Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Քոչինյան․ «Հայաստան» դաշինքի` ՍԴ դիմելու նպատակներից մեկն այդ ուժեղ մարդու՝ «վոյինի» դերը մինչեւ վերջ տանելու միտումն էր»

Հուլիս 18,2021 17:53

Սահմանադրական դատարանի որոշումը մինչ այն հրապարակելը պարզ էր այն պատճառով, որ չկար որեւէ լուրջ ուժային կենտրոն, որը  կունենար բավականաչափ ցանկություն եւ հնարավորություններ ՍԴ-ից այլ որոշում  կորզելու, քան այն, որը կա։

Այս կարծիքին է քաղաքագետ Արեգ Քոչինյանը Սահմանադրական դատարանի երեկվա որոշման մասին։ Երեկ ՍԴ-ն որոշեց հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։

Ընտրության արդյունքները կամ կոնկրետ՝ ԿԸՀ որոշումը  դատարանում վիճարկում էին չորս քաղաքական ուժեր՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Երեկ «Պատիվ ունեմ»-ի՝ ՍԴ-ում ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ այս որոշումն անակնկալ չէր իրենց համար։ «ՍԴ որոշումն իրավական որոշում է, բայց ընդունված քաղաքական ազդեցությամբ»,-ասել էր պարոն  Հարությունյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն էլ ՍԴ որոշման մասին ասել էր․«ՍԴ-ի հանդեպ քաղաքական հետապնդումները պարզ եւ հստակ էին։ Ինը դատավորից ամեն մեկը պատկերացրեց, որ իշխանությանը դեմ գնալիս իրեն կփռեն ասֆալտին, կկտրեն մատները, կլինի վենդետա․․․ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն եւ ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչեց։ Սակայն սրանից իրականությունը չի փոխվում։ Սա քաղաքական հրահանգով որոշում էր»։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն Aravot.am-ի հետ զրույցում ՍԴ որոշման մասին ասաց․ «Նախ՝ ՍԴ դիմելու ի՞նչ նպատակ ունեին այդ երկու ուժերը։ Երկու նպատակ կարող էր աշխատել։ Մի տարբերակը՝ այդ ուժեղ մարդու՝ «վոյինի» դերը մինչեւ վերջ տանելու միտումն էր, թե ինքը մինչեւ վերջ պայքարում է, փորձում է պայքարել եւ այլն։  Ի սկզբանե այդ ուժերը հույս էլ չունեին որեւէ հաջողության հասնել ՍԴ-ում, որովհետեւ ամեն ինչ շատ ակնհայտ էր իրավական տեսանկյունից։ Մյուս տարբերակը  հույսն էր, որ որոշակի ուժային կենտրոններ (նկատի ունի Կրեմլը՝ Ն․Բ․) ՀՀ-ից դուրս անհամաձայնություն կունենան վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հետ, ավելի ճիշտ՝ կպահանջեն որոշակի զիջումներ, որոնց Փաշինյանը չի գնա, եւ այդ զիջումները կորզելու համար կամ շանտաժի կենթարկեն Փաշինյանին՝ ՍԴ-ի վրա  համապատասխան ազդեցության հնարավորությամբ կամ հենց  կպայթեցնեն Հայաստանի ներքաղաքական դաշտը՝ համապատասխան ՍԴ որոշում կորզելով»։

Պարոն Քոչինյանի խոսքով՝  հաշվարկը կա՛մ մեկն էր, կա՛մ մյուսը, կա՛մ  էլ՝ երկուսը  միաժամանակ։ Նրա կարծիքով՝ հանգուցալուծումը երկու տարբերակ ուներ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը գնաց որոշակի զիջումների արտաքին քաղաքական  ոլորտում, կա՛մ աշխարհաքաղաքական դրվածքը փոխվեց՝ հատկապես ԵՄ եւ ԱՄՆ-ի հայտարարությունների եւ ֆինանսական  որոշակի պարտավորությունների ստանձնմամբ։  «Այսինքն, տարածաշրջանում վերջապես ձեւավորվեց աշխարհաքաղաքական որոշակի հավասարակշռություն, եթե դեռեւս չասենք հավասարակշռություն, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն որոշակի ներկայություն սկսեցին ցուցադրել տարածաշրջանում, ինչն իր հերթին Փաշինյանի համար խուսանավելու որոշակի հնարավորություն ստեղծեց։ Թերեւս այս մեծ պատկերը տեսնելով՝ մենք նաեւ հասկանում ենք, որ կամ որոշակի ուժային  կենտրոնների հնարավորությունները նվազեցին ՍԴ-ից իրենց հաճո որոշումը ստանալու կամ դրա կարիքն արդեն դուրս եկավ, որովհետեւ անգամ եթե ներքաղաքական դաշտը պայթեցվեր այս աշխարհաքաղաքական դրվածքով Փաշինյանը հնարավորություն կունենար պահպանելու իշխանությունը։
Այսպիսով կարող ենք ասել ՝  ՍԴ-ի  այս որոշումը պարզ էր այն պատճառով, որ չկար որեւէ լուրջ ուժային կենտրոն, որը կունենար բավականաչափ ցանկություն եւ հնարավորություններ  ՍԴ-ից այլ որոշում  կորզելու, քան այն որը կա, իսկ այն, որը կա, միակ ադեկվատ իրավական որոշումն էր, որովհետեւ բոլորը , ովքեր հետեւել են այս ընտրական գործընթացներին, պարզ տեսել են, որ  որեւէ լուրջ խախտումների, ընտրությունների վրա ազդելու գործընթաց չի եղել»։

Մեր դիտարկմանը, որ ՍԴ-ում, օրինակ, այդ ուժերը ներկայացնում էին Փաշինյանի քարոզչության ժամանակ արած սպառնալիքով լի հայտարարությունները, որոնք կարող էին ճնշում լինել ընտրողների վրա, պարոն Քոչինյանն այսպես արձագանքեց՝ դրանք քաղաքական քննարկումներ էին,  իրավական չէին․«Իսկ քաղաքականն ավարտվեց այնտեղ,  որտեղ աշխարհաքաղաքական դրվածքն արդեն չէր ապահովում ՍԴ-ի չեզոքությունը խախտող հանգամանքները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031