Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեցին որոշ վկաներ։
Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, իսկ գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, մյուս մեղադրյալ, Սանասարյանի մեկ այլ ենթակա Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:
Նախ հարցաքննվեց Վանաձորի բնակիչ, մասնագիտությամբ ծրագրավորող Դավիթ Կարապետյանը, դատարանին հայտնեց, որ կողմերից ճանաչում է մեղադրյալներ Գեւորգին եւ Տարոնին, իսկ Դավիթ Սանասարյանին էլ չի ճանաչում, «մամուլից գիտի»։ «Գեւորգին գիտեմ ասպիրանտուրայի տարիներից, իսկ Տարոնն ընկերոջս ընկերն է, տարիներ առաջ մի հարցով եմ դիմել։ Որեւէ մեկի հետ թշնամություն չունեմ»,-հայտնեց վկան։ Գործի վերաբերյալ էլ ասաց․ «Առանձնապես տեղյակ չեմ, ինչ լսել եմ՝ քննիչի ասածն է, ու մամուլում եղած տեղեկությունները։ Ինչ-որ գնման գործընթացի հետ կապված խնդիր է։ Ես առնչություն չեմ ունեցել։ Քննիչն է հրավիրել ու պատմել»։
Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյան-Գեւորգ Խաչատրյանի հետ ի՞նչ առնչություն եք ունեցել։
Կարդացեք նաև
Դավիթ Կարապետյան-Ինչ-որ վեբ-կայքի պատրաստման հետ կապված։ Սերվերի վրա գրանցել եմ ինչ-որ վեբ-կայք։ Դա Խաչատրյան Գեւորգի խնդրանքով էր։ Ուղղակի սերվերի վրա բացել եմ այդ կայքն ու վերջ։ Հանդիպել ենք դրսում ու պատահական։ Ասեց՝ մի հատ կայք հնարավո՞ր է սարքել։ Ընկերական բացել եմ։ Կայքում ինչ-որ տեղեկատվություն էր, չեմ հիշում ինչ էր։ Ինձ էլեկտրոնային հասցեով է ուղարկել կայքի տեղեկատվությունը։
Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյան-Գումար փոխանցել խնդրե՞լ է։
Դավիթ Կարապետյան-Ոչ, լրիվ ընկերական եմ արել, գումար չեմ վերցրել։ Գուցե սերվերի հետ կապված վճար է եղել՝ մոտ 15-20 000 դրամ։
Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյան-Կայքում կա՞ր որեւէ ստանդարտի վերաբերյալ տեղեկատվություն։
Դավիթ Կարապետյան-Չեմ հիշում, թե ինչ տեղեկատվություն էր։
Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյան-Գեւորգ Խաչատրյանը ձեզ ինչ տեղեկատվություն որ փոխանցել է, դրել եք կայքո՞ւմ։
Դավիթ Կարապետյան-Այո։
Դատավոր Դավիթ Բալայան-Սանասարյանի եւ Խաչատրյանի հետ առնչությունն ինչո՞ւմ է կայանում։
Վկա-Գիտեմ, որ Գեւորգ Խաչատրյանն աշխատում էր ՊՎԾ-ում։ Երեւի այդտեղից է կապը, էլի․․․
Դատավոր-Բա Սանասարյա՞նն ինչ կապի։
Վկա-Նա ղեկավարն էր։
Այնուհետեւ որպես վկա հարցաքննվեց «Վանաձոր» ԲԿ տնտեսագետ Արփինե Պողոսյանը, որը դատարանին հայտնեց՝ կողմերից ճանաչում է Դավիթ Սանասարյանին՝ որպես ՊՎԾ պետ․ «Անձամբ չեմ ճանաչում, մամուլից գիտեմ։ Հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված էր մրցույթ, որի ընթացքում Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունից գրություն ստացվեց։ ՊՎԾ-ի գրությունն էին մեզ ուղարկել, որում առաջարկվում էր փոխել բնութագիրը պարագաների։ Հանձնաժողովը որոշեց, որ բնութագիրը չի փոխվում, մրցույթն էլ կայացավ։ Այդքան բան։ Մենք ստանում էինք ֆիրմաներից մեկի հեմոդիալիզի պարագաներ, քանի որ մեր բժշկական սարքավորումները հենց այդ ֆիրմայինն էին»։
Դատավոր-Բնութագրերը փոփոխելու դեպքում էլ չէիք կարո՞ղ ստանալ այդ պարագաները։
Արփինե Պողոսյան-Ես բժիշկ չեմ, ոչ էլ դեղագետ, այլ գնումների համակարգող եմ։ Չեմ կարող հարցին պատասխանել, որովհետեւ դա խիստ մասնագիտական է։ Հոմեդիալիզի բաժանմունքի համար անհրաժեշտ պարագաների մասին է խոսքը՝ ֆիլտրներ, ասեղներ։ Չափը հիվանդների քանակով է որոշվում։ Մրցույթը եղավ, երկու անգամ բողոքարկվեց։ Բողոքները բնութագրերի վերաբերյալ էին։
Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյան-Այդ գրությամբ ՊՎԾ-ն ձեզանից ի՞նչ էր ուզում։
Արփինե Պողոսյան-Պահանջում էին, որ բնութագրերը փոփոխվեին։ Ամբողջը վերաբերում էր հեմոդիալիզի պարագաներին։ Տարվա համար մենք արդեն հայտարարել էինք մրցույթ։ Այդ գրությամբ չէր սահմանափակվում ինչ-որ քանակ հայտարարելը։ Տարվա համար քանակ արդեն հայտարարել էինք։ Բնութագրերը չփոփոխվեցին, որովհետեւ դրանք համապատասխանում էին մեր սարքավորումներին։
Դատախազ-Ի՞նչ պատասխանեց ԲԿ-ի տնօրենն այդ գրությանը, ԲԿ-ի դիրքորոշումը ո՞րն էր։
Արփինե Պողոսյան-Պատասխան գրություն ուղարկեցինք, որ հեմոդիալիզի բաժանմունքի պարագաների բնութագրերը կազմված են գնումների մասին օրենքի համապատասխան, նշված են սարքին համապատասխան, սարքավորումները գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ։
Դատախազ-Առհասարակ ոչ մի փոփոխություն չեղա՞վ արդեն իսկ հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրերում։
Վկա-Կամ չկատարվեց, կամ շատ չնչին, չեմ հիշում։
Ապա դատարանի որոշմամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում նա, այդ թվում ասել է․ «Լոռու մարզի առողջապահության վարչությանը պատասխան գրություն ենք ուղարկել այն մասին, որ ՊՎԾ-ի առաջարկած տեխնիկական բնութագրերի փոփոխությունը խնդիրներ կարող էր առաջացնել սարքավորումների շահագործման եւ հիվանդների առողջության համար։ Մի քանի օր հայտարարվել է նոր մրցույթ՝ հին տեխնիկական բնութագրերի աննշան փոփոխություններով, մասնավորապես՝ որակի սերտիֆիկատի պահանջ։ Մրցույթի որոշ պահանջներ բողոքարկվեցին։ Մրցույթի դադարեցման պատճառը եղել է ինչ-որ քաղաքացու բողոք՝ հեմոդիալիզի պարագաների շահագործման հետ կապված»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ