Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել է հայերին պատկանող գույքը, մարդկային զոհեր չկան

Հուլիս 17,2021 14:59

Հորդառատ անձրևից ու գետերի հունից դուրս գալուց տուժվել է ոչ միայն Գերմանիան ու Բելգիան, որտեղ զոհերի թիվը հարյուրների է հասնում, այլ նաև Նիդերլանդների Լիմբուրգի մարզը:

Առաջին օրը մասնավոր անհատներ, ընկերություններ և հաստատություններ զանգվածաբար արձագանքեցին ջրհեղեղի աղետից տուժած Հարավային Լիմբուրգի շրջաններին աջակցելու կոչին: 24 ժամվա ընթացքում Աղետի ազգային հիմնադրամին նվիրաբերվեց ավելի քան 780,000 եվրո: Դրամական զգալի հոսք կլինի առաջիկա մի քանի օրերին:

Ավելի քան 20,000 անհատ նվիրատուներ օգնություն են ցուցաբերել: Անցած գիշեր ահռելի հետաքրքրության պատճառով նույնիսկ որոշ ժամանակ giro777.nl կայքը խափանվեց: Ազգային հիմնադրամի դրամահավաքի արշավը կազմակերպել է Ազգային աղետի ֆոնդը: Դա կօգնի աղետից հետո վերականգնողական աշխատանքներում: Ապահովագրողները կփոխհատուցեն վնասի մի մասը, իր հերթին կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է իր կարևոր դերն ունենալ օգնության գործում: Հիմնադրամը հայտնում է նաև, որ «կան նաև այլ կարիքներ, որոնց համար փոխհատուցումները չեն ծածկվում այլ աղբյուրներից»:

Հիշեցնենք, որ Լիմբուրգի մարզում բավական հայեր են բնակվում: Մաստրիխտում է գտնվում «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցին, այստեղ է գործում «Անի» հայ համայնքը: Ամենից շատ տուժվել են Բունդե, Մեերսսեն, Հեխում, Բորգհարեն, Ռուրմոնդ , Վալկենբուրգ քաղաքները, որտեղ նաև հայ ընտանիքներ են բնակվում:

«Նիդերլանդական օրագրի» հետ զրույցում «Անի» հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վարչության անդամ Լևոն Սարգիսը տեղեկացրեց, որ բարեբախտաբար հայ ընտանիքների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Առավել շատ վնաս է կրել մոտավորապես 10 հայ ընտանիք, մյուսները տարհանվել են ապահով վայրեր:

Ամբողջովին ջրատակ է եղել հայ գործարարին պատկանող մի ռեստորան: Մաստրիխտ քաղաքում հեղեղվել է երկու թաղամաս, ոստիկանական ուժերն ու բանակը օգնում, կարգուկանոն են հաստատում քաղաքում: Հայ համայնքին պատկանող գույքին բնական աղետը վնաս չի հասցրել: Մաստրիխտի քաղաքապետարանը օգնության խնդրանքով դիմել է նաև հայ համայնքին: Անհրաժեշտության դեպքում Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին կծառայի տարհանված տարեց քաղաքացիների օթևան:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Լևոն Սարգիսը շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների ու սփյուռքի այն համայնքներին, որոնք անհանգստացած իրավիճակով իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում Լիմբուրգի իրենց հայրենակիցներին:

 

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031