Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բուհերում 15000 թափուր տեղ կա, բայց պահանջված են ՏՏ-ն, բժշկությունը եւ իրավագիտությունը». ԳԹԿ փոխտնօրեն

Հուլիս 19,2021 13:56

«2021 թ. ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019, եւ թե 2020 թվականների քննություններից: 2019 թ. քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020թ դիմորդները հանձնել են ընդամենը ընդունելության մեկ քննություն, իսկ 2021թ. առավելագույնը երկու ընդունելության քննություն: Դա ասացի նրա համար, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 եւ 2021 թվականները»,- «Արմենպրեսի» մամուլի հայտնեց Գնահատման և թեսթավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Ընդունելության քննությունները մի քիչ ուշ սկսեցինք` կապված դպրոցների ավարտական դասարանների հետ: Քանի որ 12-րդ դասարանը շրջանավարտներն ավարտեցին հունիսի 4-ին, բնականաբար քննություններն էլ պետք է ուշ սկսեինք: Ուշ սկսեցինք, բայց ավարտեցինք ժամանակին»,-հավելեց ԳԹԿ փոխտնօրենը:

Նա նշեց, որ բուհերին 1800 անվճար տեղեր էին հատկացվել, իսկ վճարովի տեղերը 21800 էին: ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11058 դիմորդ, ընդունվածների թիվը` 8083 է: 2935 հոգի դուրս է մնացել մրցույթից, որի մեջ մտնում են նաեւ «կտրվածները»: Իսկ «կտրվածների» թիվը 1546 է:

«Կան դիմորդներ, որոնք 2 քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել, եւ կան դիմորդներ, որոնք հանձնել են մեկ քննություն եւ այդ մեկ քննությունից անբավարար են ստացել: Երկու քննությունից գոնե մեկը դրական ստացած դիմորդը կարող է մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին: Մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ, այն դիմորդները, որոնք դրական միավորներով կամ դրական մեկ միավորով դուրս են մնացել, նորից կարող են հայտագրվել: Ընտրելու են մինչեւ 6 մասնագիտություն, կարող են տարբեր բուհեր ընտրել: Այդ 6 մասնագիտությունում առավելությունը տրվելու է միավորին»,-ասաց պարոն Նասիբյանը:

Անդրադառնալով թափուր մնացած տեղերի թվին` նշեց, որ այն մեծ է. «Բացի պետական բուհերից ընդգրկված են նաեւ ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռեւս ունենք: Եթե դիմորդները հուլիսի 19-ին ժամը 18:00-ից բացեն dimord.am կայքը եւ փորձեն գտնել թափուր մնացած տեղերը ըստ մասնագիտությունների եւ ըստ բուհերի, կտեսնեն պետական եւ ոչ պետական բուհերի թափուր մնացած տեղերը»:

ԳԹԿ փոխտնօրենն ընդգծեց, որ այս տարի եւս ինչպես միշտ ՏՏ ոլորտի մասնագիտություններն են պահանջված: «Պահանջված է իրավագիտությունը, օրինակ` իրավագիտության դիմորդների թվի կեսը համարյա ընդունվել է, 22 հոգի անբավարար է ստացել, 135 հոգի` դուրս մնացել: Պահանջված են նաեւ բժշկական մասնագիտությունները, հիմնականում` բուժական գործը եւ ստոմատոլոգիան: Եվ եթե տարիներ շարունակ պահանջված են եղել տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես «ֆինանսներ եւ վարկ», «կառավարում» մասնագիտությունները», ապա այս տարի այդ մասնագիտություններում ընդունվել են նույնիսկ շատ ցածր միավորներով: Կարելի է ասել` համարյա մրցույթ չի եղել»,-ընդգծեց նա:

Պարոն Նասիբյանը մարզերում գտնվող բուհերի վիճակը ոչ բարվոք որակեց. «Օրինակ` Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 հոգի, այսինքն` այնտեղ շատ մասնագիտություններում տեղերը թափուր են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031