Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Շաքարյանի դիտարկումները՝ հաղորդակցության մարտահրավերներից մինչեւ մանիպուլյացիա ու հետճշմարտություն

Հուլիս 19,2021 13:00

Լույս է տեսել սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլթ Շաքարյանի երկրորդ` «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության եւ հասարակական ոլորտների զարգացման գործընթացում:

Ի թիվս այլնի, գրքում քննարկվել են տեղեկատվական հասարակության հայեցակարգերը եւ զանգվածային հաղորդակցության հիմնադրույթները, ինչպես նաեւ ԶԼՄ-ներով կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաներն ու հոգեբանական ներազդման մեթոդները: Ներկայացվել են նաեւ մեդիագրագիտության ձեւավորման հնարավորությունները եւ արդի տեղեկատվական դարաշրջանի սպառնալիքները:

Լիլիթ Շաքարյանն իր գրքում նշում է, որ ժամանակակից հասարակությունում ԶԼՄ-ի դերն աճել է այնքան, որ ռեալ գործողություններն ու իրադարձությունները էական են դառնում միայն այն ժամանակ, երբ ներկայացվում են ԶԼՄ-ով: Նա վկայակոչում է Գ. Պոչեպցովին, որը փաստում է. «Արդի աշխարհը ենթակա է հետեւյալ կանոնին. ռեալ իրադարձությունը միայն այն ժամանակ է նշանակալի, երբ դրա մասին լայն հասարակությանը պատմում են ԶԼՄ-ները»:

Նոյեմի Անդրեասյանն ու Լիլիթ Շաքարյանը

Սոցիոլոգը Հեգելին էլ է մեջբերում իր ուսումնասիրության մեջ, որը թերթի ընթերցումն անվանել էր առավոտյան աղոթք: Ինչ վերաբերում է մանիպուլյացիա եզրույթին, Լիլիթ Շաքարյանը հիշեցնում է, որ 1969թ. Նյու Յորքում հրատարակված «Սոցիոլոգիայի ժամանակակից բառարանը» մանիպուլյացիան սահմանում է որպես «Իշխանության կիրառման տեսակ, որտեղ իշխանություն ունեցողը ազդում է մյուսների վարքագծի վրա` առանց բացահայտելու նրանցից սպասվելիք վարքագծի բնույթը»: Նաեւ հավելում է, որ մանիպուլյացիա կատեգորիան փոխաբերություն է եւ օգտագործվում է փոխաբերական իմաստով. «Իրերի հետ վարվելու ձեռքի հմտությունը «փոխարինվել» է մարդկանց կառավարելու հմտությամբ»:

Գրքի խմբագիր Նոյեմի Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հատկապես կուզենար երկրորդ գլխին ուշադրություն դարձնեին ընթերցողները, որը վերնագրված է «Զանգվածային հաղորդակցության գործառնական առանձնահատկությունները»` գոնե մասնագիտական մակարդակով պաշտպանված լինելու համար. «Մեկ-մեկ զգում եմ, որ ինձ էլ են դարձնում մանիպուլյացիայի գործիք` իմ խոսքը վերաձեւակերպելով…»:
«Գրքում անդրադարձել եմ նաեւ հետճշմարտության իրականությանը, որն այսօր ձեւավորում է հասարակական կարծիք, որը կարող ես համացանցի միջոցով արհեստականորեն ձեւավորել: Շատ լավ հասկանալով, թե ինչ ալգորիթմներով է աշխատում այսօրվա համացանցը, դու արհեստականորեն ձեւավորում ես թեմա, փորձում ես թեմային զարգացում տալ, ընթացքում ալգորիթմների միջոցով այնպես է աշխատում համացանցը, որ գտնում է իր հասցեատիրոջը, եւ մարդիկ, ովքեր այդ թեմայով հետաքրքրված են, սկսում են լայնորեն քննարկել: Այսինքն, դու ամեն ինչ կառավարելի ես դարձնում, եւ ամեն ինչը տեղի է ունենում քո նախագծած սցենարով, ու մարդիկ չկասկածելով այդ ամենին, դառնում են այդ թեմայի մասնակիցները»,- նշեց գրքի հեղինակը, հավելելով, որ այսպես կոչված՝ «արձագանքի պալատները» հենց այսպես են ձեւավորվում:

Համացանցի մասին խոսելիս` նա անդրադարձավ նաեւ կեղծ լուրերին ու հետճշմարտությանը: «Հաճախ ճշմարտությունը հերքվում է, եւ ճշմարտության որոնումը երկրորդ պլան է մղվում: Հետճշմարտությունը մեկնաբանվում է որպես կեղծ եւ ճշմարիտ տեղեկատվության համամասնությունների հարաբերակցություն: Տերմինը հաճախ ասոցացվում է տեղեկության տարածման հետ, որի աղբյուրը, որպես կանոն, անվստահելի է եւ պայմանավորված է PR-արշավների նպատակներով, պոպուլիզմով ու կեղծ գիտությամբ»,-ասում է Լիլիթ Շաքարյանը:

Նա նաեւ ընդգծում է, որ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների դարաշրջանում ոչ արժանահավատ, կեղծ նորությունները, որոնք էլեկտրոնային, թվային հաղորդակցությունների միջոցով տարածվում են որպես «այլընտրանքային» տեսակետ, ազդում են հասարակական գիտակցության վրա, ձեւավորում են հասարակական կարծիք. «Այդ խնդիրը հատկապես դժվար է լուծվում այնտեղ, որտեղ խոսքի ազատությունը ձգտում է դրսեւորման բացարձակ ձեւերի, իսկ բովանդակության տեսանկյունից բացահայտ կամ լատենտ կերպով վերահսկվում է»:

Հիշեցնենք, որ Լիլիթ Շաքարյանը նաեւ «Բրենդի կառավարում» առաջին հայալեզու մասնագիտական գրքի հեղինակն է, նաեւ մի շարք գիտական հոդվածների հեղինակ, ակադեմիական դասընթացներից բացի, իրականացնում է նաեւ բիզնես դասընթացներ, սոցիոլոգիական հետազոտություններ, խորհրդատվական աշխատանքներ` բրենդինգի, PR-ի եւ մարքեթինգի ոլորտներում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031