«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, շատերն ասում են՝ վատ մարդ չեք, լավ, ընկերասեր ոստիկան եք եղել։ Դա բավարար չէ։ Այն, ինչ անում եք այսօր, թույլ, ոչ պետական մարդու վարքագիծ է։ Ձեզ սրանով են գնահատելու»,- «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության կազմակերպած՝ «Հայաստանի քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ» այսօր հայտարարեց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքով պատգամավոր ընտրված Աղվան Վարդանյանը։
Նա նշեց․ «Ձեզ նախորդածների մեջ եղել է բացառիկ պետականամետ մեկը։ Հիշեք նրան ու փորձեք ձեզ ձիգ պահել, եւ սա փոխանցեք նաեւ ձեր տեղակալներին»։ Այնուհետեւ Աղվան Վարդանյանը դիմեց ԱԱԾ-ին․ «ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, ձեր պարտքն է՝ տարբերել ներքին թշնամուն դրսի թշնամուց, սատանաներին՝ քաղաքացիներից, պետությունը՝ մեկ անձի տնամերձից։ Դուք շատ բան գիտեք։ Վստահ եմ՝ դուք էլ գիտեք, որ չկա գաղտնիք, որ բացահայտ չդառնա։ Հիշեք՝ նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին․-խմբ․) ձեր ծառայությունները չի գնահատելու, հիշեք ձեր նախորդներին։ Ժամը եկավ՝ պատասխանը դուք եք տալու»։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին էլ Աղվան Վարդանյանն ասելիք չուներ, միայն խորհուրդ տվեց Վարդան Այգեկցու առակները կարդալ․ «Հիշեք, որ ձեզ գաղտնալսում են»։ Ապա Աղվան Վարդանյանը դիմեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին․ «Վսեմաշուք, մշտամեծ, ամենանոր պարոն Գագիկ Ջհանգիրյան, մի մոռացեք, որ կյանքը ցիկլերով է ընթանում։ Անուրանալի են ձեր ծառայությունները Հայաստանի ընտրական համակարգի ալյասերման գործում։ Այն, ինչ ձեռքերով, գումարած մեկ հոգու, արվել է սահմանադրական դատարանի հետ, այն, ինչ անում եք այսօր դատական համակարգում, անսահման փառաբանության է արժանանալու՝ բայց հակառակ նշանով։ Իսկ ԲԴԽ նախագահի աթոռը զավթելու ձեր օրինակարգությունն ուղղակի ցնցող է։ Սրանք պետականաքանդման լավագույն օրինակներ են։ Ձեր կյանքի բոլոր փուլերը, բոլոր մանրամասներով, հիշվելու են, առողջություն եմ մաղթում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այդ «փիլիսոփայական» զեղումները սազում են ձեր նախարար եղած ժամանակներին, երևի հոդվածը ուշ ե՞ն տպագրել: Մարդկանց մի զանգված հիշողության կորստով է տառապում, կամ էլ մտածում են, որ «ժեխն» է իսպառ կորցրել հիշողությունը: