Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ Բրյուսելի ֆրանսախոս դատարանում, ոչ Երեւանի հայախոս դատարանում երեխաները լսելի չէին

Հուլիս 19,2021 13:30

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում՝ այլ պետություններ), առեւանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (Հոդված 23):

1989-ին ընդունվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան: Հայաստանն այն վավերացրել է 1992թ.-ին:

Հայաստանի դատական ատյաններում է գտնվում մի գործ, որն առնչվում է անչափահաս երկու տղաների իրավունքներին: Նրանք 2013թ.-ից Հայաստանում են, պատասխանող՝ մոր մոտ, սակայն երեխաների օտարերկրացի հայրը, որն ամուսնալուծվել է, ձեռքի տակ ունի Բրյուսելի առաջին ատյանի` ընտանեկան դատարանի դատական ակտը, որով նրա փաստացի բնակության վայրը երեխաների բնակության վայր է սահմանվել: Ըստ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կարինե Պետրոսյան) իրավական գնահատման` Բրյուսելի դատարանի որոշումը հայցի ապահովման միջոց է համարվում: Մինչդեռ, ըստ պատասխանող կողմի, այն միջանկյալ դատական ակտ է, եւ ենթակա չէ անհապաղ կատարման մեկ այլ պետության դատարանի կողմից:

Վերաքննիչ բողոք բերած պատասխանողի ներկայացուցիչները դատարանի (նախագահող՝ Մարգարիտա Հարթենյան) ուշադրությունն են հրավիրում հետեւյալի վրա. օտարերկրյա դատարանի հայցի ապահովման մասին որոշումները կարող են միայն ճանաչվել: Մինչդեռ, հայրենի դատարանը ոչ միայն ճանաչել է Բրյուսելի դատարանի վճիռը, այլ թույլատրել է դրա կատարումը այլ պետությունում` Հայաստանի Հանրապետությունում: Դատարանն ունե՞ր նման լիազորություն` թույլատրելու այլ պետության դատարանի որոշման կատարոումը:

Պատասխանող կողմի դիտարկմամբ՝ ոչ, քանի որ Բելգիայի դատարանը միջազգայնորեն ոչ իրավասու դատարան է Հայաստանում գտնվող երեխաների բնակության վայրը որոշելու համար:

Համաձայն գործող ՀՀ Սահմանադրության՝ Պետական եւ ՏԻՄ մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Բրյուսելի դատարանը նման վճիռ կայացնելով` հաստատված է համարել բացառապես այդ ժամանակ այնտեղ գտնվող հոր բացատրությունները, համաձայն որի՝ երեխաների մշտական բնակության վայր է հանդիսացել Բելգիան: Մինչդեռ, երկքաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի մայրն ապացույցներ է շարունակում ներկայացնել դատարաններ, որից պարզ է դառնում, որ տղաները սովորում են այստեղ դպրոցում, Հայաստանից դուրս են եկել միայն դպրոցական արձակուրդներին` հոր հետ արձակուրդներն անցկացնելու նպատակով: Մայրը, որի ինքնությունը, ինչպես եւ երեխաների, նրանց հոր, մենք չենք հրապարակայնացնի` անձնական տվյալների մասին օրենքը չխախտելու համար, առաջին ատյանի, վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել դպրոցների տնօրենների կողմից տրված, նաեւ՝ ՀՀ ԱԱԾ սահմանների հատման մասին տեղեկանքներ: Քաղաքացիական վերաքննիչ դատարանում պատասխանող մոր ներկայացուցիչների կողմից վիճարկվում է «Օտարերկրյա դատարանի դատական ակտը ճանաչելու եւ դրա կատարումը թույլատրելու վերաբերյալ» Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով որոշակի փոփոխության է ենթարկվել Բրյուսելի դատարանի դատական ակտի բովանդակությունը: Որպեսզի պարզ դառնա ասվածը, բերեմ մեկ օրինակ:

Մասնավորապես, Բրյուսելի դատարանը որոշել է. «Վստահել հորը երեխաների բնակության վայրը……երեխաները կգրանցվեն հոր բնակության վայրի բնակչության գրանցամատյաններում», մինչդեռ, ըստ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման` «Ճանաչել եւ կատարման թույլատրել Բրյուսելի առաջին ատյանի ֆրանսախոս դատարանի իքս-գործով վճիռը, որով երեխաների բնակության վայր է սահմանվել հոր բնակության վայրը»:

Ըստ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի. «Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված համապատասխան պետական մարմինները: Պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող քաղաքացիների միավորումների, ոչ պետական կազմակերպությունների եւ առանձին անձանց հետ» (3-րդ հոդված): Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից: Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը (Հոդված 12): Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար: Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը եւ դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը (Հոդված 13):

Սակայն իրավաբանական ձեւակերպումներն այլ են, երեխաների զգացածն ու ապրածն` այլ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան մոր ներկայացուցիչները ներկայացրեցին մի միջնորդություն, որով խնդրում էին, որպեսզի տղաների խոսքը լսելի դառնա, որ նրանք գան դատարան, իրենց վերաբերմունքն արտահայտեն հնարավոր բնակության վայրի վերաբերյալ: Նրանց տասը տարին լրացել էր, եւ տղաները ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44 հոդվածի համաձայն՝ իրավունք ունեին լսելի լինելու:

Նկատեմ, որ երեխաները լսելի չեղան ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Բրյուսելի դատարանում: Ընդհանուր իրավասության դատարանը որոշման հիմքում դրել է մի եզրակացություն` խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի, որի ձայնագրությունը գոյություն չունի, ջնջված է: Կարեւոր ապացույցի ոչնչացման կապակցությամբ գլխավոր դատախազությունում կա պատասխանողի դիմումը:

Ավելորդ է նշելը, որ երեխաները հավասարապես թե հոր, թե մոր հոգածության կարիքն ունեն, նրանց իրավունքները ծնողները պետք է ներկայացնեն հավասարապես: Ուսումնասիրելով այս գործը` մի արտառոց վերաբերմունք եմ նկատել Բրյուսելի դատարանի կողմից:
Հայաստանում գտնվող մայրը դիմում է Բրյուսելի դատարան` խնդրում մինչ վճիռ կայացնելը հետաձգել դատական նիստը, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել դատական նիստին: Սակայն մորը լսումներին մասնակից չեն դարձնում, դատարանը մտնում է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու:

Մեկ օրվա ընթացքում, երբ անգամ մեր մարզերում դատական նիստերը հետաձգվում են նմանատիպ խնդրանքների դեպքում, Բրյուսելի դատարանը դա հաշվի չի առնում: Ավելին, հաշվի չեն առնում այն, որ մեկ օրում անգամ որեւէ փաստաբան չէր կարողանա էլեկտրոնային պայմանագիր կնքել, ծանոթանալ գործի նյութերին, պատասխան ուղարկել, մասնակցել դատական վերջին նիստին, եւ կամ դեսպանատունը կհասցնե՞ր տալ համապատասխան թույլտվություն մորը՝ գնալու այլ պետություն դատական գործընթացին մասակցելու համար:

Մինչդեռ, երբ հոր ներկայացուցիչը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որ կորոնավիրուսի պատճառով չի կարող ներկայանալ, հետեւաբար իր վստահորդի շահերը չի կարող ներկայացնել, մեր դատարանը հետաձգել է դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031