Ինչպես հայտնել էինք, պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեցին որոշ վկաներ։ Հաջորդիվ ցուցմունք տվեց «Վանաձոր» ԲԿ տնօրենը։
Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, իսկ գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, մյուս մեղադրյալ, Սանասարյանի մեկ այլ ենթակա Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:
«Վանաձոր» ԲԿ տնօրեն Վահագն Մկրտչյանը դատարանին հայտնեց, որ իրեն զանգահարել էր ՊՎԾ աշխատակից ներկայացած մեկը, որը հետո պարզվեց, որ Գեւորգ Խաչատրյանն է եղել․ «Խոսել ենք այն մասին, որ մենք մրցույթներ են իրականացնում, դիալիզի ֆիլտրներ էին պետք․․․բնականաբար ասացի, որ նորանշանակ պաշտոնակատար եմ, եւ դրանով համապատասխան ստորաբաժանումներ են զբաղվում։ Իմ կողմից հանձնարարվել է միայն ամեն ինչ անել օրենքով։ Այդպիսով խոսակցությունը վերջացել է։ Խաչատրյանն ասաց, որ գնումների գործընթացի բնութագրերի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որ պետք է բնութագրերը փոխվեն։ Նա էր առաջարկում փոխել, բայց թե կոնկրետ ինչ ու ինչպես, չի ասել։ Լոռու մարզպետարանին էլ ենք ասել, որ գործընթացն օրենքին համապատասխան է արվում»։ ԲԿ տնօրենը չմտապահեց՝ ՊՎԾ-ի կողմից բնութագրերը փոխելու առաջարկ ստանալուց հետո դրանք փոխվե՞լ են, թե ոչ. «Որպես տնօրեն ասել եմ՝ ամեն ինչ արեք օրենքով։ Գեւորգ Խաչատրյանն ինձ չի ասել՝ փոխի բնութագրերը, որ այսինչ ընկերությունը շահի։ Ուղղորդող բան չի եղել։ Օդում կախված լուրեր կային մամուլում ու ֆեյսբուքում, որ փոխկապակցված ինչ-որ ընկերություն է եղել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ