս է աղջկա եւ թոռնուհու հետ ապրում է Ջրվեժ թաղամասում: Ասում է՝ կինը պատերազմից 34 օր առաջ մահացել է ՝ սրտի կաթվածից:
Հրանտ Բալասանյանն ու ընտանիքի անդամները հանրակացարանի շենքում երկու սենյակ են զբաղեցնում: Կենցաղային պայմաններից չի դժգոհում, ասում է՝ գլխներին տանիք ունեն, կարեւորը դրսում չեն, բայց ուզում է՝ իրեն հողատարածք տրամադրեն, որպեսզի մի փոքրիկ տուն կառուցի: Սակայն, ուր դիմում է՝ պատասխանում են՝ համայնքն ազատ հողատարածք չունի: Գնել էլ չի կարող: Նրա խոսքով, այդ տարիքում Արցախ վերադառնալ էլ չի ուզում:
Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Բալասանյանն ասում է՝ տան կառուցման հարցում դրսում ապրող բարեկամները խոստացել են օգնել, բայց գումարը կբավականացնի՝ եթե Խնայբանկի ավանդն էլ ստանա: Խորհրդային տարիներին Հրանտ Բալասանյանը Խնայբանկում 20 հազար ռուբլի ավանդ է ներդրել:
Կարդացեք նաև
Քանի որ փաստացի բնակվում է Երեւանում, Հրանտ Բալասանյանը, ավանդը ստանալու համար այցելել է Թումանյան 8 հասցեում գործող Միասնական սոցիալական ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքային կենտրոն: Մեկ՝ քաղաքացուն պատասխանել են՝ գումարը պետք է Ստեփանակերտից ստանաք, մեկ՝ ասել, որ 90 օր պետք է սպասեք, մեկ այլ դեպքում էլ, ըստ Հրանտ Բալասանյանի, ուղղորդել բանկ, որտեղ հավաքագրված են Խնայբանկում ավանդ ունեցող քաղաքացիների տվյալները: Հրանտ Բալասանյանի խոսքով, բանկում իր տվյալները, ավանդի գրքույկներ առկա են եղել, սակայն այստեղից էլ նշել են՝ այդ հարցով պետք է «Փարոսը» զբաղվի, որպեսզի իրենք կարողանան վճարել: Հրանտ Բալասանյանին չի հաջողվել ճշտել՝ 20 հազար ռուբլին որքա՞ն գումար է կազմում դրամով, ի՞նչ սկզբունքով են հաշվարկը կատարում՝ 1 ռուբլին դրամի վերածելու դեպքում:
«Ստեղից ընդեղ են ուղարկում, ընդեղից՝ ստեղ, հստակ բան չեն ասում: Ինձ պետք էլ չէր էդ գումարը, 57 նուռի ծառ ունեի, 11 ընկուզենի, 17 թթի ծառ, 15 գիլասի ծառ: Աղայի պես ապրում էինք, խաղողի այգիներ ունեինք, հիմա ոչինչ չունենք, ոչինչ: Արդեն փախստական ենք, գումարը պետք է, որ բնակարանի հարց լուծեմ: Բայց չեն էլ ասում, որքան է, որ մարդ մի գործ սկսի»,-ասում է Հրանտ Բալասանյանը: Նրա խոսքով, եթե ավանդը պետք է Արցախից ստանա, ապա այդ տարիքում Ստեփանակերտ գնալ չի կարող, ոչ էլ այնտեղ մնալու տեղ ունի, որպեսզի այդ հարցերով զբաղվի: Նրա խոսքով, եթե կորցրել է հայրենիքը եւ բնակվում է Երեւանում, պետք է այդ հարցերը Երեւանում էլ լուծվեն, որպեսզի տարիքն առած մարդկանց «ֆուտբոլի գնդակի պես» ստեղից էնտեղ չուղարկեն: Հատկապես, որ Խնայբանկի ավանդները հենց իր հասակակիցներին են տալիս:
Նաեւ պատմեց, որ երիտասարդ տարիներին ապրել է Միջին Ասիայում աշխատել է որպես գինեգործ, գարեջրագործ եւ բավականին լավ վաստակել է: Սակայն ամեն ինչ թողել՝ եկել է Արցախը շենացնելու: Հիմա արդեն Արցախ վերադառնալ չի կարող, ասում է՝ ուժերն այլեւս չեն ներում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հրանտ Բալասանյանն այդ հարցով նախարարություն էլ է դիմել: Սակայն խնդիրն այն է, որ նա չափորոշիչներին չի համապատասխանում, այսինքն՝ չի կարող հանդիսանալ շահառու, քանի որ նրա փաստաթղթերում նշված չէ՝ ՀԽՍՀ, բացի այդ քաղաքացին հաշվառված է Արցախում եւ պարզելու համար՝ Արցախում հանդիսանո՞ւմ է խնայբանկի ավանդների շահառու թե ոչ, պետք է դիմի Արցախի հանրապետությանը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած անձինք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ