Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չօգնության եւ չկամեցողության շլագբաում-պատնեշի տեխնոլոգիա կամ սովորական մաքսային տեռոր

Հուլիս 19,2021 14:00

Մեր երկրի տնտեսական ծանր կացության պարագայում մեծ սփոփանք եւ օգնություն են Սփյուռքի մեր բարեկամների կողմից մեզ ուղարկվող ծանրոցները։ Ցավոք, այդ օգնությունը ՀՀ մաքսային ծառայության կողմից վերածվում է չօգնության եւ տառապանքի։ «Օրենսդրական» անհեթեթ սահմանափակումները, որոնք ամբողջությամբ գործում են ի վնաս ՀՀ քաղաքացու շահերի, անիմաստ են դարձնում ծանրոցների ստանալը, էլ չասեմ նրանց հետ կապված տասնյակ ոտնձգությունները։

Մեր ընտանիքին ուղարկել էի ծանրոցներ ԱՄՆ-ից։ Սույն թվականի հունիսի 24-ին այցելել եմ ՀՀ ՊԵԿ-ի Արեւմտյան մաքսային վարչություն՝ այդ ծանրոցները ստանալու, սակայն նշված վարչության կողմից ստեղծված խոչընդոտները անհնարին դարձրին դրանց ստանալը։

Նշված վարչության կողմից մեր ընտանիքին տեղեկացվել էր, որ մեր ծանրոցի մեջ կան մշակութային արժեք ներկայացնող իրեր, որոնց համար անհրաժեշտ է հրավիրել փորձագետ։ Փորձագետի ծառայությունն արժե 50.000 դրամ, ամեն մի իրի գնահատումը՝ եւս 5.000 դրամ: Եթե քաղաքացին չունի այդ գումարը, ծանրոցի մնացած պարունակությունը նրան չի տրամադրվում, քանի որ, մաքսային տեսուչի խոսքերով, «բեռը չի կիսվում»։

Մեր ծանրոցում կային իմ անձնական օգտագործման դեղերը, որոնք դուրս են գրվել իմ բժշկի կողմից, իմ անվամբ եւ ստացվել են դեղատնից։ Սակայն տեսուչը մեկ դեղի պարագայում (CREON- ստամոքսի դեղ) «գտավ», որ այն արժե $1105, իսկ մյուս դեղն «արժեր» $121,9, եւ ես պարտավոր եմ վճարել $1105+121.9 – 200 €€՝ այս տարբերության 15%-ի գումարը։ Եթե ես գումար չունեմ եւ հրաժարվում եմ այդ դեղերից, ապա ծանրոցի մնացած պարունակությունը նույնպես ինձ չի տրամադրվում՝ «բեռը չի կիսվում»։ Մեկ այլ՝ իմ անձնական օգտագործման եւ դեղատնից ստացված թույլ քնաբեր դեղի պարագայում, որը ես տասնյակ անգամ ինձ հետ բերել եմ ԱՄՆ-ից, եւ ոչ մի խնդիր չի առաջացել, պարզվում է՝ եթե այդ դեղը դրվում է ծարոցի մեջ, ապա այն համարվում է հոգեմետ, եւ դրա համար տեսուչը չորս էջի վրա ակտ կազմեց եւ ուղարկեց ՊԵԿ-ի հետաքննչական բաժին: Այս ծանրոցը եւս «չի կիսվում»:

Պետք էր սպասել այդ բաժնի արձագանքին, սակայն մինչ օրս դեռ լուր չկա։ Այ քեզ օրենք՝ ուղեբեռով այս դեղը թույլատրվում է, ծանրոցի մեջ համարվում է հանցանք։ Եթե քաղաքացին հրաժարվում է իր իսկ դեղից, ապա ծանրոցի մնացած բեռը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտարարագիր՝ դեղերի մաքսային ռեժիմով ոչնչացման մասին։ Երկու օր զբաղվելով այս գլուխկոտրուկով՝ հասկացա, որ այդ հայտարարագրի լրացումը շատ բարդ գործ է սովորական քաղաքացու համար։ Եթե քաղաքացին ի վիճակի չէ լրացնել այդ փաստաթուղթը, ապա նա մաքսային տեսուչի բարի խորհրդով պետք է դիմի մաքսային բրոկերի։ Մաքսային բրոկերի ծառայությունը արժե 30.000 դրամ, եւ ամեն բրոկեր չէ, որ պատրաստ է կատարել այդ աշխատանքը, քանի որ մի փոքր սխալի դեպքում նա կենթարկվի գումարային մեծ տույժի (կարծեմ 50.000 դրամ)։ Ամեն ինչ արված է ոչ թե օգնելու եւ գործը առաջ տանելու համար, այլ լոկ որպես պատժիչ միջոց։

Այս օրենք գրողը կամ նույն Վ. Ասատրյանը տեղյակ չեն, որ սովորական քաղաքացին ի վիճակի չէ լրացնել այդպիսի հայտարարագիր (էլ չեմ ասում, որ նա կարող է չունենալ դրա լրացման տեխնիկական միջոցը եւ օգտագործման փորձը)։ Ուստի անհրաժեշտ էր, որ այդ «երկրի համար կարեւոր» փաստաթուղթը օգնեին լրացնել տեղում՝ բաժնում։ Եթե դա իրենց համար շատ բարդ գործ էր, թող բարի լինեին հայտարարագրի լրացման ձեւն ու կարգը մանրամասն գրավոր շարադրեին իրենց բաժնի ինֆորմացիոն տախտակի վրա։ Նման բացառիկ պատմություն՝ այսպիսի ճոխ աշխարհագրությունով, իմ ապրած 70 տարիների ընթացքում երբեւէ չեմ տեսել եւ ոչ էլ լսել եմ, թեպետ եղել եմ շատ երկրներում:

Եթե մեկը ինձ պատմեր այս պատմությունը, անկեղծորեն կմտածեի, թե պատմողը գրոտեսկի է դիմում, սակայն, ինչպես Թեոդոր Դրայզերն էր ասում, բացասական երեւույթները մարդկային կյանքում սահմաններ չունեն:

Բեռում գտնվող սննդամթերքը, դեղերը դառնում են անպիտան, իսկ վարչությունը պարզաբանումներ է անում։ ՀՀ մաքսային օրենքները արտասահմանից ուղարկված օգնությունը չօգնություն եւ չարիք են դարձնում։ Բեռի հետ կապված հարցերը պետք է լուծվեն անմիջապես տեսուչի կողմից եւ նրա անմիջական պատասխանատվությամբ։ Մաքսային տեսուչը զուտ ծանրոց ստուգող չէ, այլ որակյալ մասնագետ, որը հասկանում է իրերի իրական արժեքը, գնահատական է տալիս անձամբ, այլ ոչ թե դիմում փորձագետի եւ քաղաքացուն գցում դռնեդուռ։

Դեղորայքի հետ կապված բոլոր խնդիրները արձանագրվում եւ ակտավորվում են տեղում։ Մեկ րոպեի խնդիրը չեն լուծում ամիսներով՝ հոգեբանական եւ բարոյական ճնշում գործադրելով, նսեմացնելով եւ աղքատացնելով ՀՀ հպարտ քաղաքացուն։ Ս/թ հունիսի 28-ին գրավոր դիմել եմ ՊԵԿ-ի պետ Է. Հովհաննիսյանին՝ օժանդակելու՝ վերջ տալ այս՝ տարիներ տեւող բյուրոկրատական հոգեմաշ քաշքշուկներին։

Համաձայն ՀՀ օրենքի՝ պատասխանը պետք է տրվի 5 օրում։ Իմ դիմումը մակագրվել է Վազգեն Ասատրյանին, որը նույն՝ վերը նշված մաքսային բաժնի աշխատակիցն է եւ քաղաքացուն «ճիշտ» ուղեցույց տվողը:

Որպեսզի երկար չսպասեմ փոստային պատասխանի, որոշեցի այցելել Վ. Ասատրյանին եւ առձեռն ստանալ դիմումիս պատասխանը, սակայն նա ասաց, որ որոշ հանգամանքներից ելնելով իրեն վերապահված է այլ ժամկետներում պատասխանել իմ դիմումին, եւ առարկեց բեռում գտնվող սննդամթերքը վերադարձնել՝ պատճառաբանելով. «Այսքան սպասել եք, մի քանի օր էլ սպասեք»: Այսպիսի երկաթե տրամաբանությունն ո՞վ կարող է առարկել։ Ս/թ հուլիսի 8-ին ստացել եմ «պատասխան» Արեւմտյան մաքսային վարչության պետ ժ/թ Գարիկ Մինասյանից. «Հայտնում եմ, որ Ձեր դիմումում խնդրո առարկա դարձած հարցերի վերաբերյալ ըստ գործառնությունների կատարվում է լրացուցիչ վերլուծություն, որից հետո կտրվի պարզաբանում»։

Այսպիսի օրենք գրողները եւ կիրառողները, կարծում եմ, լրիվ անտեղյակ են ՀՀ քաղաքացիների եկամուտներից, ՀՀ-ում գործող մինիմալ թոշակից եւ աշխատավարձից։ Թե չէ ինչպե՞ս բացատրել այսպիսի շռայլ ցանկությունը՝ «համալրել ՀՀ բյուջեն» նվազ ապահովված խավի հաշվին։ Ի դեպ, այդ գումարը ծիծաղելի՝ չնչին է ՀՀ բյուջեի համալրման մեջ։

Եվ կրկին կեցցե մաքսատան աշխատողը, կեցցե նման օրենք գրողը:

Եվ վերջապես.

1. Ինչո՞ւ քաղաքացին պետք է ժամանակ կորցնի եւ վճարի զգալի գումարներ, որոնք մի քանի անգամ ավելի են, քան աղքատության սանդղակի չափը, մի բանի համար, որի փաստացի մեղավորը մաքսային տեսուչն է իր ցածր մասնագիտական որակով:

2. Որեւէ մեկը վերլուծե՞լ է բաժնի աշխատանքը:

3. Երբեւէ կատարվե՞լ է կադրերի ատեստավորում՝ ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ մեթոդաբանությամբ:

4. Այդ բաժնի մաքսային որեւէ աշխատող երբեւէ ներկայացրե՞լ է վերադաս մարմնին ինչ-որ առաջարկ՝ բաժնի աշխատանքը բարելավելու ուղղությամբ:

5. Փորձագետի եւ բրոկերի գործողությունները պետք է իրականացնի մաքսային տեսուչը, ով լոկ բեռ զննող չէ։ Եթե խանութից գնված արձանը տեսուչը համարում է մշակութային արժեք հանդիսացող առարկա, ուրեմն նա իր տեղում չէ աշխատում։

6. ԱՄՆ-ից հնարավոր չէ մշակութային արժեք հանդիսացող առարկա դուրս հանել առանց մաքսային բաժնի թույլտվության։ Միգուցե մեր «մասնագետները» ավելի հմո՞ւտ են եւ բարձր որակավորում ունեն, քան իրենց գործընկերները ԱՄՆ-ում։

7. Հաշվի առնելով մեր երկրի շրջափակումը, ժողովրդի գործազրկությունը, պատերազմից հետո սոցիալական ծանր խնդիրները՝ ՊԵԿ-ը ի՞նչ առաջարկներ, փոփոխություններ է արել՝ բարելավելու ազգաբնակչությանը տրամադրվող ծառայությունները:

8. Յուրաքանչյուր քաղաքացու պետք է կցել մեկ տեսուչի, որը մինչեւ վերջ պետք է կատարի նրա սպասարկումը եւ պատասխանի նրա խնդրի հետ առնչվող բոլոր հարցերին:

9. Նպատակահարմար եմ գտնում բաժնի աշխատանքի եւ աշխատակիցների ֆունկցիոնալ-արժեքային վերլուծություն կատարել։

10. Ինչը որ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետականամետ է եւ ծառայում է ՀՀ քաղաքացու շահերին, պետք է ազատ ներմուծվի Հանրապետություն։

Եվ այս մաքսային կործանարար տեռորը գործում է տասնամյակներ՝ քայքայելով քաղաքացու հավատը դեպի իր երկիրը, իր երկրի ղեկավարների՝ պետականամետությանը ուղղված ջանքերին։ Հիմա ի՞նչ, այս բացասական երեւույթը պետք է շարունակական մնա՝ վերջապես տապալելով մեր երկրի տնտեսական եւ բարոյահոգեբանական հիմքերը, թե՞ մենք մեր մեջ ուժ կգտնենք վերափոխելու այս համակարգը։

Ի՞նչ երկիր ենք մենք՝ ժողովրդավարական։ Ո՞ւմ համար են գրվում եւ ո՞ւմ պետք է ծառայեն այս երկրի օրենքները։ Հաշվի չառնելով մեր երկրի ներկայիս իրավիճակը, որոշել եմ վերադառնալ հայրենիք՝ Հայաստան, եւ իմ տան գույքը մաս-մաս ուղարկում եմ։ Ս/թ հուլիսի 17-ին մեկնում եմ ԱՄՆ՝ պաշարված դառը զգացումներով մեր երկրի եւ մեր երկրի քաղաքացիների ապագայի համար։

Ցավոք, այն ծրագրերը, որոնք իմ ընկերների հետ նախատեսել էինք իրականացնել մեր երկրում, կմնան դեռեւս լոկ թղթի վրա։

Ռոբերտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Այս մասին դիմումի ձեւով տեղեկացված է ՀՀ ՊԵԿ-ի պետ Է. Հովհաննիսյանը, ում դիմել եմ ս/թ հունիսի 28-ին։ Խնդրում եմ ձեր օժանդակությունը այս հարցի լուծման գործում:

«Առավոտ» օրաթերթ
17.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031