Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Շարլ Միշելի հետ քննարկել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր

Հուլիս 19,2021 12:51

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի ղեկավար Շարլ Միշելի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտի ոլորտում գործակցության հարցեր:

«Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագրով նախատեսված են նոր հնարավորություններ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համար: Այդպիսով, այդ հարցը, ինչպես նաև տարածաշրջանում հետպատերազմական զարգացման այլ հարցեր, այսօր լայնորեն քննարկվել են»,- ասել է Ալիևը հուլիսի 18-ին Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը վերջ է դրել հակամարտությանը և «ինքնուրույն իրականացրել ՄԱԿ ԱԽ բանաձևերը»:

«Մենք քննարկել ենք մեր ծրագրերը, նախաձեռնություններն ու մոտեցումները պատերազմից հետո ձևավորված նոր իրավիճակում: ԵՄ-ն խաղում է, և ես համոզված եմ, կխաղա շատ կարևոր դեր»,-ասել է Ալիևը:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ամուր քաղաքական կապերը, անկասկած, շատ լավ հիմք են ստեղծում դիվերսիֆիկացված գործակցության համար:

«Եվրամիությունը մեր գլխավոր առևտրային գործընկերն է: Մեր առևտրի մոտ 40%-ը բաժին է ընկնում Եվրամիությանը: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 9.5 միլիարդ դոլար: Ադրբեջանի արտահանումը ԵՄ անդամ-երկրներ կազմում է 6.8 միլիարդ դոլար: Ադրբեջանում գործում է անդամ երկրների ավելի քան 1700 ընկերություն: Դա ցույց է տալիս մեր տնտեսական գործակցության ծավալները: Մենք շատ ակտիվ ենք անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններում: Ադրբեջանը ստորագրել կամ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր է ընդունել ԵՄ անդամ 9 երկրների հետ»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ իրենց օրակարգի կարևոր բաղադրիչն էներգետիկ անվտանգությունն է, և այդ առումով «պատմական ձեռքբերում է» Հարավային գազային միջանցք նախագծի ավարտը: Ալիևը հիշեցրել է, որ 15 տարի շարունակ Ադրբեջանը եղել է նավթի հուսալի մատակարար եվրոպացի սպառողների համար: «Հիմա, իհարկե, մեր ներուժը, որպես գազի մատակարար, կարող է աճել, և դա մեծ հնարավորություններ է ստեղծում մեզ համար՝ որպես արտահանողներ, տարանցիկ երկրների համար և սպառողների համար»,- ասել է Ալիևը:

Ասուլիսից հետո Իլհամ Ալիեւը «Ղարաբաղը մինչ բռնազավթումը և հետո» վերնագրով գիրք է նվիրել Շարլ Միշելին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031