Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևականորեն հարուցված քրգո՞րծ․ դատախազի աչքի առջև Գյումրու կանաչ գոտում վեր է հառնում ապօրինի պահեստը

Հուլիս 17,2021 18:08

Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքում «Դոմուս»-ի պահեստի նոր կառուցվող շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօր ականատես եղանք, թե ինչպես է ծանր տեխնիկան աշխատում հենց պահեստի ներսում, մեծ թափով օր առաջ փորձում են ավարտին հասցնել շենքը, գյումրեցիների բնութագրմամբ՝  Գյումրիին ոչ հարիր, «անճոռնի, անֆասոն» կառույցը։

Ներդրողի՝ այս հարցում հապճեպություն ցուցաբերելը գուցե այդքան զարմանալի չթվար, եթե Շիրակի մարզի դատախազությունն այդ նույն «Երիտասարդական» զբոսայգու տարածքի օտարման փաստի առթիվ  ուսումնասիրություններ չաներ ու քրգործ չհարուցեր, ավելին, այդ քրգործը հանրապետության ողջ մամուլով չհրապարակեր։

Տևական ժամանակ է՝ ֆեյսբուքյան տարբեր խմբերում ու նաև մեր անհատական էջում գյումրեցիներից շատերը մեկնաբանություն են գրում՝ իրենց զարմանքը հայտնելով շարունակվող շինաշխատանքների մասին, նրանք նաև հարցնում են՝ մի՞թե ձևական է քրգործի հարուցումը։ Դատելով պահեստի շենքի մանրակրկիտ կատարվող շինաշխատանքներից՝ պիտի ասել, որ գյումրեցիները ուզեն, թե չուզեն կանաչ գոտում պահեստը կառուցվելու է։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է քրգործ հարուցելու իմաստը և ինչո՞ւ Շիրակի մարզի դատախազը հետևողականություն չի ցուցաբերում շինաշխատանքները դադարեցնել տալու․ չէ՞ որ նախաքննություն է ընթանում, ու նա ուղղակիորեն պարտավոր է շինարարությունը կասեցնելու։

Ի դեպ, այս գործով քննչական կոմիտե են հրավիրվել Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, «Ավետաբեր» արձանի քանդակագործ Սամվել Պետրոսյանը, որն իր մոտ պահում է բոլոր արխիվային փաստաթղթերը։

Հարուցված քրգործից տեղեկանում ենք, որ  3.000ք/մ մակերեսով տարածքը կանաչ գոտի է, որը չեն կարող սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց։ Այդուհանդերձ Գյումրու քաղաքապետարանը 2018թ. մարտի 19-ին ուղղակի վաճառքի միջոցով 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին: Երկու օր անց էլ ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում գրանցվել է այդ հողամասի նկատմամբ ավագանու տվյալ անդամի  սեփականության իրավունքը:

Ավագանու անդամն էլ մեկ տարի անց գերշահույթ է ստացել՝ 2019թ. մայիսի 5-ին հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարելով «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո  Գյումրիի համայնքապետարանի կողմից այդ ընկերությանը տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն:

«Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը: Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,-գրված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Ի դեպ, այսօր « Դոմուս»-ի  պահեստի շենքի վրա աշխատող  շինարարները մեզ ասում էին, որ իրենց համար ևս աշխատեղեր են բացվել, պատերազմին մասնակցած գյումրեցիներին որևէ մի կառույցում աշխատանք չեն տալիս, բայց «Դոմուս»-ի  պահեստի շենքի շինարարությունն իրականացնող ընկերությունը նրանց անմիջապես աշխատանքի է ընդունել։ Նրանք նաև շեշտում են, որ «Դոմուս»-ը բավական մեծ աշխատատեղեր կստեղծի գյումրեցիների համար։

Նկատենք, որ Գյումրիում կատարվող յուրաքանչյուր ներդրում մեծ ցնծությամբ է ընդունվել գյումրեցիների կողմից, սակայն այս պահին նման հարցերի շոշափմամբ պետք չէ կեղծ օրակարգ ստեղծել, խոսքը վերաբերում է գյումրեցիների ձեռքից՝ առանց գյումրեցիների կարծիքը լսելու կանաչ տարածքը խլելուն։

Եվ սա այն դեպքում, երբ անընդմեջ ականատես ենք լինում, թե ինչպես են մայրաքաղաքն ապօրինի շինություններից ազատում։ Ստացվում է, որ մայրաքաղաքում չի կարելի, իսկ 126 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գյումրիում ամեն ապօրինություն կարելի է։

Իսկ ի՞նչն է խանգարում Շիրակի մարզի իրավապահներին Գյումրու կոլորիտային տեսքը փրկելը, զբոսայգին քաղաքի բնակիչներին վերադարձնելը, հատկապես որ այնտեղ ոչ թե պահեստ,այլ սրճարան կառուցելու համաձայնություն է եղել։

Ի դեպ, համառորեն լուրեր են պտտվում, որ այս շինարարության հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներից մեկը, որն էլ զայրացնում է այդ այգում տեղադրված «Ավետաբեր» արձանի հեղինակ Սամվել Պետրոսյանին։

Վերջինս զարմանում է, որ հեղափոխություն իրականացրած երիտասարդները  իշխանության գալով՝ «Երիտասարդական» զբոսայգին են ոչնչացնում։ Նա կանաչ գոտին պահեստի վերածելը համարում է հանցագործություն՝ նշելով, որ զբոսայգիները տվյալ քաղաքի թոքերն են։

Քանդակագործ Սամվել Պետրոսյանի հետ հարցազրույցն` ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031