«Ցանկանում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ Եվրամիությունն աջակցում է եւ պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին։ Մենք ոգեշնչել ենք ՄԽ-ին՝ շարունակելու իր աշխատանքները։ Մի քանի թեմաներ կան, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն բերվի այս տարածաշրջանին, եւ կարողանանք լուրջ հիմնախնդիրներ լուծել»,-այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Առաջինը չափավոր հռետորաբանությունն է, պետք է փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։ Եվրամիությունը գերիների, ականապատ քարտեզների հետ կապված խոսել է։ Հաջորդիվ սահմանազատումն է։ Հուսանք՝ սա էլ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության միջոցով։ Կարծում ենք՝ օգտակար կլինի վիճելի տարածքներից երկու կողմերի ԶՈՒ նահանջը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել։ Մեր կարծիքով՝ տրանսպորտային ոլորտի հնարավոր համագործակցությունը եւս պետք է քննարկել՝ նպաստելու համար տնտեսական աճին։ Եվ վերջում, որպես ընդհանուր կետ, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունները եւս պետք է հնարավոր լինեն արծարծել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ