Սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի դիտարկմամբ, արդի Հայաստանի ներքին իրավիճակի հիմնական առանձնահատկությունը դրա անկայունությունն է, որը պայմանավորված է չորս հիմնական գործոններով․ «Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև առկա է անհաղթահարելի անջրպետ, որն ըստ ընդդիմադիր ուժերի հայտարարությունների և նախընտրական ծրագրային դրույթների, բացառում է որևէ համագործակցություն: Հայաստանի և նրա անվտանգության, ըստ էության, միակ երաշխավորի՝ Ռուսաստանի քաղաքական վերնախավերի միջև շարունակվող անվստահությունը։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ընկալում են երկրի սուվերենության ցածր մակարդակը, սակայն նրանց նշանակալի մասի, փաստացի գործողությունները մեծացնում են անվստահությունը Հայաստանի և Ռուսաստանի վերնախավերի միջև։ Հայկական բանակի վերականգնումը ժամանակին համահունչ և իր դաշնակցային պարտավորությունների իրականացման համար բավարար հզորությամբ, լավագույն դեպքում պահանջում է առնվազն երկու-երեք տարի»։
Հայաստանի խորհրդարանական ուժերի նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների համեմատական վերլուծությունը սոցիոլոգը ներկայացրեց այսօր՝ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» համաժողովի ժամանակ:
Հետազոտության նպատակն է՝ նախնական պատկերացում կազմել ներկայիս ներքաղաքական բարդ իրավիճակում, մոտակա մեկ-մեկուկես տարիների ընթացքում, հայաստանյան հիմնական քաղաքական ուժերի ռազմավարական նպատակների իրականացվելիության, ինչպես նաև հայաստանյան հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Դիտարկելով խորհրդարանական ուժերի ծրագրային դիրքորոշումներն արտաքին քաղաքականության դրույթները, սոցիոլոգն արձանագրում է. «Ներկայումս արդեն չի վիճարկվում, որ Հայաստանն ունակ չէ ինքնուրույն՝ առանց որևէ գերտերության հովանավորության, ապահովել իր անվտանգությունը թուրք-ադրբեջանական վտանգից և, միաժամանակ ակնհայտ է, որ մոտակա տարիների ընթացքում ՌԴ-ն, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և, հետևաբար, արտաքին կողմնորոշման առաջին գերակայություն՝ այլընտրանք չունի։ Այս փաստն արտացոլված է խորհրդարանական երեք ուժերի ծրագրերում»։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, կուսակցությունների ծրագրերում երկրների և միջազգային կազմակերպությունների միջև գերակայությունների բաշխման հարցում, սոցիոլոգը արձանագրել է էական տարբերություններ. «Քաղաքացիական պայմանագրի համար արտաքին քաղաքական երկրորդ գերակայությունը ԱՄՆ-ն է։ Նրան հետևում են ԵՄ-ն և ԵՄ երկրները, որոնց շարքում առանձնահատուկ նշվում է Ֆրանսիան։ Ընդ որում, կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ հետ հարաբերությունները բարձրացվելու են «ռազմավարական երկխոսության մակարդակի»։ Այդ կոնտեքստում, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական փաստաթղթերում ՌԴ-ն սահմանել է որպես թշնամի պետություն, պետք է ենթադրել, որ Հայաստանի և իր անվտանգության հիմնական երաշխավորի՝ ՌԴ-ի վերնախավերի միջև առկա անվստահությունը շարունակվելու և, հավանաբար, խորանալու է։ Քաղաքացիական պայմանագրի արտաքին կողմնորոշումն է Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ։ Այդ ռազմավարական մոտեցումը կերկարաձգի հայաստանյան ոչ միայն ներքին, այլև արտաքին անկայուն իրավիճակը՝ լրջորեն դժվարացնելով իշխանության նախընտրական ծրագրի իրականացվելիության մակարդակը։ Այդ պրոցեսը որոշ չափով կարող է կոմպենսացվել գործադիր իշխանությունում համապատասխան կադրային նշանակումներով»։
Ըստ հետազոտության, «Հայաստան» դաշինքի արտաքին քաղաքականության առաջին գերակայությունը ՌԴ-ն է, երկրորդ և երրորդ գերակայությունները Հայաստանի հարևաններն են՝ Վրաստանը և Իրանը։ Չորրորդը Չինաստանն է, որին հետևում են միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները միավորված են մեկ խմբում և ունեն բավական ցածր՝ 6-րդ գերակայությունը. «Հայաստան» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարևանները և Չինաստանը»։
«Պատիվ ունեմ» դաշինքի արտաքին քաղաքական երկրորդ գերակայություն է Ռուսաստանի Դաշնության գլխավորած տարածաշրջանային կառույցները՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն։ Երրորդ և չորրորդ գերակայություններն են՝ Վրաստանը և Իրանը։ Չորրորդ տեղում է ԵՄ-ն, իսկ 5-րդում՝ ԱՄՆ-ն։ Չինաստանն ունի 6-րդ գերակայությունը։ Իրանի հետ հարաբերությունները լրացված են երկու ձևաչափով՝ Հայաստան-Իրան-Հունաստան և Հայաստան-Իրան-ՌԴ։ ԵՄ հետ հարաբերություններում դաշինքի դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է «հենված լինեն ընդհանուր արժեքների վրա»՝ «հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները». «Պատիվ ունեմ» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարևանները և Եվրոպան։
Արցախի հարցում երեք ուժերի մոտեցումները համանման են և ներառում են՝ ՌԴ խաղաղապահների երկարատև ներկայություն, բանակցությունների վերսկսում Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի տարածքի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացում։ ՔՊ-ի մոտեցման առանձնահատկությունն, ըստ բանախոսի, այն է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Կուսակցությունը սահմանում է, որ Հայաստանի առաջնահերթություն է այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձը։ «Հայաստան» դաշինքը նույնպես շեշտում է «ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնումը», սակայն դաշինքը «Արցախի տարածք» հասկացությունը չի կոնկրետացնում։ «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ Արցախում ՌԴ խաղաղապահները պետք է ստանան ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակ։ Բացի դրանից՝ «Արցախին պետք է վերադարձվեն Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները»,- ասաց Սամվել Մանուկյանը։
Տարածաշրջանային համագործակցություն առումով էլ սոցիոլոգն արձանագրել է, որ բոլոր երեք ուժերն ընդունում են 2021 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում սահմանված այն դրույթը, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիները պետք է ապաշրջափակվեն. «Ակնհայտ է, որ այդ դրույթի առավել խնդրահարույց տարրերից է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Այս տեսակետից երեք ուժերն ունեն տարբերվող դիրքորոշումներ. ըստ ՔՊ-ի՝ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»։«Հայաստան» դաշինքը հայտարարում է «առանձնահատուկ կերպով հետամուտ ենք լինելու Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի կարգավիճակից բխող իրավունքների իրացմանը»։Իսկ, «Պատիվ ունեմ» դաշինքը համարում է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գործողությունները որևէ լավատեսության տեղիք չեն տալիս, սակայն «պետք է մշակվի և իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը:»
Տնտեսության ոլորտում սոցիոլոգն առավել կարևոր է համարում անդրադառնալ իշխանական նախընտրական ծրագրին. «Այն կառուցված է յուրաքանչյուր ոլորտում՝ «ինչ ենք արել և ինչ ենք անելու» ձևաչափով։ «Ինչ ենք արել» հատվածում առկա են բազմաթիվ թվային ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը։ Մասնավորապես, 2019 թ.-ին ՀՆԱ աճը կազմել է 7.6%։ 2019 թ.-ին 2017 թ. համեմատ բյուջետային ծախսերը 6.8%, այդ թվում, պաշտպանության ոլորտում՝ 7.1%, առողջապահության ոլորտում՝ 19.3%, կրթության ոլորտում՝ 3.9%, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 11.0%, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում՝ 28.8%։ Ծրագրում առկա են IT ոլորտի, փոքր բիզնեսի ոլորտի գործունեության պայմանների բարելավման, սոցիալական ոլորտում կոնկրետ բարելավումների վերաբերյալ տպավորիչ թվային տվյալներ»։
«Կուսակցությունների նախընտրական ծրագրերի մնացած հատվածներն ունեն այդ նպատակի համար համարյա բոլոր կուսակցությունների կողմից արդեն մոտ երկու տասնամյակ որպես շաբլոն հանդիսացող կառուցվածքը։ Ներառված են պետական կառավարման, տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվում պատերազմի հետևանքների վերացմանը, ժամանակակից բանակի կազմավորմանը, պետական կառավարման ապարատի վերակազմավորմանը և արդյունավետության բարձրացմանը, գործազրկությանը, աղքատությանը, սփյուռքի ներուժի համախմբմանը և այլն»,-ասաց բանախոսը։
Սամվել Մանուկյանը ուշագրավ դիտարկում է անում. «Սպասվող կոնֆլիկտային քաղաքական զարգացումներում հանգուցային նշանակություն ունի ոչ այնքան արձանագրված հաջողությունները, որքան բնակչության սոցիալական վիճակն այսօր և մոտակա ժամանակահատվածում։ Դրական զարգացումները նշանակալիորեն կբարձրացնեն իշխանության, իսկ բացասական զարգացումները՝ ընդդիմության հանրային հաղորդակցության արդյունավետությունը»։ Ներկայիս վիճակի դրա հավանական միտումները հետեւյալն են.
-2021 մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նշանակալիորեն աճել են հիմնական սննդամթերքի գները, այդ թվում՝ շաքարը՝ 43.3%, ձուն՝ 46.1%, բրինձը 10.9%, կաթնամթերքը՝ 11.5%, կարագը՝ 9.6%, խոզի միսը՝ 22.9%, ձուկը՝ 15.9%, յուղերն ու ճարպերը՝ 33.4%։ Սպառողական գներն աճել են 10.9%-ով։
-Գործազրկության մակարդակը մնում է շատ բարձր՝ 18%-ի մոտակայքում և, սեզոնայնության հաշվառմամբ, ըստ էության չի փոխվում։
-Չնայած 2017-2019 թթ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության մակարդակը 47.5%-ից նվազել է մինչև 43.8%, այդուհանդերձ այդ ցուցանիշը շատ բարձր է, իսկ նշված թանկացումներից հետո այն վստահաբար աճել է։
-Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ աճը 2021 և 2022 թթ․ համար կանխատեսել է համապատասխանաբար 3.1% և 4.3%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը, համապատասխանաբար՝ 1% և 3.5%: Նշենք, որ հասարակության լայն շրջանակները ՀՆԱ մինչև 5% աճի ազդեցությունը չեն զգում։
– Օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 2020 հուլիսից հետո ընդունել են բացասական արժեքներ՝ երրորդ եռամսյակում՝ -10.3$ և -2.7$ միլիոն դոլար համապատասխանաբար։
– Սրընթաց վատթարանում է գյուղատնտեսության ընդհանուր վիճակը։ Վերջին 5 տարիներին արագորեն նվազել են հիմնական մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները, բերքատվությունը և համախառն բերքը, այդ թվում՝ հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի, պտուղների, բոստանային, կերային և տեխնիկական մշակաբույսերի։ Բոլոր նշված ցուցանիշների կրճատումը գտնվում է 25-70% միջակայքում։
«Հետևաբար, պետք է սպասել պարենի հիմնական տեսակների հետագա գնաճ»,- արձանագրում է սոցիոլոգը`հավելելով` մյուս կողմից, ԵՄ-ն պատրաստվում է մոտակա հինգ տարիների ընթացքում, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանին տրամադրել 1.6 միլիարդ եվրո աջակցություն։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանին նույն ծրագրով կտրվի 3.9 միլիարդ եվրո։ «Դիտարկված կոնտեքստներում տեղին է պատմական անալոգիան հարևան Վրաստանի հետ։ 2008 թ. վրաց-օսական պատերազմից հետո, երբ Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, երկու ամիս անց՝ հոկտեմբերի 23-ին, Բրյուսելում տեղի ունեցավ դոնորների կոնֆերանս, որը 4.5 միլիարդ դոլար օգնություն հատկացրեց Վրաստանին։ Դոնորներն էին՝ Համաշխարհային Բանկը՝ $530 միլիոն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը՝ $927 միլիոն, Ասիական Զարգացման Բանկը՝ $300 միլիոն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան՝ $350 միլիոն, Եվրոպական Ինվեստիցիոն Բանկը՝ $330 միլիոն, ԱՄՆ՝ $1 միլիարդ, ԵՄ՝ $638 միլիոն, ԵՄ անդամ պետություններ՝ $174 միլիոն, Ճապոնիան՝ $200 միլիոն, ևս մի քանի երկիր՝ $88 միլիոն։ Այդուհանդերձ՝ պատերազմից 4 տարի անց՝ 2012 թ. հոկտեմբերին, Սահակաշվիլիի կուսակցությունը պարտվեց պառլամենտական ընտրություններում, իսկ 2013 թ. նախագահական ընտրություններից երկու օր անց՝ Սահակաշվիլին գիշերը գաղտնի մեկնեց Բրյուսել։ Սահակաշվիլիի քաղաքական պարտության երեք հիմնական գործոններն էին՝ բնակչության տնտեսական վիճակի շարունակական վատթարացումը, բարեփոխումների ընթացքում զանգվածային կադրային զտումների հետևանքով հոծ դժգոհ շերտի առաջացումը և միանձնյա տոտալիտար կառավարման ոճը»,- ասաց սոցիոլոգը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ