Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ այս ԱԺ-ն ամբողջությամբ սպասարկելու է ժողովրդի շահը»․ Դավիթ Սանասարյան

Հուլիս 19,2021 13:19

«Չեմ կարող գնահատել՝ ՍԴ որոշումն ամբողջությամբ իրավաչա՞փ է, թե ոչ, բայց ընտրությունները մեծ հաշվով ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար, պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով սահմանադրական դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, քննելով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, որոշեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը թողնել ուժի մեջ։

Դավիթ Սանասարյանը շեշտեց․ «Բնականաբար, խախտումներ շատ են եղել։ Եղել է անգամ իրավիճակ, որ մեր կուսակցության մեծ թվով ձայներ չեն գրանցվել, հետո վերահաշվարկի արդյունքում գրանցվել են։ Բայց մեծ հաշվով ժողովրդի կամքն արտահայտված է։ Սահմանադրական դատարանի, միջազգային կառույցների կողմից այդ արդյունքներն արդեն իսկ ճանաչված են որպես եղելություն։ Ընտրված ԱԺ ունենք։ Ցավոք, չեմ կարծում, որ այդ ազգային ժողովն ամբողջությամբ սպասարկելու է ժողովրդի շահը, որովհետեւ դրանում հայտնվել են ուժեր, որոնք չպետք է լինեին այդտեղ։ Բայց իշխանությունների կամքի բացակայության հետեւանքով չեղան այնպիսի փոփոխություններ, որոնց շնորհիվ կվերահսկվեին ֆինանսական հոսքերը, թե ինչքան եւ ինչպես են գումար ծախսում։ Չեղավ առհասարակ բավարար չափով վերահսկողություն։ Չեղան այն դատավարությունները, որոնց արդյունքում հիմա ԱԺ-ում հայտնված շատ գործիչներ կլինեին համապատասխան ՔԿՀ-ներում։ Սա է վիճակը։ Ժողովուրդը նախկին-ներկա պայքարում չընտրեց նախընտրական ծրագրերը, անցած ճանապարհը։ Ընտրեց այն, ինչ ընտրեց»,-նշեց Դավիթ Սանասարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031