Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները միայնակ վախենում են գնալ-գալ, հերթապահի փոփոխությունը ուղեկցում է ռուսական ստորաբաժանումը». Ինչ է տեսել ու լսել Զարուհի Փոստանջյանը Սյունիքում

Հուլիս 19,2021 14:49

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նոր է վերադարձել Սյունիքից: Նա այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ 3 օր շրջել է մարզում, եղել է Ագարակ, Մեղրի, Կապան, Գորիս համայնքներում. «Հանրային տրամադրությունները խուճապային չէին, այնուամենայնիվ, անհանգստություն կար կապված վերջին իրադարձությունների հետ՝ Երասխում հրաձգություն, քաղաքապետերի կալանավորում, ԶՊՄԿ գործարանի կանգնեցումը: Աշխատակիցները զրկված են աշխատելու իրավունքից, նաեւ մտավախություն կա, որ Ագարակի կոմբինատն էլ կարող է նման ճակատագիր ունենա եւ փակվի: Հասկանում են, որ հատուկ քաղաքականություն է վարվում»:

Փոստանջյանը վստահեցրեց, որ Սյունիքում մարդ չի հանդիպել, որը կասեր, թե կողմնակից է գործող իշխանություններին ու ընտրել է ՔՊ-ին. «Իրենց համար էլ էր հանելուկ: Իրենք հասկանում են, որ որտեղ քվեարկել են զինվորականներ, տեղի է ունեցել կեղծարարություն, բայց իրենց համար էլ էր անակնկալ՝ ինչպես են այդ թվերը գրանցվել: Հասկանում էին, որ այդ թվերը իրական չեն, կեղծարարության հետեւանք են: Ինչ գրվել է այդ թղթերի մեջ, ինչպես նոյեմբեր 9-ի խայտառակ թուղթը, սյունեցիների համար օրինական չեն»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Սյունիքում կա հստակ դիմադրություն, որի առաջնորդները քաղաքապետերն են, ուստի նրանց ուզում են մեկուսացնել, որ ծրագիր իրականացնեն. «Բայց դա չի նշանակում, որ Սյունիքը չի ունենալու նոր առաջնորդություն»:

Խոսելով սահմանային խնդիրների մասին՝ Փոստանջյանն ասաց, որ շուրջ 10 դիրք է տեսել, որտեղ ադրբեջանական դրոշ էր ծածանվում ու վրանային դիրքեր էին. «Երբ խոսում էի մեր դիրքապահներ հետ, ասացին, որ ադրբեջանցիները վախենում են ու միակ տեղը, որ կարող են գնալ դեպի Կապան գնացող ճանապարհի վրա է, այդ ճանապարհով գնում-գալիս են ու իրենց չեն ուղեկցում այդ ճանապարհին ռուսական ստորաբաժանումները: Բայց մյուս դիրքերում, որտեղ չկա ճանապարհ, իրենք վախենում են ու հերթապահի փոփոխությունը ուղեկցում են ռուսական ստորաբաժանումով, միայնակ վախենում են գնալ-գալ: Վախենում են մեր կողմից նրանց նկատմամբ հատուկ գործողություններից: Եթե մեզ թույլ տան, մենք հանգիստ կարող ենք հետ շպրտել այդ ստորաբաժանումները, որ այնտեղ են: Բայց մեր դիրքապահներին ցուցում է տված ոչ մի բան չձեռնարկել, ստուգել միայն քաղաքացիների հոսքը: Ե՛վ գնալուց, ե՛ւ հետ գալուց ստուգում են անձնագրային՝ օտարերկրյա քաղաքացիներ, լրագրողներ կա՞ն»:

Փոստանջյանը վստահ է, այս իշխանությունը քայլ առ քայլ գնում է նրան, որ լուծարի հայկական պետականությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Զարուհի Փոստանջյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031