Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ նախկինում հարուցված քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է։ Հերթական դատական նիստը նշանակվել է վաղը՝ հուլիսի 19-ին, դատարանի Գորիսի նստավայրում։ Առաջին նիստը հունիսի 14-ին էր, բայց հետաձգվեց պաշտպաններից մեկի դիմումի հիմքով։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը: Քաջարանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը)։
Բացի Մանվել Փարամազյանից, այս քրգործով կա եւս 4 ամբաստանյալ՝ Լեւոն Համբարձումյան, Խորեն Միրզոյան, Բաբկեն Համբարձումյան եւ Մարատ Ստեփանյան։
Ի դեպ, Բաբկեն Համբարձումյանն ու Լեւոն Համբարձումյանը եղբայրներ են։ Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, բայց Մանվել Փարամազյանը հուլիսի 10-ին երկու ամսով կալանավորվել է։ Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ