Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոս Հակոբյան. «Սահմանադրական դատարանը չպետք է վերածվի մեկ, երեք, հինգ ընտրախախտում արձանագրող քարտուղարության պես մի ինչ-որ բանի»

Հուլիս 19,2021 14:27

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը «Հայելի» ակումբում խոսել է ընտրությունների արդյունքը չեղյալ համարելու՝ քաղաքական չորս ուժերի դիմումը մերժելու ՍԴ որոշման մասին:

«ՍԴ որոշման մասով եկեք ուղղակի ֆիքսենք մի եզրակացություն, համաձայն որի, ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը, ոչ թե խափանեց ընդդիմության սպասելիքները, այլ խափանեց Հայաստանում բառի բովանդակային իմաստով իսկապես ժողովրդավարության պաշտպանությունը: Ինչ նկատի ունեմ նաեւ: Եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմող կողմի պահանջը, իրականում չէր լուծի քաղաքական ուժի հարաբերակցության փոփոխության հարց, քանի որ դրանցից երկուսի դեպքում կլինեին նոր ընտրություններ կամ երկրորդ փուլի անցկացում, իսկ մեկ դեպքում, եթե, օրինակ, արտասահմանադրական համարվեին ընտրական օրենսգրքի մեջ որոշակի դրույթներ, ապա, հնարավոր է, իրականացվեր մանդատների վերաբաշխում: Անգամ եթե նայենք տեսականորեն մանդատների վերաբաշխման տարբերակը, հավանաբար, դրանք կլինեին այնպես, որ ընդդիմությունը ունենար ավելի ուժեղ լծակներ: Օրինակ, որպեսզի իշխանությունը չունենա 3/5 շեմը, որը հարկավոր է սահմանադրական օրենքներ ընդունելու համար: Այսինքն, ընդդիմությունը որպես քաղաքական միավոր ՍԴ հույսին չէր իր քաղաքական հարցերը լուծելու համար: Ընտրություններից հետո նույն «Հայրենիք» կուսակցությունը վերաիմաստավորում եւ գտնում է իր գործունեության նոր պլաններ՝ անկախ ՍԴ որոշումից:

Բայց Սահմանադրական դատարանը կարող էր սահմանել, թե Հայաստանում ընտրությունների ժամանակ ինչ կարելի է եւ ինչ չի կարելի: Գիտեք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումի հիմնական մեխը եղել է հետեւյալը, որ ընտրությունները պետք է լինեն ազատ եւ հավասար: Սրանք ընտրական սկզբունքներն են: Մեր հիմնական միտքը եղել է այն, որ ՍԴ-ն պետք է վերցնի սահմանադրության բարձր արժեքները եւ քննարկի դրանց պաշտպանությունը, այլ ոչ թե վերածվի մեկ, երկու, երեք, հինգ, վեց ընտրախախտումներ արձանագրող քարտուղարության պես ինչ-որ մարմնի»,-ասել է նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031