ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է երկու ընկերների կողմից 35-ամյա տղամարդու նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երկու ընկերները 35-ամյա տղամարդուն ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2021թ․ հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բնակարանում 35-ամյա տղամարդու կողմից ընկերոջ քրոջը նշված բնակարան տանելու համար նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, պարբերաբար ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ձեռքում եղած վառվող ծխախոտը հանգեցրել է նրա ճակատին, թզբեխով հարվածել գլխին և թքել դեմքին, ինչի արդյունքում՝ 35-ամյա տղամարդուն պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ՝ զուգորդված մարմնական վնասվածքներով:
Բացի այդ, 35-ամյա տղամարդու կողմից ոստիկանություն դիմելու նպատակով տնից դուրս գալը խոչընդոտելու համար, ընկերները նրան ապօրինի, կամքին հակառակ զրկել են ազատությունից՝ վերջինիս թույլ չտալով դուրս գալ վերոնշյալ բնակարանից՝ սպառնալով գործադրել կյանքի համար վտանգավոր բռնություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին