«Գրքի մասին մտածել եմ գրել դեռեւս 2019 թ. վերջից, երբ փորձում էի գրել հերոսի միջոցով մի պատմություն, որով ցույց կտայի անհատի միայնակությունը հասարակության մեջ։ Այստեղ կան նաեւ կարեւոր հարցեր, որոնք եւ կրոնական առումով, եւ 21-րդ դարի միտումների մեջ` հրատապ են, օրինակ, թե ինչպես են պատրանքների հետեւից գնում, որն էլ տանում է կործանման։ Գրքի սյուժեի հիմքում մի մարդու մասին պատմություն է, որի մանկությունն անցնում է Հայաստանից դուրս: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նրան տանում են, իսկ վերադառնալուց հետո՝ չկարողանալով հարմարվել այստեղի իրականությանը ամեն ինչ անում է, որ երկրից դուրս գնա»,- մեզ հետ զրույցում ասում է կրոնագետ, աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանը։ Օրերս «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ նրա հերթական գրքի շնորհանդեսը: Գիրքը կրում է «Հայելապատում» վերնագիրը:
Դավիթ Սամվելյանը որոշ «փակագծեր» բացեց իր գրքի մասին. «Գրքի հերոսը գնում է իր երազանքի հետեւից, հասնում դրան… Առանցքային թեմաներից է խոսվում` փախստականներից` թե երկրից դուրս, թե Հայաստանում: Անդրադարձ կա նաեւ ծնող-երեխա հարաբերություններին։ Գրքի ամեն գլուխ սկսվում է «Ո՞վ եմ ես» հարցադրումից, որովհետեւ մինչև ինքդ քեզ հետ առերեսում չունենաս, չի ստացվի ինչ-որ բան ուղղել առաջին հերթին քո մեջ, հետո քեզանից դուրս։ Գրքի ընդհանուր սյուժեն, կարճ ասած, հատուցումն է։ Մարդ երբեմն պատասխանատու է լինում ոչ միայն իր չարածների համար, այլեւ իր ծնողի կամ երկրի սխալների համար, որոնք կրում է իր վրա»։
Կարդացեք նաև
Գիրքը հրատարակվել է «Էդիթ Պրինտ»-ում, որտեղ հրատարակվել են նաեւ գրողի նախորդ 4 գրքերը` «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը», «Հակաքաղաքական», «Զգուշացեք, դռները չեն փակվում»։ «Զանգակի» հետ համագործակցությունը, որտեղ եւ կայացավ «Հայելապատ» գրքի շնորհանդեսը, գրողի ձեւակերպմամբ, ընկերական է, «Զանգակն» իր սիրելի վայրերից է:
«Գրքում բաներ կան, որ գրել եմ մինչ պատերազմն, ու ցավոք սրտի, հետագայում եղել են համընկնումներ` մեկը Օմարի լեռնանցքի հետ կապված, մյուսը դժգույն քաղաքի, որը գրքում Երեւանն է, քանի որ հերոսը մայրաքաղաքը չէր սիրում։ Երբ որոշ բաներ իրականություն դարձան՝ ուզում էի այդ հատվածները հանել, որպեսզի չթվա, թե պատեհապաշտությամբ եմ զբաղվել, բայց վերջում թողեցի։
Առաջին բանը, որ ընթերցողը պետք է անի՝ այն է, որ պետք է կարդա սկզբի անհասկանալի հատվածը, որը ոչ մի գլխի տակ չի մտնում։ Խորհուրդ եմ տալիս գիրքն ավարտելուց հետո նորից կարդալ այդ հատվածը՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը… Գիրքը վիպակ է, բայց ավանդական վիպակների նման չէ, կարդալիս շատ հարցեր կառաջանան, որոնց համար հատուկ բացթողումներ եմ արել, որպեսզի ընթերցողը կարողանա ինքը գրել, մտածել շարունակությունը, ես ինքս սիրում եմ այն գրականությունը, որը հարցեր է առաջացնում, ոչ թե պատասխաններ տալիս»,- ասում է «Հայելապատում» գրքի հեղինակ Դավիթ Սամվելյանը։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ