Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը, պայմանագիրը եւ դիկտատուրան

Հուլիս 18,2021 22:55

«Մերոնց՝ ամեն ինչ, ուրիշներին՝ օրենքը» արտահայտության հեղինակների եւ արմատների շուրջ վիճաբանությունը շարունակական է: Ոմանք այն վերագրում են Ֆրանկոյին, ոմանք՝ Մուսոլինիին, ինչ-որ մեկը՝ Լաո Ցզիին, մեկ ուրիշը՝ Մեքսիկայի նախագահներից Բենիտո Խուարեսին… Բայց, իմ կարծիքով, կարեւորը ոչ թե հեղինակն է, այլ այս մտքից հղվող իմաստները: Այս արտահայտության ընկալման առաջին շերտում ճչացող երեսպաշտությունն ու երկակի ստանդարտներն են: «Մերոնց» համար հնարավոր բոլոր խախտումների գնալու պատրաստակամությունը (եւ ամենեւին կարեւոր չէ, թե ինչո՞վ է որոշվում «մերոնքական» լինելը՝ դասակարգային, գաղափարական, թե՞ անձնական չափանիշներով) լիարժեքորեն ներկայացնում է ցանկացած հետխորհրդային պետության քաղաքական կյանքը:

Ընկալման երկրորդ շերտում այն է, որ մեր նման հասարակությունների համար օրենքը հանդիսանում է ոչ թե գործունեության ռացիոնալ կանոնների համախումբ, այլ անհաճոներին զսպելու համար դագանակ: Զսպաշապիկ՝ նրանց համար, ովքեր չդարձան կամ դադարեցին լինել «մերոնքական»: Կարգավորման միջոցից օրենքը վերածվում է պատժի գործիքի, եւ հենց դա է բերում նրան, որ օրենքի կատարումը հանգեցնում է ոչ թե հանրային բարիքների բազմապատկման, այլ դժգոհների քանակի մեծացման: Այդ արտահայտության մասին շարունակելով խորհել, մենք հանկարծ հայտնաբերում ենք, որ օրենքների ընտրողական եւ ապակառուցողական կիրառումը հանգեցնում է իրավական, այսինքն՝ ժամանակակից եւ քաղաքակիրթ պետության գաղափարի անխուսափելի ձեւախեղմանն ու այլասերմանը:

Համարվում է, որ Արեւմուտքում (ոչ աշխարհագրական, այլ՝ արժեքային համակարգի առումով) պայմանագիրը ավելի կարեւոր է, քան անձնական հարաբերությունները, իսկ Արեւելքում՝ հարաբերությունները գերակայում են համաձայնագիրը: Որքան էլ չուզենք խոստովանել՝ մեր հասարակությունն արեւելյան է: Հարաբերությունների եւ սոցիալական կապերի վրա հիմնված հասարակություն: Անձի, անհատի, եւ ոչ թե ինստիտուտների հանդեպ վստահության վրա հիմնված հասարակություն: Վատություն չանելու ցանկության վրա հիմնված հասարակություն: Եվ հենց այդ պատճառով էլ մենք ակնկալում ենք, որ պարսավելի արարքները կատարելու է մեկ ուրիշը, եւ ոչ թե մենք:

Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել «օրենքի դիկտատուրայի» թեզը, որը հնչում է ընտրություններից հետո: Առաջին հայացքից «օքսյումորոն» է՝ ինքն իրեն հակասող բառակապակցություն (օրինակ, «ազնիվ խաբեբան» կամ «կենդանի դիակը»). դիկտատուրան չի ընդունում օրենքներ, իսկ օրենքները բացառում են դիկտատուրան: Բայց այստեղ կատարելապես բանաձեւված է մեր հասարակության գաղափարական հակասությունը: Մի կողմից բոլորն են ուզում, որ «օտարներին» պատժեն, մյուս կողմից ուզում են, որ «իրենց մարդկանց» չկպնեն: Իսկ նման բան հնարավոր է միայն ինստիտուցիոնալ դարձած երկակի ստանդարտների իրավիճակում, այլ խոսքերով՝ անօրինականության պարագայում: Ընտրողը ձգտում է հենց անօրինականության եւ հենց այդ ապօրինություններն է իրեն խոստացել ընտրություններում հաղթած կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Բայց դա խոստովանելու համարձակություն չունեն ոչ ընտրողները, եւ ոչ էլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կուսակցությունը: Մեզ ցուցադրում են անօրինականության բոլոր բաղադրիչները, բայց, չգիտես ինչու, ամաչում են դրա մասին ուղիղ, առանց մանիպուլյացիաների հայտարարել:

Այդ տարօրինակ երկվությունը՝ «օրենքի» միաժամանակյա ձգտումն ու դրա վանումը հենց այն է, ինչը մեզ ճակատագրական կերպով հեռացնում է քաղաքակրթությունից: Մենք օրենք ենք ուզում, բայց ոչ իրավական պետություն: Մենք ուզում ենք դատաստան՝ առանց դատարանի, մեղադրանքներ՝ առանց համապատասխան իրավական գործընթացների, իրավունքների, բայց ոչ պարտավորությունների հավասարություն:

Եվ քանի դեռ մենք չենք գիտակցել այս հակասությունների արատավոր լինելը, մենք ստիպված ենք վայելել այն ամենն, ինչին ամեն օր ականատես ենք եւ ամեն օր վրդովվել դրանից:
Մեզ հասնում է:

Ս.Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031