Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ՀՀ պաշտպանության նախարարություն