Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք ձեր աչքով տեսեք՝ ինչու է թշնամին Երասխում լարվածություն ստեղծում, ուզում է մտնել Տիգրանաշեն, այնտեղ տեղակայել վարձկանների». Զարուհի Փոստանջյան

Հուլիս 19,2021 15:32

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ոչ պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»:

Այս առնչությամբ այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որը նոր է վերադարձել Սյունիքից, ասաց. «Եթե կա վտանգ ու դու այդ մասին հայտարարում ես Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի մասին ու ասում, որ դու ունես տեղեկություններ, ապա պետք է այս վայրկյանից սկսած աշխարհազորի մասին խոսել: Դու ի՞նչ ես անում, չես պատրաստում մեզ, բայց ի՞նչ ես հայտարարում՝ բացում եմ դռները, հանձնվում եմ ձեզ, թուրքե՛ր, դարձրեք Հայաստանի հանրապետությունը թուրքական վիլայե՞թ: Փաստացի դա է ստացվում: Մենք դրա ականատեսն են լինում: Հետեւաբար, մենք պետք է հասկանանք ու դա արդեն հասկացել են սյունեցիները, որ Երեւանն է այսօր պետք է ազատագրել: Մենք այստեղ թուրքերից չենք վախենում, մենք այստեղ թուրքերի տիրապետության տակ չենք, բայց Երեւանն այսօր թուրքերի կողմից զավթված է: Հետեւաբար, Սյունիքից պետք է սկսել նոր Հայաստանի վերածնունդը»:

Փոստանջյանի համոզմամբ, 2016-ին բանակը կանխեց թշնամու ներխուժումը Արցախի սիրտը. «2018-ին ես շրջել եմ ամբողջ երկայնքով Արցախի արեւելյան սահմանի, որը խախտվեց 2020-ին ու համոզվել եմ, որ պատերազմական գործողություների դեմքում մենք կարողանալու ենք պահել սահմանը, ունեի 100 հազար տոկոս համոզմունք, որ այդ սահմանը հնարավոր չէ ճեղքել: Դրա համար տեղի ունեցան հատուկ միջոցառումներ՝ բանակը գլխատելու հարցում, բանակի ոչ հնազանդ ղեկավարությունը փոխելու, ոչ պրոֆեսիոնալների փոխանցում եւ այլն, որը պետք է հանգեցներ այս ամենին: Բայց նույնիսկ դրա հետ մեկտեղ հնարավոր չէր հանձնել արցախապատկան տարածքները: Այդ ամենի ներքո՝ դավաճանության, բանակի կազմը ոչ պրոֆեսիոնալներով փոխելու, դիվանագիտությունը տապալելուն զուգահեռ, մենք 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք տարածքային կորուստ ընդամենը երկու շրջանի: Մնացածից մենք դուրս ենք եկել այդ դավադիր ձեռքի ստորագրության պատճառով: Որ մեր բնակչությանը, մեր զինված ուժերին դուրս բերեին մեր հայրենի հողից, նրանց պետք էին այդ զոհերը: Եվ հենց այդ զոհերով էլ հիմնավորում էր՝ես այսքան մարդու կյանք եմ փրկել: Այսինքն, զոհերը անհրաժեշտ էին, որպեսզի կարողանային հանձնել»,- ասաց Փոստանջյանը՝ հաստատելով լրագրող Նաիրի Հոխիկյանի բացահայտած խոսակցությունը:

Փոստանջյանը հորդորում է քաղաքացիներին գնալ Տիգրանաշեն ու փորձել հասկանալ՝ ինչո՞ւ է թշնամին Երասխում լարվածություն ստեղծել. «Ուզում է մտնել Տիգրանաշեն, այնտեղ տեղակայելու ոչ թե խաղաղ ադրբեջանցիների, այլ՝ վարձկանների, որոնք մեր երկիրը կդարձնեն Սիրիայի նման ճգնաժամային վիճակ ունեցող մի երկրի: Գյումրեցիներ, վանաձորցիներ, գնացեք Երասխ, ձեր աչքով տեսեք ինչ է սպառնում մեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031