Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար». Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը

Հուլիս 17,2021 14:43

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի տրամադրման որոշումը և նշել, որ այն նոր խթան կհանդիսանա մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ակտիվ իրագործմանը, ինչպես նաև տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը ԵՄ գործընկերների հետ աշխատում է նախատեսվող ծրագրերի օրակարգի մշակման և դրանք արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և վերահաստատել այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ  ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին: ԵԽ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի օժանդակության փաթեթն ուղղված է խորքային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը: Նա նկատել է, որ փաթեթով նախատեսվող միջոցառումների շրջանակի իրականացման ուղղությամբ Հայաստանն ունի լայն ներուժ և ԵՄ-ն պատրաստ է նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: «ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար»,- ասել է Շառլ Միշելը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարությունը, դրանով նախանշված սկզբունքները, որոնց շրջանակում էլ պետք է տեղի ունենա հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Զրուցակիցները կարևորել են բանակցությունների հնարավորինս արագ վերականգնումն ու հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատումը:

Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը և հավելել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ բազմաթիվ հայկական մշակութային կոթողներ ոչնչացրել ու ձևախեղել  է:

Այս համատեքստում, Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ դերակատարությունը և հետևողական աշխատանքը:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերվող մեծ և շարունակական ուշադրության համար:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031