Ասում է ՊԲ N զորամասի գնդերեց Սեւակ սարկավագ Գրիգորյանը
– Բարեշնորհ Սեւակ սարկավագ, ցանկանում եմ խոսեք պատերազմից հետո բանակային կյանքի մասին։ Դուք գնդերեց եք եւ զինվորների հետ եք լինում օրվա մեծ մասը։ Կխնդրեմ պատմեք, թե ինչ բարոյահոգեբանական եւ հոգեւոր վիճակում են մեր զինվորները։
– 44-օրյա պատերազմն իր ամբողջ հետեւանքներով աննկարագրելի արհավիրք էր, որ թափվեց հայ ժողովրդի գլխին: Պատերազմի հետեւանքը, կարծում եմ, առավել տանելի եւ մեղմացուցիչ կլիներ, եթե այս ելքով չավարտվեր, ինչպես օրինակ՝ 90-ական թվականներին: Պատերազմից անցել է մոտ 7 ամիս եւ անշուշտ զինծառայողների բարոյահոգեբանական եւ հոգեւոր վիճակը նույնը չէ` ինչ սկզբի ամիսներին:
Նրանք գտնվում են վերականգնման փուլում եւ ամբողջությամբ զինվորական կարգացուցակի մեջ են, ինչն իր բարենպաստ ազդեցությունն է թողնում նրանց վրա: Նաեւ գնդերեցների եւ սպայական կազմի թե՛ անհատական եւ թե՛ ընդհանուր աշխատանքի արդյունքում զինծառայողները կարծես ավելի արագորեն դուրս են գալիս ծանր հոգեվիճակից: Անշուշտ, կան զինծառայողներ, որոնք համեմատական կարգով գտնվում են ավելի սուր հոգեբանական վիճակում, սակայն նրանց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը եւ նրանց հետ տարվող աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքը: Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշեմ նաեւ, որ զինվորների հոգեւոր վիճակը չեմ կարող համեմատել բարոյահոգեբանական վիճակի հետ, քանի որ մարդ կարող է գտնվել բարոյահոգեբանական ծանր վիճակում, սակայն ունենալ հոգեւոր լավ վիճակ եւ մշտապես գտնվել աղոթքի մեջ: Նույնն է նաեւ զինծառայողների պարագան:
Կարդացեք նաև
– Հետպատերազմյան շրջանում նաեւ խնդիրներն ու անելիքներն են շատացել։ Նոր մարտահրավերներին ինչպե՞ս եք կարողանում դիմակայել:
– Արդեն նշեցի, որ հետպատերազմյան շրջանում զինվորների հետ տարվում են խորացված աշխատանքներ` ըստ անհրաժեշտության եւ անհատական բնույթի: Փորձում ենք ամեն կերպ զինվորներին դուրս բերել պատերազմյան սթրեսային վիճակից` ոչ միայն զրույցների միջոցով, այլ նաեւ մշտական ուխտագնացությունների, հայրենասիրական ֆիլմերի դիտումներ կազմակերպելով: Նրանք դուրս գալով զորամասի տարածքից՝ շփվում են տարբեր անձանց հետ, ցրվում են, ինչն էլ իր դրական արդյունքն է ունենում: Կարծում եմ՝ հոգեւոր տեսանկյունից նոր մարտահրավերներ չկան, որոնց դժվարանանք պատասխանել: Մինչ պատերազմը ունենում էինք տարբեր զրույցներ, որոնց բովանդակությունը նույնն է այսօր: Ձեր նշած մարտահրավերները, կարծում եմ, վերաբերում են այլ ոլորտի, բայց ոչ հոգեւոր: Նման հարցերի էլ ենք հանդիպում, լինում են տարատեսակ կարծիքներ թե՛ գնդերեց-զինծառայող եւ թե՛ զինծառայող-զինծառայող փոխհարաբերությունում, սակայն նման իրար հակասող կարծիքների պարագային էլ խնդիրը հեշտությամբ լուծվում է` հարգելով դիմացինի կարծիքը սկզբունքով:
– Մենք նոր արհավիրքի պատրաստ չէինք, այնքա՜ն լույս տղաներ զոհվեցին։ Ի՞նչ դասեր պետք է քաղենք ազգովի։
– Գիտե՞ք, որքան էլ ցավոտ լինի ընդունելը, սակայն պետք է ասեմ, որ հաճախ մենք ունենում ենք միասնականության եւ հայրենասիրության հետ կապված խնդիրներ: Նման խնդիրները, ըստ իս, կարող ենք հաղթահարել համախմբվածությամբ եւ Հայրենիքի շահի գերակայմամբ: Իսկ այդ ամենը, կարծում եմ, չենք կարող անել առանց Աստծուն ապավինությամբ: Պատերազմի ընթացքում բոլորիս երեսն ուղղված էր դեպի Աստված եւ յուրաքանչյուրս եղբայրասիրության կատարյալ դրսեւորում ունեինք, բայց, ցավոք, այսօր նորից հեռացանք Աստծուց եւ դա հանգեցրեց ատելության մթնոլորտի խորացմանը:
– Դուք նաեւ Արցախի կրթագիտամշակութային, հոգեւոր միակ տպագիր մամուլի` «Վարդանանք» թերթի հոգեւոր մասի պատասխանատուն եք։ «Վարդանանքը» կարողանո՞ւմ է մնալ իր դիրքում, այսինքն` անվանը հավատարիմ։
– Նախ պետք է նշեմ, որ հոգեւոր ուղղվածության միակ հոգեւոր տպագիր մամուլն է «Վարդանանքը», որի էջերում բացի հոգեւոր-խրատական, կրթադաստիարակչական, տեղեկատվական նյութերից, տեղ են գտնում նաեւ մշակութագիտական նյութեր: Կարեւոր առաքելությամբ է թերթը մտել ընթերցողների շրջան՝ ամեն կերպ հավատարիմ մնալով Հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ ինչպես տեսնում ենք՝ կրոնական բազմատեսակ կազմակերպություններ կան, որոնք կեղծ քարոզչություններով մարդկանց մոլորեցնում են:
– Խնդրեմ ձեր խոսքը մեր զինվորներին, նրանց հարազատներին, ընկերներին եւ հայրենակիցներին։
– Անմանցորդ ՍԵՐ միմյանց եւ Հայրենիքի նկատմամբ, որը կբերի Աստծու նկատմամբ սիրուն: Զինվե՛լ համբերությամբ, մշտապես գտնվե՛լ աղոթքի մեջ, գերագնահատե՛լ Հայրենիքի շահը:
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2021