Այսօր Երեւանում «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք». համաժողովի ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց. «Եթե ավելի վաղ 10 արտագաղթողից 1-ը չէր վերադառնում Հայաստան, ապա այժմ՝ 3-ից 1-ը: Վերարտադրողական տարիքի աղջիկների թիվը նվազել է 40 տոկոսով: Մինչեւ տարեվերջ 240 հազար մարդ կարող է լքել Հայաստանը»:
Քննարկման մեկ այլ մասնակից՝ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը նկատեց, որ հունիսի 20-ի ԱԺ ընտրությունից հետո Հայաստանի քաղաքացիների քաղաքական օտարվածությունը աճել է: Շատերի համար միևնույն է, թե ով կընտրվի, երբ կընտրվի: Իսկ այս վիճակը հաջորդ քայլը արտագաղթն է: Սոցիոլոգի խոսքով, ընտրությունից հետո մոտ 80 հազար մարդ է արտագաղթել, մինչեւ տարեվերջ կարտագաղթի 150-200 հազար մարդ. «Սա վնասված հասարակության ամենակարեւոր ախտանիշներից մեկն է»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության որոշ ցուցանիշներ. 2021 թվականի հունվար-մայիսին գրանցվել է 4,3 տոկոս աճ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,3 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14,3 տոկոսով, ներքին առևտուրն աճել է 7,4 տոկոսով, արտաքին առեւտուրը՝ 11,6 տոկոսով, արտահանումը՝ 20,8 տոկոսով, ներմուծումը՝ 6,8 տոկոսով, սպասարկման ոլորտը գրանցել է 0,9 տոկոս անկում, համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, նվազել է 3,3 տոկոսով: Ըստ Մանասերյանի, 2021 թվականին լավագույն դեպքում կարող ենք ունենալ 6,5-7 տոկոս տնտեսական աճ: Իսկ եթե պայմանները բարենպաստ չլինեն՝ 4-5 տոկոս աճ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ