Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մահեր կան, որոնք ինչ-որ չափով սպանություն են»

Հուլիս 19,2021 12:00

Վիկտոր Բալայանի ծննդյան 90-ամյակին

«Դետեկտիվ ժանրի ստեղծագործությունը եւս հասարակության դաստիարակներից մեկն եմ համարում։ Պետք է ունենալ ոչ քիչ խիզախություն, միաժամանակ պատշաճ հիմք, որպեսզի քո ուսերին վերցնես նման պատասխանատվություն եւ պարտավորություն»։
Վ. Բալայան

Վիկտոր Բալայանի մասին՝ հատվածաբար:

Վահագն Դավթյան. «Երբ կարդում էի «Սեղմեցին սիրտս» գրքի ձեռագիրը, առաջին զգացողությունս այն էր, որ նրա հեղինակը բարի, շատ բարի մարդ է։

Վիլյամ Սարոյանը զրույցներից մեկի ժամանակ ասում էր, թե վախեցեք այն մարդկանցից, որոնք հումոր չունեն։ Այս գրքի հեղինակը ոչ միայն լավ ու բարի հումոր ունի, այլեւ ունի մի քնքշագին քնարականություն, որ հումորին գումարվելով, առավել լուսավոր է դարձնում այն։ Ավելին, այդ հումորի ու քնարականության խորքում կա նաեւ նուրբ մի ցավ ու խոր մի կարեկցանք բոլոր կենդանի արարածների նկատմամբ եւ այդ կարեկցանքն ու ցավն է, որ իմաստավորում ու ընդհանրացում է տալիս գրքում ամփոփված լավագույն պատմվածքներին ու մանրապատումներին։

Վ. Բալայանը Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Յուլյա Բորիսովայի հետ Գարգառում:

Այդ գրքում առանձնապես ինձ դուր են գալիս այն գործերը, որոնք նվիրված են կենդանիներին ու թռչուններին։ Հենց միայն այն, որ հեղինակը բնության փոքրիկ արարածների՝ ճնճղուկների ողբերգությանը նվիրված իր մի մանրապատումին «Ռեքվիեմ» մեծախորհուրդ վերնագիրն է տվել, վկայում է, թե մարդկայնորեն որքան խորն է ապրել այդ ողբերգությունը։ Երբ կարդացի այդ անպաճույճ մանրապատումը, էությանս միջով սկսեց մի տաք ալիք բարձրանալ, գորովագին մի քնքշոթյուն ողողեց ինձ։ Իսկ դա նշանակում է, որ հեղինակը կարողացավ ինձ վարակել, մասնակից դարձնել իր հոգեկան ապրումներին, իր կենսափորձին…»։
Ստեփան Պողոսյան, պատմաբան, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ. «Մարդկայնությունն էր նրա բնորոշ գիծը: Վիկտոր Բալայան մարդու մասին երբ խոսք է բացվում, առաջին հերթին խոսք է բացվում նրա ամենաբնորոշ կողմի մասին։ Վիկտորի ամենաբնորոշ կողմը պայծառ մարդ լինելն էր։ Այդպիսի «փեշակ» ուներ։ Ես նրա նման բարի, չարությունից հեռու մարդու չեմ հանդիպել։ …Նա գործիչ էր, ազգային գործիչ։ Մարդկայնությունն էր նրա բնորոշ գիծը. նա մարդուն վատություն անել, նեղության մեջ հայտնված մարդուն չօգնել չգիտեր… Նրա աշխարհը մշակույթն էր, մեկ էլ՝ հայրենի Գարգառ գյուղը…»։

Սոս Սարգսյան, ԽՍՀՄ ժող. արտիստ. «Նա բացառիկ մարդ էր:
Վիկտոր Բալայանին ես մանկուց գիտեի, Ստեփանավանի շրջանից։ Ստեփանավանցի էր նա, չէ՞։ Շատ խեղճ ընտանիքում, շատ դժվար մեծացած երեխա էր, էդ բոլորը իմ աչքի առաջ էին։ Բայց հետո հանդիպեցինք Երեւանում։ Շատ մոտիկություն ունեինք, շատ հարազատություն, մանկական տարիների շատ հուշեր ունեինք։

Նա բացառիկ մարդ էր նախեւառաջ, ազնվագույն մարդ էր, մի բարի սրտի տեր հայ, օգնող, հասնող բոլորին՝ ում որ կարողանում էր։ Եվ տաղանդավոր, շատ տաղանդավոր գրող, լրագրող էր, շատ տաղանդավոր խմբագիր էր, շատ տաղանդավորագույն մարդ էր։ Շուտ մահացավ, ափսոս…

Կյանքում անընդհատ պաշտոնյա էր, միշտ զբաղված, բայց դա էլ չծառայեցրեց իր անձնականին. Այդ պաշտոնավարումն էլ բարոյականացվեց, ազնվացրեց այդ տեղերը, որտեղ աշխատում էր։ Նրա՝ պետական սիստեմում աշխատանքը եւս բարձր եմ գնահատում։ Տա Աստված, որ մեր այսօրվա չինովնիկները մի քիչ էլ նման լինեն Վիկտոր Բալայանին»։

Գրող Մկրտիչ Սարգսյան. «…Խորհրդահայ արձակում դեկտեկտիվ ժանրի սկզբնավորողներից է Վիկտոր Բալայանը։ Չտրորված թեմա, չբացված արահետ եւ ճանապարհ, որոնց ձեռք է զարկել հեղինակը, պետք է արժանանան քննադատության ուշադրությանը։ …Թեմատիկ այն նորությունը, որ Վիկտոր Բալայանը բերում է խորհրդահայ արձակ, միանգամայն արժանի է դրվատանքի։ Եթե գեղարվեստական արժեքը չափվում է նաեւ օգտակարության գործակցով, ապա առանց երկմտելու կարելի է ասել, որ «Լույս եւ ստվեր» գիրքը օգտակար եւ անհրաժեշտ է ընթերցող հասարակությանը, որովհետեւ լույսի հաղթական արշավանքը ստվերի նկատմամբ զինում է մեզ լավատեսությամբ եւ օգնում ավելի ճիշտ ապրելու մեր կյանքը»։

Հովհաննես Մելքոնյան, արձակագիր. «Մահեր կան, որոնք ինչ-որ չափով սպանություն են: …Պաշտոնները նա պահեց իր ներբանների տակ, ոչ թե դրեց իր գլխին, ինչպես շատերը, որ պաշտոն ստանալով՝ կորցնում են մարդու ամենակարեւորը՝ գլուխը։ Այդպես բարձր մարդավայելությամբ ապրում են միայն մեծ մարդիկ, ճշմարիտ գրողները եւ, վերջապես, այդպես ապրում են միայն Վիկտոր Բալայանները։

Վիկտոր Բալայանն ապրեց Վիկտոր Բալայանավարի։ «Ավանգարդ» թերթի սիրտն էր՝ սրտից գնացած մեր ախպեր Վիկոն, աշխատանքի մեջ սրտի նման գիշեր ու զօր տրոփող ու զարկող, իր ամեն օրը մի կյանքի պես ապրող՝ հասցնում էր հոդված ու ակնարկ գրել, ընկերների սեղաններին լինել եւ Չարենցի նման «Հարբած ըլներ մինչեւ էգուց»… Ունենալով բարձր պաշտոններ՝ Վիկտոր Բալայանն ապրեց տաղանդավոր մարդուն հատուկ բոհեմական կյանքով: Ապրեց Չարենցական, Շիրազական, Մենինյան առօրյայով։ Այսպես ապրում են տաղանդավոր եւ անհանգիստ հոգիները, այդպես ապրում են այն մարդիկ, որոնց մեջ փոթորիկ կա…»։

Վանիկ Սանթրյան, արձակագիր, նկարիչ. «…Զարմանալի էր, այո, ամենամռայլ պահը, տխուր տպավորությունը ցրվում էին Վիկտոր Բալայանի երեւալով։ Թումանյանի պես ապրեց նա, իր շռայլ կյանքը շռայլ պարգեւելով ընկերներին, բարեկամներին, մարդուն ու աշխարհին…»։

Գրող Հենրիկ Աբրահամյան. «…Հեղինակն իր «Աստվածային կայծի բռնկումը» բաժնի լավագույն գործերում արտահայտել է արդարության եւ հանճարի հաղթանակը։ Երաժշտության մեծ կախարդների՝ Բեթհովենի եւ Շուբերտի կյանքի այս կամ այն դրվագի գեղարվեստական արտացոլմամբ նա կրկին արտահայտում է գեղեցիկի, մարդկայինի նկատմամբ իր մեծ սերը, հանճարների մարտահրավերը ճակատագրին, այն ճակատագրին, որը հազվադեպ, բայց բախում է դուռը…

Եվ, ընդհանրապես, թե ճանապարհորդական նոթերում, թե շատ գեղեցիկ նովելներում («Պարան կար վզին») երեւում է հեղինակի նախասիրությունը՝ շեշտված ներկայացնել այն ամենը, ինչը հուզում է ոչ միայն իրեն, ինչը կյանքում շատ կարեւոր է՝ ազատությունը, արդարամտությունը, սերը»։

Արմեն Ղազարյան, գրականագետ. «Պաշտոնը երբեք չզարդարեց նրան…Կյանքը նրան գայթակղիչ փորձությունների առաջ կանգնեցրեց բազմիցս եւ փորձեց նրանից բյուրոկրատ կստացվի՞, թե՞ ոչ։ Պաշտոնը երբեք չզարդարեց նրան, ինքը զարդարեց բոլոր պաշտոնները… Նրա պաշտոնավարության օրոք՝ բրեժնեւյան խավար տարիներին տպագրվեցին Շիրազի, Սեւակի, Մաթեւոսյանի, Գալշոյանի եւ այլ «անհարմար» հեղինակների ստեղծագործություններ, լայն թափ ստացավ թարգմանական գործը, հայերեն հնչեցին արտասահմանյան գրողները, որոնք նույնպես խորհրդային գաղափարախոսությանը հարմար չէին գալիս…»։

Գուրգեն Բալայան. «Անցյալ դարի 60-70 թվականներին նրա անունն արդեն թնդում էր։ «Ավանգարդ» թերթի էջերում մեկը մյուսի հետեւից լույս էին տեսնում Վ. Բալայանի ֆելիետոնները, դետեկտիվ պատմվածքները, որոնց համար թերթի կրպակների մոտ հերթեր էին գոյանում՝ ճշմարտության սովի հերթեր։

Լինելով իր սկզբունքները հարգող մարդ՝ հենց այնպես չէր գրում. զինվում էր փաստերով, ապացուցում իր ճշմարիտ լինելը, համարձակորեն պայքարում ստվերի դեմ՝ հանուն լույսի։ Զուսպ էր, լռակյաց, անտեղի խոսքեր չէր ասի, չէր ձանձրացնի, ուղիղ աչքերի մեջ նայելով կլսեր դիմացինին։ Խորաթափանց հայացքը, յուրօրինակ կեցվածքը, ուղղամտությունը, կիրթ վարվելաձեւը հարգանք ու վստահություն էին ներշնչում նրա անձի հանդեպ։ Եվ այդ ամենին խորհրդավորություն էր հաղորդում նրա շերլոկհոլմսյան ծխամորճը…»։

Բազմաթիվ են նրա մասին դրվատանքի խոսքերը (Շիրազ, Սեւակ, Էմին, Սահյան, Կապուտիկյան, Դեւրիկյան, Խանզադյան…), բայց բավարարենք այսքանով, քանզի նա չէր սիրում գովասանքներ…

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031