Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներսից ի՞նչ վնաս կարող են հասցնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին` իշխանության հետ սերտ համագործակցության մասին հայտարարած հակառուսական ուժերը. Արամ Սաֆարյան

Հուլիս 17,2021 15:33

«Հայաստանի քաղաքական վերնախավին զսպվածության և իմաստության կոչ ենք անում, որպեսզի տաշտակից դուրս չնետենք մանկանը` կեղտոտ ջրի հետ միասին»,-այսօր «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» համաժողովի ժամանակ ասաց ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` հավելելով, որ իշխանությունն ականջալուր է եղել հասարակության պահանջին և աշխատում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ապահովելու ուղղությամբ եւ հուլիսի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել տնտեսական փոխգործակցության նոր ծրագիր:

Այժմ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի համագործակցության հնարավորությունները՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղագործություն և քիմիական արդյունաբերություն ոլորտներում:

Վերլուծաբանի գնահատմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր հասարակությունն ուզում է իմաստավորել սոցիալ-քաղաքական իրավիճակը. «Հայաստանի ողջ քաղաքական և հասարակական վերնախավը, մեր հասարակության ակտիվ մասը հարց է տալիս՝ ի՞նչ ուղղությամբ է ծավալվելու քաղաքական գործընթացը մեր երկրում: Ո՞ւր է տանելու Հայաստանը խորհրդարանական մեծամասնության իշխանությունը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հույս ունենալ, որ կհաղթեն քաղաքացիական համերաշխությունը, հասարակական միասնությունը և հանդուրժողականության մթնոլորտը: Թե՞ մեր երկիրը այսուհետև էլ շարունակելու է գլորվել թշնամանքի և պառակտման անդունդ, զբաղվել ինքնաոչնչացմամբ և դրական եռանդը անիմաստ մսխելով և դրանով դառնալով ավելի անզեն թշնամի-հարևանների առջև: Ինչպե՞ս է զարգանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Արդյոք լինելո՞ւ է այն հայաստանյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Ի՞նչ է պատահելու ազգային տնտեսությանը, եթե վերագործարկվեն բոլոր տրանսպորտային մայրուղիները Հարավային Կովկասում: Կարո՞ղ են արդյոք ձևավորվող ադապտացիոն գործընթացներն ապահովել մեր տնտեսական զարգացման կայունությունը ակտիվորեն ընթացող տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համապատկերում»:

Ըստ Արամ Սաֆարյանի, ներքաղաքական դիսկուրսի կարևորագույն հարցերից մեկը վերջին կես տարում, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համակողմանի զարգացման, խորացման և ամրապնդման հարցն է: «Խորհրդարան անցած բոլոր երեք քաղաքական կուսակցությունները գերազանց պատկերացնում են այդ ռազմավարական դաշինքի և գործընկերային փոխգործակցության կարևորությունը: Նախընտրական շրջանում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բոլորն էլ պատրաստ են ջանքեր գործադրելու այս ոլորտում»,- ասաց բանախոսը` հարցադրումներ հնչեցնելով` ինչպիսի՞ն կլինի արմատապես թարմացվող դաշինքը Ռուսաստանի հետ, ի՞նչ ձևեր է այն ընդունելու, ի՞նչ պետք է անի Հայաստանի քաղաքական իշխանությունը երկրի ինքնիշխանությունն ապահովելու և փխրուն անվտանգությունը ամրապնդելու համար:

Ըստ Արամ Սաֆարյանի, մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին. «Նրանք կողմ են, որ ռուսական զինված ուժերը մասնակցեն մեր սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հայկական զինված ուժերի արդիականացման և վերազինման գործընթացին: Մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել Ռուսաստանին և խնդրում է նրա ղեկավարությանը հնարավոր համակողմանի օգնություն ցույց տալ մեր ռազմագերիների վերադարձման հարցում: Մեր վերնախավերը պետք է հասկանան, որ չի լինելու հանգստություն և կայունություն մեր քաղաքական համակարգում, քանի դեռ մեր ռազմագերի-զինվորները չեն վերադարձել տուն: Մենք շատ լավ հասականում ենք, որ միայն Ռուսաստանն է ի վիճակի արժանապատվորեն իրականացրել միջնորդի առաքելությունը և օգնել մեզ այդ ազնիվ գործում: Մի քանի օր առաջ Հայաստան է ժամանել ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը: Սա շատ լավ նորություն է և վկայում է, որ մեր երկրի իշխանությունները ցանկանում են սկսել զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթացը, չսպասելով նոր կառավարության վերականգնմանը և VIII գումարման Ազգային ժողովի լիարժեք գործունեությանը»:

Բանախոսը նաեւ փաստում է` 2021-ի անցած ամիսները ցույց տվեցին, որ 2020թ. կորոնավիրուսի ավերիչ համավարակից հետո մենք դանդաղ և զգուշորեն փորձում ենք դուրս գալ զարգացման և տնտեսական աճի մայրուղի. «Շատ կարևոր է, որպեսզի երկրում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, գաղափարերի և դիրքորոշումների բախումը չվնասեն երկրի կայունությանը և տնտեսական վիճակին: Չի կարող այնպես լինել, որ քաղաքական կյանքը զարգանա իր օրենքներով մեկուսի, իսկ տնտեսական գործընթացները ծավալվեն առանձին: Մեր փոքր երկրում այս ամենը չափազանց փոխկապակցված է»:

Արամ Սաֆարյանի հաջորդ արձանագրումը հետեւյալն է. «Հայաստանում շատերն են հասկանում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ճեղք է տվել: Այժմ, ստեղծված նոր իրողություններում ժամանակակից աշխարհի առաջատար ուժային կենտրոնները փորձելու են նորովի քաշել Հայաստանը իրենց կողմ և նոր պայմաններում պայքարել իրար դեմ հայ հասարակության վրա ազդեցության համար: Մենք կոչ ենք անում հայ քաղաքական ու հասարակական գործիչներին չվերածել քաղաքական երկխոսությունը կողմնորոշումների պատերազմի և չվերածել Հայաստանը արյունահեղ, ինքնաոչնչացնող պայքարի թատերաբեմի: Մենք բացարձակապես համոզված ենք, որ այս նոր դժվարին իրավիճակում պետք է դրսևորվեն մեր ժողովրդի լավագույն որակները: Այդ ամենը պետք է ծառայի մեր երկրի ամրապնդմանն ու ուժեղացմանը: Մենք ուզում ենք ճիշտ հասկացված լինել: Մենք դեմ չենք երկխոսությանը, թեժ վեճերին, խորաթափանց քննարկումներին, գաղափարների պայքարին և տարբեր կարծիքներին: Մենք դեմ ենք, որ մեր սեփական ձեռքերով թուլացնենք, զինաթափ անենք հայ ազգը, հայկական քաղաքական ուժերը դարձնենք խաղալիք օտար ձեռքերում, Հայաստանը թողնենք միայնակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ-հանդիման, ոչնչացնենք և ճնշենք մեր ազգային խորքային դիմադրության վերջին օջախները»:

Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի, հայկական սփյուռքի գործնական շահագրգիռ մասնակցության և աշխարհի առաջատար երկրներում մեր բարեկամների օգնությամբ մենք վերջապես կկարողանանք դուրս գալ շարունակական կայուն աճի ու զարգացման ուղի, նվազագույնի հասցնել մեր երկրի ապաբնակեցումը և արժանապատվորեն ներկայացնել մեր փոքրիկ հայրենիքը միջազգային գործերում:

Բանախոսն արձանագրում է` Հայաստանի մեկնարկային պայմանները այսօր շատ ավելի բարդ են, քան շատ տարիներ առաջ. «Նախկին դեղատոմսերը չեն աշխատելու: Մեր հասարակության մեջ այլևս ոչ ոք չի հավատում պաթետիկ ճառերին և սրտաճմլիկ քարոզչությանը: Այդ պատճառով էլ մենք հայ ինտելեկտուալներին կոչ ենք անում չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից: Մենք փնտրում ենք ազնիվ ու կարգին մարդկանց, եռանդուն կազմակերպիչների, առաջնորդների հատկություններով հայրենասերների, որպեսզի օգնենք նրանց մուտք գործելու քաղաքական գործընթաց, օգնենք հայրենիքին և հնարավորություն տանք առավելագույնս բավարարելու իրենց քաղաքական նկրտումերին: Մենք կարծում ենք, որ արդեն այսօր հարկ է աշխատել, որպեսզի վաղվա Հայաստանի ակտիվ քաղաքական գործիչները շարունակեն երկրի քաղաքական գիծը, որն ապահովում է կայունություն, անվտանգություն և զարգացում: Մեզ համար մեծ ճոխություն է կրավորական կեցվածքով հետևել, թե ինչպես է խորանում ճեղքվածքը սերունդների մտածելակերպի և մոտեցումների միջև»:

Արամ Սաֆարյանը ևս մեկ դիտարկում արեց. «Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ խորհրդարան չանցան ռուսամետ գաղափարախոսությամբ փոքր կուսակցությունները: Հետաքրքիր է նաև, թե որքա՞ն է օրինաչափ հակառուսական հռետորաբանությամբ առաջ շարժվող քաղաքական ուժերի խորհրդարան չմտնելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուժերի մեծ մասը այժմ հայտարարել է իշխանության հետ սերտ համագործակցության մասին, հարկ է հասկանալ, թե ի՞նչ վնաս ներսից նրանք կարող են հասցնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին: Եվ վերջապես, պետք է փորձել հասկանալ, թե ինչու՞ հնարավոր դարձավ այնպիսի վիճակ, երբ հակառուսական քարոզչության արդյունքում ռուսական կողմնորոշման կրողների թիվն այսօր պատմական մինիմումի վրա է վերջին երեսուն տարվա ընթացքում: Մենք հարց ունենք իշխանություններին. ինչպե՞ս են մտադիր նրանք առաջ մղել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի արդիականացման գործը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031