Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը ատրճանակով կրակել էր. եվս մեկ տուժող Սյունիքի ներկա եւ նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով

Հուլիս 19,2021 17:54

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի (լուսանկարում) եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ օրեր առաջ ՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպի գործով եւս մեկ տուժող կա։ Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի եւ Կարեն Պողոսյանի միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետեւ հնչել են կրակոցներ։

«Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու«ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հուլիսի 18-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղեւապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։

Պարզվել է, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ։ Կարեն Պողոսյանի կողմից միջադեպին ներկա է գտնվել Գագիկ .Բաբայանը։ Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը ձեռքին եղած ատրճանակով կրակել է վերջինիս ձախ ոտքի ծնկահոդի շրջանին՝ պատճառելով նշված վնասվածքը: Բաբայանը նշված վայրից անմիջապես գնացել է տուն եւ չի դիմել հիվանդանոց՝ պատճառաբանելով, որ թեթեւ վնասվածք է, կանցնի:

Նշենք նաեւ, որ միջադեպի հանգամանքներով, հուլիսի 14-ին հարուցվել է գործ՝ «Քրեական օրենսգրքի» 34-104 հոդվածի (սպանության փորձ ), 258 հոդվածի 4-րդ մասի(խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,) , 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝) հատկանիշներով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031